Գելենջիկ, Նովոռոսիյսկ, Կրիմսկ քաղաքներն ու Դիվնոմորսկ, Նիժնաբականսկայա, Նեբերջաեւսկայա եւ Կաբարդինկա գյուղերը դեռեւս ուշքի չեն գալիս ուրբաթ օրվա ջրհեղեղից: Համաձայն պաշտոնական տվյալների, տեղումների հետեւանքով վերոնշյալ շրջանների 5.185 տուն մնացել է ջրի տակ: Ջրհեղեղից տուժել է 22.000 մարդՙ 170-ը զոհվել են:
Ջրհեղեղի հետեւանքով 3000 մարդ մնացել է անօթեւան, հարյուրավոր տներ ավերված են: Նախնական տվյալներով, ջրհեղեղի վնասը կառավարությունը գնահատում է մեկ միլիարդ ռուբլի: Տեղի տուրիստական գործակալությունները վախենում են, որ կկրեն հսկայական վնասներ:
Հանգստյան օրերին վերոնշյալ տարածաշրջանի քաղաքները զրկված էին էլեկտրաէներգիայից: Որոշակի ընդմիջումից հետո բնականոն աշխատանքի է անցել Գելենջիկի օդանավակայանը, երթեւեկությունը վերականգնված է:
Բժշկական օգնություն ստանալու համար հիվանդանոց է դիմել 205 մարդ, որոնցից 48-ը երեխաներ են: Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի հետեւանքով տուժել են բազմաթիվ հայեր:
ՌԴ Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի հյուպատոսության գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը «Ազգ» -ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ քաղաքներում շարունակվում են վերականգնողական փրկարարական աշխատանքները:
«Այս պահի դրությամբ երկու հայ է զոհվել Նովոռոսիյսկումՙ Շահբազյան Լիդիա Ստեփանի եւ Շահբազյան Հովհաննես Գրիգորի: Սակայն տուժած հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը: Նրանցից շատերի իրավիճակը գնահատվում է միջին ծանրության», ասաց Գոմցյանըՙ հավելելով, որ բազմաթիվ հայեր լուրջ նյութական կորուստներ են ունեցել:
«Հիմա ես Կրիմսկում եմ, այստեղ հիմնական աղետը եղել է շուկայի հարեւանությամբ, որտեղ եղել են բազմաթիվ հարուստ հայերի տներ, խանութներ, ովքեր կորցրել են գրեթե ամեն ինչ», ասաց Գոմցյանըՙ հավելելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են ջրհեղեղի հետեւանքները վերացնելու համար:
Կրիմսկի բնակչուհի Նաթելա Խաչատրյանը պատմում է, որ սկզբում բնակիչները խուճապի էին մատնվել, քանի որ լուրեր տարածվեցին, որ ջրհեղեղի երկրորդ ալիքն է սպասվում:
«Մարդիկ խելագարի պես, ամեն ինչ թողած փախչում էին: Մի քանի անգամ տեղական իշխանությունները հերքեցին տարածված լուրերը, խուճապի առաջին ալիքն արդեն անցել է: Հիմա ընթանում են փրկարարական աշխատանքներ: Վիրավորների թիվը շատ է: Վնասվել են մեքենաներ, տներ, գործարաններ, խանութներ: Քաղաքում բազմաթիվ բժիշկներ կան, վիրավորների կամ զոհվածների հարազատների հետ հոգեբաններ են աշխատում: Առողջապահության նախարարությունը մտավախություն ունի, որ ջրհեղեղի հետեւանքով ինֆեկցիաներ կտարածվեն, եւ դեղորայք ու բժշկական խմբեր է ուղարկում: Իրավիճակը կամաց-կամաց կարգավորվում է, մարդիկ օգնում են փրկարարական աշխատանքների համար», ասաց Նաթելա Խաչատրյանը:
Ի հիշատակ ջրհեղեղների զոհերիՙ Ռուսաստանում երեկ համազգային սուգ էր հայտարարված: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցական ուղերձ է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է թեժ գիծՙ 010 36 02 97, 060 44 03 41: ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբՙ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ մայոր Սերգեյ Ազարյանի գլխավորությամբ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ