«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ՋԱՎԱԽՔԻ ԳԼԽԻՆ ԿԱՐԳՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ «ՎԱԽՎՈՐԱԾ» ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՉՀԱՋՈՂՈՂ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ

Վրաստանը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական, ապա նաեւ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ հայտնվել է մի իրավիճակում, երբ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը մեկնարկել են ընտրապայքարը` փոխադարձ վիրավորանքների, նաեւ ունեցած ռեսուրսների ամրապնդման ու ուժեղացման միջոցով: Ընդ որում, այդ պայքարի` ազգային փոքրամասնությունների կտրվածքով տիրույթում եւս երկու կողմերը պարապ չեն մնում, թեեւ յուրաքանչյուրը հարցին մոտենում է յուրովի` գրագիտության, իմացության ու տեղեկացվածության սեփական մակարդակից:

Թերեւս հետաքրքրական զուգադիպությամբ նախորդ ուրբաթ` հուլիսի 6-ին վրացական իշխանություններն իրենց հերթին են անդադարձել Ջավախքին ու ջավախահայությանը, միլիարդատեր ընդդիմադիր հիմնական ուժ ներկայացողն` իր հերթին, ընդսմին ինչի մասին մտահոգության նման բարձրաձայնել է ընդդիմությունը, նույն այդ հարցն էլ կարծես փորձել է լուծել իշխանությունը:

«Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վրացի մարզիկների հետ հուլիսի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը, որպես իր հիմնած շարժման հաջողություն, ներկայացրել է, թե անգամ ներկայիս իշխանությունների հիմնական հենքերից մեկի` Սամեգրելո տարածաշրջանում բնակչության «60 տոկոսը աջակցում է» «Վրացական երազանքին», եւ դա իրենց իսկ անցկացրած հարցումների արդյունքներով: Ավելին, «հօգուտ» ընդդիմադիր կոալիցիայի է իրավիճակն, ըստ Իվանիշվիլու, փոխվել անգամ ադրբեջանաբնակ շրջաններում այն դեպքում, երբ հայաբնակ Ջավախքում իրավիճակը փոխել չի հաջողվում:

Իվանիշվիլին դրա սեփական բացատրությունը ունի: Ըստ այդմ, Ախալքալաքում, Ծալկայում ու հայերի համապարփակ բնակության այլ վայրերում «հայ բնակչությանը վախեցրել են»: Որ հայերը, այն էլ Ջավախքում, չնայած իրապես վախեցնելու ու սարսափի մեջ պահելու ակնհայտ իշխանական փորձերին, այդ վիճակում չեն, ի հակադրություն Իվանիշվիլու դատողությունների, արդեն իսկ հայտարարել են Ջավախքի հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ:

Սակայն, ցավոք, վախեցնելու փորձերի ու դրանց հնարավոր հետեւանքների մասին են վկայում ջավախքյան վերջին իրադարձությունները, երբ ընդդիմադիր կոալիցիային անդամակցած անձինք մեկ հայտնվում են կալանքի տակ, մեկ հետախուզման մեջ, Վահագն Չախալյանի պարագայում` անհիմն ու զուտ քաղաքական դրդապատճառներով դատապարտվում են տարիների ազատազրկման, իսկ Չախալյանների ու շատ այլ ընտանիքների դեպքում` ենթարկվում տնտեսական ու այլ կարգի ճնշումների:

Թեեւ ջավախահայության մասինՙ որպես վախվորած բնակչության, խոսելու համար հիմքեր կարելի է գտնել, բայց ապացույցներ լինել չեն կարող այդ բնակչության իրապես մեծ կամքի ու դիմակայելու կարողության պայմաններում, այդուհանդերձ, վախեցնելու ցանկության առումով Իվանիշվիլու խոսքերի հաստատում կարելի է ընդունել նույն օրն իսկ կատարված պաշտոնական նշանակումը, որի համաձայն Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգը նոր նահանգապետ ունի ի դեմս նախկին, փորձառու ոստիկանի:

Մասնավորապես, հուլիսի 6-ի նշանակմամբ, բայց հուլիսի 8-ի տեղեկացմամբ, հայաբնակ տարածաշրջանի նոր նահանգապետ է դարձել Իվանե Ցիկլաուրին, որ մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի ՆԳՆ-ում, ընդ որում` որոշ ժամանակ էլ ղեկավարել է ՆԳՆ Սամցխե-Ջավախեթիի նահանգային ոստիկանության վարչությունը: Թեեւ կարելի է ենթադրել, որ ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլու վարչապետ դառնալուց հետո «յուրաքանչյուր ցախավել տեղերում իր ավելներն է դնում» տրամաբանությամբ իր մարդկանց պետք է տեղավորեր, սակայն հայաբնակ տարածաշրջանում ոստիկանին նահանգապետ կարգելը զուտ այդ հոգեբանությամբ բացատրելի չէ: Այստեղ մեծ նշանակություն ունի նաեւ նախընտրական իրավիճակը, որում վրացական իշխանությունները պիտի փորձեն ստեղծել ու ապահովել բոլոր այն պայմանները, որոնց դեպքում կապահովվի «ավանդական 100-տոկոսանոց քվեարկություն իշխանության օգտին» փոքրամասնությունների համապարփակ բնակության վայրերում:

Նախկին նահանգապետ Լաշա Չկադուան դարձել է նորաստեղծ զբաղվածության փոխնախարար:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4