Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Լոս Անջելեսի «Գեւորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` նվիրված ակադեմիայի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր Վարդան Գեւորգյանի ստեղծագործական 30 եւ ծննդյան 50-ամյակներին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «... Վարդան Գեւորգյանը իր ամբողջ ստեղծագործական կյանքը նվիրել է հայ արվեստին, հայ մշակույթին: Նա եւ կինը` Սիրանույշ Գեւորգյանը, ստեղծել են մի հոյակապ կառույց, որը կոչվում է Պարարվեստի ակադեմիա եւ այնտեղ կրթել, դաստիարակել հայ երիտասարդ պատանիներին եւ աղջիկներին:... Տեր եւ տիկին Գեւորգյանները հայ պարարվեստի, հայ ինքնության, հայապահպանության դեսպաններն են Ամերիկայում»:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը Վ. Գեւորգյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով` ազգանվեր գործունեության, հայ պարարվեստին անմնացորդ նվիրումի, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար:
Վ. Գեւորգյանը` շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուքի նախարարությանը Հայրենիքում ելույթներով հանդես գալու նման հնարավորության համար, նշեց. «Հայրենիքի կողմից այսպիսի գնահատականը մի նոր ուժ կհաղորդի մեր երեխաներին` ավելի մեծ ոգեւորությամբ շարունակելու հայապահպան գործունեությունը»:
Երեկոյին «Գեւորգյաններ» պարարվեստի ակադեմիայի անդամները բեմադրեցին ինչպես հայկական ժողովրդական պարեր, այնպես էլ` այլ ժողովուրդների ազգային պարեր: