«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ՀԱՐՍՆԱՔԱՐ. ՑԱՍՈՒՄ, ԲՈՂՈՔ, ԾԵԾ, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ

«Հարսնաքար»-ում ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի մահվան յոթնօրյակի կապակցությամբ կիրակի օրը ռեստորանին հարակից հատվածում կազմակերպվել էր բողոքի ակցիա եւ մոմավառություն, որն ուղեկցվել է տհաճ միջադեպերով:

Ըստ ակցիայի մասնակիցներիՙ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները մեքենաներով անցել են եւ հայհոյել, իսկ «Հելսինկյան ասոցիացիայի» անդամ իրավապաշտպան Արման Վեզիրյանին հարվածել է այդ ժամանակ «Հարսնաքար»-ում գտնվող Ռուբեն Հայրապետյանը: Սկսվել է հրմշտոց ոստիկանության աշխատակիցների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Ակցիայի մասմակիցների ներկայացմամբՙ ոստիկանությունը պաշտպանում էր Հայրապետյանի շահերն ու խոչընդոտում իրենց երթին: Իսկ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայնՙ ակցիայի մասնակիցներից շատերը կարգ են խախտել, նստել ու պառկել Աճառյան փողոցումՙ խոչընդոտելով երթեւեկությանը: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները շարժվել են Ավանում գտնվող Ռուբեն Հայրապետյանի տուն եւ պահանջել արդարացի պատիժ:

Երեկ առավոտյան Ռուբեն Հայրապետյանը զանգել եւ ներողություն է խնդրել Արման Վեզիրյանից, Վեզիրյանն էլ ոստիկանությունում ցուցմունք չի ներկայացրել Հայրապետյանի դեմ եւ հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից: Վեզիրյանի գործողությունները, մեղմ ասած, զարմանալի են: Որպես իրավապաշտպան առաջինը պետք է հետամուտ լինի, որ օրենքը չխախտվի, իսկ խախտողը արդարացի պատիժ ստանա: Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, հասարակական կազմակերպություններն ու անհատները անմեղ մարդկանց մահը շահարկում են հասարակության աչքին ավելի լավը երեւալու համար:

Պետք է օրինական բոլոր նորմերն օգտագործելՙ Ռուբեն Հայրապետյանի դեմ, պահանջել արդարություն եւ հետամուտ լինել պահանջին: Սակայն արդյո՞ք մենք բարոյական իրավունք ունենք Ավետյանի մահն օգտագործել սեփական վարկանիշի բարձրացման համար, դրսի փողերով ներկայանալ հայրենասեր, ծեծ ուտել ու հետո հրաժարվել ցուցմունք տալուց: Ցավոք, դա ստվեր է գցում այն հսկայական շարժմանը, որը սկսվեց ֆեյսբուքում ու տարածվում է տարբեր քաղաքներումՙ բողոքի ցույցերի եւ երթերի տեսքով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4