«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆ` «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»

Օրեր առաջ մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը` շուրջ 1300 սփյուռքահայ մասնակիցներով: Փառատոնի նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության ընդլայնումը, հայի մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը: Փառատոնը ներկայացվում է ըստ արվեստի ճյուղերի` պարարվեստի օրեր` հունիսի 29-ից հուլիսի 10-ը, անհատ կատարողների օրեր` հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը, խմբերգային արվեստի օրեր` օգոստոսի 9-14-ը եւ դուդուկի փառատոն` սեպտեմբերի 14-18-ը: Համույթները համերգային ծրագրերով հանդես կգան Երեւանում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիկում, Արագածոտնում, Արմավիրում, Սյունիքում, Կոտայքում, Արարատում, Վայոց Ձորի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում:

Անդրադառնալով օրեր առաջ մեկնակած պարարվեստի օրերին, նշեք, որ դրանք հետաքրքրական են եւ բովանդակալից` մասնակիցները ծանոթանում են նաեւ Հայաստանի պատմամշակութային կոթողներին, ինչը մեծ ոգեւորություն է առաջացնում երիտասարդների շրջանում: Նրանք արդեն հասցրել են այցելել Հառիճի վանք, Սեւանի Սբ. Աստվածածին եկեղեցի, Ծաղկաձորի Կեչառիսի եկեղեցի, Խոր Վիրապ, մի շարք թանգարաններ:

Փառատոնի մասնակիցների թվում է նաեւ Մոսկվայի 2042 դպրոցի «Հայաստանի ծաղիկներ» պարախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Հայկ Սահակյանը : Պարախումբը ստեղծվել է 1995թ.: Համույթի պարուհիներից Գարոյան Թամարան ծնվել էր Գերմանիայում, իսկ այժմ ապրում է Մոսկվայում, «Ազգ» -ի հետ կիսվեց տպավորություններով. «Շատ անգամ եմ եղել Հայաստանում, շատ եմ սիրում մեր երկիրը: Շատ հաճելի է եւ մեծ պատիվ ելույթ ունենալ հարազատ հողի վրա»: Պարախմբի մյուս պարուհիներից Հարությունյան Մարիամն էլ իր հերթին հավելեց, որ այս փառատոնը հնարավորություն է ընձեռում, որպեսզի շփվեն հայրենակիցների հետ, հայրենիքին ավելի մոտ լինեն:

Ընդգծենք, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց վարպետության դասեր փառատոնին մասնակցող պարախմբերի ղեկավարների համար, որը ղեկավարում է «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը :

Հանդիսատեսի բուռն ծափողջույններին արժանացավ Բելառուսի «Էրեբունի» պարային համույթը, որի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ավանեսյանը շատ գոհ էր փառատոնից. «Հայաստանում պարային փառատոնի առաջին անգամ ենք մասնակցում, չնայած շատ եւ շատ երկրներում է մեր պարախումբը ներկայացրել է Հայաստանը` Չեխիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ այլն»: Նա ասաց, որ այս փառատոնը առանձնահատուկ է նրանով, որ պարային մասը առանձնացված է, ինչը շատ կարեւոր է. «Հնարավորություն է ընձեռվում, որպեսզի մենք տեսնենք, թե մյուս խմբերը ինչով են զբաղված, ինչ բեմադրույթուններ են արել, հետաքրքրական ինչ նորություններ ունեն»,- եւ հավելեց. «Ապրելով հեռվում` մենք սիրում ենք մեր Հայաստանը, փորձում ենք մնալ հայ` հայեցի մտածելակերպով, եւ ամեն ինչ անում ենք, որ հայկական մշակույթը ամբողջ աշխարհում մեծ տեղ գրավի»:

Ինչպես նշեց պարախմբի գեղարվեստական ղեկավարը` խմբում պարում են նաեւ բելառուս աղջիկներ, որոնք տարված են հայ մշակույթով, եւ Ռ. Ավանեսյանն ամեն ինչ անում է, որպեսզի նրանք ամբողջական գաղափար կազմեն հայերի եւ Հայաստանի մասին:

«Ազգ» -ը զրուցեց նաեւ բելառուս պարուհիներից մեկի հետ` ցանկանալով իմանալ, թե ինչն է նրան գրավել հայկական ժողովրդական պարերում: Մաշա Լիտվինովան ասաց. «Ես առաջին անգամ համալսարանում տեսա, թե ինչպես են նրանք պարում, սիրահարվեցի, քանի որ շատ գեղեցիկ է եւ կանացի: Երբ հասկացա, որ իմ ներաշխարհը համընկնում է Ձեր մշակույթի, ժողովրդական պարերի հետ, որոշեցի ես եւս պարել հայկական ժողովրդական պարեր եւ ահա արդեն մեկ տարի է, ինչ այս խմբի անդամ եմ»:

Նշենք, որ պարարվեստի օրերի հանդիսավոր փակումը տեղի կունենա այսօր, հուլիսի 10-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4