Պետական գույքի կառավարման վարչությունը երեկ հայտարարություն է տարածել մամուլի շենքին առնչվող որոշ «ոչ հավաստի լուրերի» վերաբերյալ, հերքել դրանք ու վերահաստատել իր դիրքորոշումը:
Ըստ պետգույքի կառավարման վարչության, այս տարվա մայիսին լրացել է պետական սեփականություն հանդիսացող մամուլի շենքում անհատույց եւ վարձակալական հիմունքներով տարածք զբաղեցնող կազմակերպությունների պայմանագրերի մեծ մասի ժամկետը: Այդ կապակցությամբ վարչությունում քննարկվել են պայմանագրերի վերակնքման սկզբունքները, միաժամանակ ուսումնասիրություն է կատարվել, թե ովքեր են պետական սեփականության հատկապես անհատույց օգտագործողները, ինչքանո՞վ են կապված զանգվածային լրատվամիջոցների դաշտին: Պարզվել է, որ շենքում եղել են դեպքեր, երբ անհատույց օգտագործողները իրենց կողմից տնօրինվող տարածքները եկամտի աղբյուր են դարձրել եւ շուկայական գներով վարձակալության տալովՙ գումարներ վաստակել: Նշվում է, որ նույն խնդիրները կան նաեւ Իսահակյան 28 շենքում:
«Նման իրավիճակում ակնհայտ է, թե ովքեր եւ ինչու են շրջանառության մեջ դնում լուրը, թե իբր մամուլի տանը «նեղում են լրատվամիջոցներին»: Ի դեպ, նույն աղբյուրներից են ծնվում նաեւ մամուլի շենքը մասնավորեցնելու մասին ստահոդ լուրերը, որոնք նույնպես պարբերաբար հերքվում են վարչության կողմից», ասվում է հայտարարության մեջ եւ ընդգծվում, որ շենքում տեղակայված գործող լրատվամիջոցներն անհանգստանալու որեւէ հիմք չունեն` նրանք կշարունակեն մնալ անհատույց օգտագործողներ: Մյուսներին առաջարկվելու են վարձակալության տարբերակներ:
Ա. Մ.