«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ «ՊԱՏՎԻՆ»

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ու Մինսկի խմբի համանախագահները արժանանում են ԱՄՆ պետքարտուղարի «բախտին»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դեռեւս նախորդ շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն այցելելու է Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան հուլիսի 8-12-ը` հանդիպումներ ունենալու հարավկովկասյան երկրների ղեկավարների, քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Երեկ Զանյերն արդեն Բաքվում էր, որտեղ, ըստ «ԱՊԱ» ադրբեջանական գործակալության, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե սահմանային միջադեպերն անթույլատրելի են, ստատուս քվոն էլ` անընդունելի: Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն առաջարկում է հեռացնել դիպուկահարներին, ստեղծել փոխվստահություն ու մեխանիզմներ միջադեպերի հետաքննության համար:

Այս ամենն, իհարկե, Զանյերը չի նշել այն համատեքստում, որ նշված յուրաքանչյուր նախաձեռնության հիմնական խոչընդոտողն այն երկիրն է, որ ներկայացնում է Մամեդյարովը, ընդ որում` հաշվի չառնելով բոլոր տեսակի հորդորներն ու անգամ խիստ տոնով արվող բարձրաստիճան հայտարարությունները: «Բանակցություններն այլընտրանք չունեն», Բաքվում նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, հավելմամբ, որ «պետք է հակամարտության լուծում գտնել, սակայն չի կարելի, որ այդ լուծումը դրսից լինի, կողմերն իրենք պետք է հասնեն դրան»:

Այս ամենին զուգահեռ Մամեդյարովն էլ, իր հերթին, հյուրին փաստացի «պատվել է» ըստ արժանվույն, հայտարարելով, թե արդեն 20 տարի ԵԱՀԿ-ն զբաղվում է հակամարտության կարգավորմամբ, «բայց այդ գործունեությունը այդպես էլ ոչ մի արդյունք չի տվել»: Այսօրինակ գնահատական հնչեցնելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում, Մամեդյարովը, ըստ էության, հիմք է նախապատրաստել նաեւ հայտարարելու, թե միջադեպերի հետաքննության հարցում խնդիրը ոչ թե մեխանիզմներն են, այլ այն, որ «ադրբեջանական հողերը օկուպացված են Հայաստանի կողմից, ու եթե Հայաստանը դուրս բերի զինուժը, դիպուկահարների անհրաժեշտություն էլ չի լինի»:

Ասվածն ուղղակի «կաղ» տրամաբանության արդյունք է, քանի որ դիպուկահարների դերակատարությունը «օկուպացիայով» պայմանավորելը ոչ միայն փաստարկ չէ, այլեւ, կարելի է ասել, հակափաստարկ է, քանի որ Լեռնային Ղարաբաղի շուրջը ազատագրված տարածքը, ներկայիս անվտանգության բուֆերի իր դերակատարությամբ ու նշանակությամբ, դիպուկահարներով պաշտպանելու կամ ապահովագրելու տարբերակով առավել նմանվում է ոչ թե «սեփական տարածքի», այլ «բուֆերային» գոտու:

Ամեն դեպքում, ակնհայտն ընկալելու եւ այդպիսին մատուցելու հարցում որեւէ եվրոչինովնիկ դեռեւս աչքի չի ընկել գնահատականների օբյեկտիվությամբ, թեեւ նույն Զանյերը հունիսի վերջին հայտարարել էր, որ տարբեր հարցերում կողմերից մեկը միշտ խոչընդոտում է առաջընթացի հասնելու հնարավորությունների իրականացմանը: Ստացվում է, որ հարավկովկասյան տուրնեն, որ ԵԱՀԿ գործող նախագահը մեկնարկել է Բաքվից ու արդեն գտնվում է Վրաստանում, հուլիսի 11-12-ին էլ կժամանի Երեւան, շարքայիններից չի կարող տարբերվել, չնայած տարածաշրջանային այցի ժամանակագրական հատվածը առավել քան հետաքրքրական զուգադիպությունների, համընկնումների կամ հենց այդպես ծրագրելու արդյունք է հիշեցնում:

Խոսքն այն մասին է, որ հենց այս օրերին, ինչպես տեղեկացրել է «Ազգը», տարածաշրջանում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երեկ արդեն Բաքվում էր ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, որին այսօր միացել են ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ու ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: Տեղեկացրել էինք նաեւ, որ համանախագահները Բաքվում հանդիպումներից հետո հատելու են շփման գիծն ու այցելեն Ստեփանակերտ, այդուհետեւ նոր միայն կլինեն Երեւանում:

Այս ամենը դեռ կարելի էր դիտարկել ԵԱՀԿ մեխանիզմների ամբողջական կիրառումը ի ցույց դնելու տեսանկյունից, նկատի ունենալով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ու Մինսկի խմբի համանախագահների համաժամանակյա այցը տարածաշրջան, եթե Ադրբեջանը հերթական անգամ չանցներ տարրական ու անմարդկային շանտաժի այն գործելակերպին, ինչն իր դրսեւորումներն ունեցավ գրեթե մեկ ամիս առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցելության ժամանակ:

Ասվածը դիվերսիոն գործունեությանն ու հարձակումներին է վերաբերում, որոնց գործադրմամբ արդյունքը Ադրբեջանը թերեւս չապահովեց Քլինթոնի այցի ժամանակ, դրա համար էլ ԵԱՀԿ չինովնիկներին կրկին փորձել է դիմավորել «օկուպացվածի», «տուժողի» կերպարով: Ի մասնավորի, Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, հուլիսի 7-ին, ժամը 12:15-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ադրբեջանական կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային, 39-ամյա Լեւոն Թամրազյանը:

Այսինքն` հերթական անգամ Ադրբեջանն անցել է հարձակումների հենց այն ժամանակ, երբ տարածաշրջանում «հյուրեր» ունենք, թերեւս Քլինթոնին ուղղված նույնական մի ուղերձ տեղ հասցնելու, փաստացի այն ուղերձը, ինչ ԵԱՀԿ գործող նածագահի հետ համատեղ ասուլիսում նշել է Մամեդյարովն առ այն, թե Մինսկի խմբի գործունեությունն արդյունքի չի բերել:

Սրանով հանդերձ, ադրբեջանական կողմը միջադեպի իր տարբերակն է ներկայացրել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանում փոխհրաձգություն է եղել, հայկական կողմն էլ մեկ զոհ ու 4 վիրավոր ունի, ավելին, այդ ամենն իբր հաստատել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն «Ազերիպրես»-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմն էլ երկու հրազենային վիրավոր ունի:

Այս ամենը հերքել է Արծրուն Հովհաննիսյանը ` «Panorama.am»-ին հայտարարելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հաշվի առնելով համանախագահների ու ԵԱՀԿ գործող նածագահի` տարածաշրջանում լինելու հանգամանքը, Հովհաննիսյանը նշել է, որ ադրբեջանական կողմը փորձում է «զոհի կերպարանք» ընդունել, ցույց տալով, թե հակամարտության ձգձգումից տուժում է ադրբեջանական կողմը:

Արդյոք ադրբեջանական այս դիրքորոշումը, որ արտահայտվում է տարածաշրջանային բարձրաստիճան այցելությունների ժամանակ, պետք է նաեւ նշանակի այդ այցելութունների դադարեցում` մարդկային կորուստներ չունենալու համար, մտահոգության առիթ ու պատճառ է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի համար ոչ միայն վերահաստատելու, այլեւս ադրբեջանական ղեկավարությանը իրապես հասկացնելու, որ, ինչպես նա նշել է ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում, միջազգային իրավունքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը չի կարելի դիտարկել առանձին վերցրած:

Չնայած փաստ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների, տարբեր ներկայացուցիչների, եվրոպական ու ոչ եվրոպական կատույցների ղեկավարների հայտարարությունները նույն այս բովանդակությամբ այդպես էլ տեղ չեն հասնում Ադրբեջանում. այդպես անհարմար կլինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4