«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ԻՍԼԱՄԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԹՈՒՐՔ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻՆ

Իսլամի եւ թուրքական ազգային ինքնության դեմ կատարած վիրավորական արտահայտությունների համար հետապնդվող թուրք մտավորականների թիվը ավելանում է: Ստամբուլից «Նյու Յորք թայմսի» հաղորդմամբՙ այս անգամ թիրախ է դարձել միջազգային ճանաչման արժանացած դասական եւ ջազային ոճերի դաշնակահար Ֆազիլ Սային, 42 տարեկան, որը նաեւ կոմպոզիտոր է: Դատավարությունը նախատեսված է հոկտեմբերի 18-ին: Հավանական պատժաչափըՙ մինչեւ 18 ամսվա բանտարկություն:

Դաշնակահարը, որ Սլովենիայում է եղել հունիսին, մեղադրանքը լսելու ժամանակ, հաճախ է քննադատել Twitter-ի իր էջում կառավարության իսլամամետ քաղաքականությունը եւ իրեն աթեիստ հռչակել, որն ինքնին հակաիսլամական արարք է համարվում: «Մեղադրանքը ոչ միայն մարդու իրավունքների դեմ է, այլեւ սեւացնում է Թուրքիայի իմիջը միջազգային հողի վրա», նշել է Սայը:

Եվրոմիությունը, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպություններ խստորեն դատապարտել են այս եւ դրանից առաջ այլ մտավորականների դեմ հարուցված մեղադրանքները:

Սայը համարվում է մշակութային դեսպան, քանի որ բազմիցս ելույթներ է ունեցել Եվրոպայում, Ասիայում եւ Մ. Նահանգներում, նվագակցել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ եւ Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբերին:

Ապրիլին նա համերգ է տվել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում, որտեղ այդ օրերին բացվել են արաբական երկրների արվեստին նվիրված ցուցադրական նոր դահլիճներ: Օտարազգի մասնագետները բարձր են գնահատել Սայի ջազային ազատ մեկնաբանությունները:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4