«Հիշարժան վաթսունամյակ» ընդհանուր խորագրի ներքո դոկտ. Զավեն Ա. քահանա Արզումանյանը կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթի հունիսի 11-ի համարում անդրադարձել է երջանկահիշատակ հայրապետ, Մեծի տանն Կիլիկիո Տ. Տ. Գարեգին Ա. Հովսեփյանի վախճանման վաթսուներորդ տարելիցին (1952-2012):
Գարեգին հայրապետը ծնվել էր Ղարաբաղի Մաղավուզ (Մարտակերտի շրջան) գյուղում 1867 թվին: Ավարտել էր Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը եւ հետագայում բարձրագույն կրթություն ստացել Բեռլինի, Հալլեի եւ Լայպցիգի համալսարաններում (1892-96 թթ.): 1897-ից դասախոսել է Գեւորգյան ճեմարանում, եղել է մատենադարանապետ, Գեւորգյան ճեմարանի տեսուչ, «Արարատ» ամսագրի խմբագիր: Մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին: Նաեւ Ա. Թամանյանի հետ մասնակցել է Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծմանը: Նպաստել է սփյուռքահայությանը մայր հայրենիքի շուրջը համախմբելուն: Վաստակաշատ հայագետը, գիտնականը, մանկավարժն ու հասարակական-մշակութային գործիչը հեղինակ է հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանների ու խնդիրների լուսաբանմանը նվիրված բազմաթիվ ուսումնասիրությունների, որոնց վերջինը եղավ, ըստ դոկտ. Արզումանյանի, «Յիշատակարանք Ձեռագրաց» ծավալուն հատորը 1255 երկսյուն էջերով, որ լույս տեսավ 1951-ին: «Հատորը յիշատակարաններու ստուար հաւաքածոյ մըն է, 5-րդ դարէն մինչեւ 1250 ռուսական գրուած բազմաթիւ ձեռագիրներու, հաւաքուած Հայրապետին կողմէ իր կեանքի երկար տարիներուն, երբ այցելած է հայերէն ձեռագիրներու մատենադարաններՙ Էջմիածնէն մինչեւ Երուսաղէմ, Եւրոպայէն մինչեւ Ամերիկա, ի հարկին անոնց յիշատակարանները ընդօրինակելով, ձեռագիրները ուսումնասիրելով եւ ի հարկին բաղդատելով տպագրեալ ձեռագրաց ցուցակներու հետ», գրում է դոկտ. Արզումանյանը, ավելացնելով, որ հատորի արժանիքներից մեկն էլ գեղարվեստական արժեք ներկայացնող մանրանկարների 48 վերատպություններն են:
Գարեգին Ա. Հովսեփյան հայրապետը նաեւ մասնակցել է հնագիտական պեղումների (Անի, Գառնի, Արագած): Թողել է անտիպ ժառանգություն: Նրա աշխատությունները թարգմանվել են ռուսերենի, գերմաներենի, անգլերենի եւ ռումիներենի: Վախճանվել է 1952 թվականի հունիսի 31-ին 85 տարեկանում Անթիլիասի կաթողիկոսարանի իր բնակարանում: Ութ օր անց կատարված վերջին օծման արարողությանը մասնակցել է որպես ընծայարանի ուսանող դոկտ. Զավեն Արզումանյանը:
Հ. Ծ.