«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


9-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»

Ավանդույթի համաձայն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկեց Երեւանի սբ. Զորավոր եկեղեցում «Ծիրանօրհնեքի» արարողությամբ: Փառատոնի առաջին օրը նվիրված էր «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի ֆիլմերի մի մասին, որոնց ռեժիսորների հետ կազմակերպվել էին մամուլի ասուլիսներ: Ծրագրում ընդգրկված վավերագրական ֆիլմերից 9-ըՙ «Հայկական հացը» (ռեժ.ՙ Ա. Գասպարյան), «Իմ փոքրիկ իշխանը» (ռեժ.ՙ Արմեն Ռոնով), «Արզումանը» (ռեժ.ՙ Անետա Օհանջ), «Արմինեն եւ Լեդի Մակբեթը» (ռեժ.ՙ Միշա Ղազար), «Տղաներիս հետ միասինը» (ռեժ.ՙ Տարոն Պետրոսյան), «Ինձ աշուղ են ասումը» (ռեժ.ՙ Արթուր Խուդոյան), «Նոր Ջուղա, լինելը...» (ռեժ.ՙ Արսեն Գասպարյան), «Երկու ճանապարհը» (ռեժ.ՙ Վահե Յան) եւ «Կոստան Զարյան. հայ գրականության միայնակ հոգին» (ռեժ. Հայկ Կբեյան): Մրցութային այս ծրագրում ընդգրկված 17 ֆիլմերից մոտ 90 տոկոսը հաշմանդամների խնդիրներին ու նրանց ինտեգրմանն էր նվիրված: Իսկ Հայկ Կբեյանի ֆիլմը առանձնացել էր իր հետաքրքրական լուծումներով ու Կոստան Զարյանին ապրած կյանքի անհայտ էջերն ու դիպվածները նրբորեն ու գեղագիտական ճաշակով ներկայացնելու հմտությամբ:

Երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակում, կարմիր գորգի վրայով, փառատոնի բացմանը անցան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այրեր, հյուրեր աշխարհի 70 երկրներից եւ այլք: «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ փառատոնը բացված համարեցին Հարություն Խաչատրյանն ու գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Վերջինս կարեւորելով փառատոնը, ասաց. «Կինոն դեպի անծայրածիր տիեզերքը բացվող պատուհան է եւ մարդկային ճակատագրերի խառնարան...»: Ուրախալի էր, որ պրն Յիրիկյանը խոստացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաջորդՙ հոբելյանական 10-րդը մեծ շուքով եւ կրկին իրենց հովանավորությամբ կազմակերպել: Երեկոյի ընթացքում ներկայացվեց փառատոնի ժյուրիի կազմը, նրանց ֆիլմերից հատվածներ, որից հետո Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ «Փարաջանովյան թալեր» երկու մրցանակներին են արժանացել իսպանացի հռչակավոր ռեժիսոր Վիկտոր Էրիսնն եւ վրաց հայտնի ռեժիսոր Էլդար Շենգալայը:

Փառատոնի պաշտոնական բացմանը ցուցադրվեց 1926 թ. Համո Բեկնազարյանի «Շոր եւ Շորշոր» կատակերգությունը նորովի, նոր շնչովՙ Վահագն Հայրապետյանի եւ իր ջազ խմբի կենդանի երաժշտական ձեւավորմամբ: Ֆիլմը տասնամյակներ անց նոր շունչ ու կենդանություն առավ եւ հուզեց ներկաներին: Իսկ ողջ երեկո փառատոնի բացման հանդիսությունը վարեց ֆրանսահայ հայտնի դերասան, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4