Ամերիկայում ճանաչման արժանացած հայազգի վիպասան Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» նորագույն հատորին «Ազգ»-ն արդեն անդրադարձել է հուլիսի 4-ի համարում: Այժմ Ամերիկայի Հայ դատի կազմակերպությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Ցեղասպանության կրթական ծրագրի» (GenEd) եւ «Դաբլդեյ Բուքս» (Doubleday Books) միջազգային հրատարակչատան համագործակցությամբ Ամերիկայի Հայ դատի կազմակերպությունը նախաձեռնել է Մ. Նահանգների տարածքում գիրք նվիրելու մի յուրահատուկ արշավ, որի ընթացքում կոչ է արվում հայերին ոչ միայն իրար նվիրել մի օրինակ Բոհջալյանի գրքից, այլեւ պահանջել իրենց տարածաշրջանից ընտրված սենատորներից եւ Ներկայացուցիչների պալատի անդամներից, որ այդ գիրքն ընդգրկեն իրենց ամառային ժամանակաշրջանի պարտադիր ընթերցանության ցուցակում: Ստեղծվել են գիրքը (որը հրապարակ է հանվելու հուլիսի 17-ին) ձեռք բերելու եւ նվիրելու օնլայն հարմարություններ: Կազմակերպվելու է հատուկ ճաշկերույթ հեղինակի մասնակցությամբ «Յունիվերսալ Շերաթոն» հյուրանոցում եւ ապա շնորհանդեսՙ Վուդբերի համալսարանի Ֆլետչըր Ջոնս դահլիճում: Այնուհետեւՙ հանդիպում օգոստոսի 1-ին կոնգրեսականների հետ եւ հեղինակի շրջագայություն տարբեր նահանգներ: Նախաձեռնությանը աջակցում են ցեղասպանության բանաձեւի ջատագովներ Ռոբերտ Դոլդը (հանրապետականՙ Իլինոյսից), Ադամ Շիֆը (դեմոկրատՙ Կալիֆոռնիայից) եւ ուրիշներ:
Հ. Ծ.