Կրկին ցույց ՀՀ հյուպատոսության շենքի առջեւ
Հուլիսի 5-ի կեսօրին կրկին հոծ բազմություն էր խռնվել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ: Տխրահռչակ «Հարսնաքարի» ողբերգական իրադարձությունները շարունակում են ալեկոծել Ամերիկայի ամենահայաշատ համայնքին:
Ցույցի մասնակիցների մեծ մասը մտավորական շերտի ներկայացուցիչներ էին` գրողներ, արվեստագետներ, լրագրողներ, ուսուցիչներ ու գիտնականներ: Ցուցարարները կրում էին ցուցապաստառներ, Վահե Ավետյանի ու նրա ընտանիքի անդամների լուսանկարները: Ցույցը լուսաբանելու էին եկել «Լոս Անջելես թայմսի» թղթակիցը, տեղական հեռուստատեսությունների ներկայացուցիչներ:
Ցուցարարներից շատերն այն կարծիքին էին, որ բուժծառայության մայոր Վահե Ավետյանի մահվան եւ նույնպես դաժանաբար խոշտանգված, սակայն մահապուրծ ռազմական բժիշկների հետ կատարվածն ամենեւին էլ պատահականություն չէ, այլ մինչ այդ Հայաստանում եղածի ու կատարվածի տրամաբանական շարունակությունը: «Ինչպե՞ս համարձակվեցին այդքան գազանաբարո վարք ցուցաբերել այդ թիկնապահները... որովհետեւ գիտեին, որ անպատժելի են մնալու, ոնց որ մինչ այդ շատ անգամ եղել է: Վահե Ավետյանի մահն այն վերջին կաթիլն է, որ լցրեց համբերության բաժակը եւ ջուրը թափեց բաժակի միջից»,- ասում է ուսուցչուհի, հոգեբան Նադիա Շահգելդյանը,- ես կարծում եմ, որ ոչ թե պետք է «հավատանք, որ փոխենք» Հայաստանի իրականությունն ու մթնոլորտը, այլ միանանք, որ փոխենք... եւ ճնշում բանեցնենք ոչ թե 200-300 հոգով, այլ 20 հազարով ու 100 հազարով»:
«Ինչ որ ցանել ենք, այն էլ հնձում ենք», «Ազգին» ասաց արձակագիր ու դրամատուրգ Խորեն Արամունին : Ես կուզեի, որ այն մարդիկ, ովքեր ընտրությունների ժամանակ 10 հազար դրամ փող են վերցրել, վերադարձնեն այդ փողերը եւ ներողություն խնդրեն հայ ժողովրդից, որ ընտրել են «նեմեցների» նման պատգամավորներ»:
Ցուցարարների` ՀՀ օլիգարխներին ու իշխանավորներին ուղղված դատապարտման ու ամոթանքի խոսքերին եւ իշխանությունից հրաժարվելու պահանջներին ի պատասխան ոչ մի արձագանք չեղավ հյուպատոսարանի շենքից: Ցավոք, ցույցի կազմակերպիչները նկատի չէին առել, որ Հայաստանի սահմանադրության օրը` հուլիսի 5-ը, ամերիկյան ու հայկական մյուս տոների հետ եւս ոչ աշխատանքային օր է հյուպատոսության համար:
Ցույցի կազմակերպիչները բողոքի նամակ գցեցին հյուպատոսության շենքի փոստարկղը եւ հայտարարեցին, որ հաջորդ ցույցը կկայանա երկուշաբթի:
ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Լոս Անջելես