«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՍԱՌԵՑՆԵ՞Լ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ»

Ռուս-ամերիկյան համատեղ նախաձեռնության այսպես կոչված «Դորտմունդյան խորհրդաժողովի» շրջանակներում հուլիսի 4-5-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Քննարկումների այդ ձեւաչափը վերջին տարիներին կարծես «մոռացության էր մատնված», եւ դրա վերականգնումն արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է: Իհարկե, եռակողմ ձեւաչափի քննարկումների մասին ադրբեջանական լրատվամիջոցները ոչինչ չեն ասում:

Այդուհանդերձ, կողմնակի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանից դրանց մասնակցել է երկու փորձագետ: Նրանցից մեկը Իլհամ Ալիեւի աշխատակազմին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Գյուլշան Փաշաեւան է եղել: Վերջինս, կարելի է ասել, ներկայացրել է պաշտոնական Բաքուն` նկատի ունենալով նրա բավական բարձր կարգավիճակը:

Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմը հակված չէ հիշյալ քննարկումները հրապարակայնացնելուն եւ գերադասելի է տեսել, որ Փաշաեւան հանդես գա քաղաքագիտական ընդհանուր բնույթի վերլուծությամբ: Նա ընտրել է նկատելի ինտրիգային թեմա` «Եվրոպական իքնավարություններ. միասնություն` բազմազանության միջոցով»:

Սույն խնդրին մենք արդեն անդրադարձել ենք` հասկացնելով, որ եվրոպական ինքնավարությունների մոդելի մասին խոսելուց առաջ հարկ է, որ Ադրբեջանը «դառնա եվրոպական երկիր»: Այդուհանդերձ, Փաշաեւայի հոդվածում կա ուշագրավ պահ: Նա գտնում է, որ եվրոպական երկրները նման դելիկատ հարցերում փոխհամաձայնությունների են հասել «տասնամյակների ընթացքում»: Ըստ էության, Ադրբեջանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրենը կարծիք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում «պայմանավորվածությունները կարող են ձգվել տասնամյակներ շարունակ»:

Ելնելով այս «կանխադրույթից», Փաշաեւան վերստին շրջանառում է ԼՂ «միջանկյալ կարգավիճակի» գաղափարը, որի «դեպքում հայկական կողմն, անկասկած, կարող է հաշվարկել Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների որոշակի լեգիտիմացման (պայմանով, որ ադրբեջանական համայնքը ներգրավվի Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքում), Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումից հրաժարվելը միջազգային երաշխիքներով ամրագրելու, տրանսպորտային կոմունիկացիաները վերականգնելու եւ Հայաստանի` տարածաշրջանային համագործակցությանը ներգրավվելու վրա»:

Հեղինակը չի մանրամասնում, թե «միջանկյալ կարգավիճակն ի՞նչ է ներկայացնում», բայց հպանցիկ խոսում է ԼՂ «փաստացի իշխանությունների եւ Ադրբեջանի կառավարության փոխշփումների» մասին: Պետք է, հետեւաբար, եզրակացնել, որ «միջանկյալ կարգավիճակ» ասելով Բաքուն հասկանում է «ոչ վերջնական, բայց փաստացի ինքնավարություն Սդրբեջանի կազմում»: Հակառակ դեպքում ի՞նչ է նշանակում «ԼՂ փաստացի իշխանությունների եւ Ադրբեջանի կառավարության փոխշփումներ» ասվածը:

Ամեն մի գաղափար կարելի է «փաթեթավորել» ամենագեղեցիկ ձեւակերպումներով: Դրանից նրա իմաստը չի փոխվում: Փաշաեւայի նկատառումներից կարելի է միայն մի եզրակացություն անել. ադրբեջանական դիվանագիտության համար ճգնաժամը դարձել է համակարգային: Այդ երկիրը, համոզվելով, որ «այժմ եւ այստեղ» սկզբունքով խնդիրներ լուծել հնարավոր չէ, փորձում է շրջանառության մեջ դնել «միջանկյալ կարգավիճակը սառեցնելու» գաղափարը:

Առաջին հայացքից դա կարող է «տրամաբանական թվալ»: Էությամբ, սակայն, «միջանկյալ կարգավիճակի սառեցումը» շատ ավելի վտանգավոր է, քան ներկա իրավիճակի պահպանումը դարձյալ եւս մի քանի տասնամյակ: Վտանգավոր է այն իմաստով, որ «միջանկյալ կարգավիճակի» պայմաններում հակամարտության բորբոքումն ավելի հավանական, անվստահության խորացումն ավելի առարկայական է, քան երբ կողմերը միմյանցից բաժանված են շփման գծով:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4