«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ՍԵՎԱՆԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՈՒՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Արարատյան դաշտավայրում կարտոֆիլի ցեցի տարածման մասին խոսակցությունները թյուր են: Կարտոֆիլը վնասող միջատների տարածման եզակի դեպքեր հայտնաբերվել են միայն Մասիսի շրջանի գյուղական մի քանի ֆերմաներում: Իսկ կարտոֆիլի ցեցի մասին ապատեղեկատվությունը ձեռնտու է հարեւան երկրներին` կարտոֆիլի ու մյուս բանջարեղենների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու եւ Հայաստանում իրենց ապրանքը վաճառելու համար:

Panorama.am-ի փոխանցմամբ` Հրաչ Բերբերյանը կարծում է, որ Մասիսի ֆերմաներում միջատների հայտնվելը կապված է գյուղատնտեսության նորմատիվները չկատարելու հետ: Համայնքի բնակիչներին բազմիցս խորհուրդ են տվել փոխել ջերմոցների հողը, ինչը բնակիչները չեն արել:

Իսկ ցորենի բերքի վերաբերյալ պարոն Բերբերյանն ասում է, որ Արարատի մարզում էլիտար հացահատիկից ստացված շուրջ 650 տոննա ցորենի ցողունները 17-22 սանտիմետր են, ինչը բավականին կարճ է, այդ պատճառով էլ կոմբայնը չի կարողանում քաղել: Հացահատիկի ցողունը կարճ է նաեւ Արմավիրում, Շիրակում ու Արագածոտնում: Ներկրված էլիտար սերմերը սորտափորձարկում չեն անցել, ինչն անցնելը պարտադիր էր: Հրաչ Բերբերյանը կարծում է, որ նման պայմաններում անհրաժեշտ է ներել գյուղացիների պարտքերը, որոնք գոյացել են էլիտար հացահատիկի սերմացուն ձեռք բերելու դիմաց:

Ինչ վերաբերում է Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելուն, Հրաչ Բերբերյանն ասում է, որ երաշտի հետ դա կապել պետք չէ, քանի որ Հայաստանում երաշտ ասվածը հարաբերական է ու արձանագրվում է հուլիսի կեսերից մինչեւ օգոստոսի կեսերը, այն էլ չոռոգվող հողերում: Բացի դրանից` այս տարվա ձյունառատ ձմեռը եւ հունիս, հուլիս անձրեւային ամիսները կասկածի տակ են դնում հարցը` արդյոք նպատակահարմա՞ր է Սեւանից լրացուցիչ ջրի բացթողումը, երբ ջրամբարների մեծ մասը հիմա լի է ջրով: Արարատյան դաշտավայրի գրեթե 100 տոկոսը ոռոգվում է, առհասարակ, երկրում ոռոգվում է գյուղատնտեսության համար պիտանի հողերի գրեթե 90 տոկոսը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4