Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք:
«Հայաստանի օրվա» շրջանակներում ցուցադրվել է իտալացի լրագրող Պիերո Մարացոյի «Արարատի զավակներ» վավերագրական կինոնկարը, տեղի են ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Խաչատրյանի եւ սոպրանո Ագնեսա Գյուրջյանի, ինչպես նաեւ Գեւորգ Դաբաղյանի ղեկավարած դուդուկահարների եռյակի համերգները:
Միջոցառումներին ներկա էին Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, իտալական մշակույթի եւ մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկա էր նաեւ Նարդոյի քաղաքապետը:
«Հայաստանի օրվա» միջոցառումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, ինչը վկայում է իտալական հասարակության կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության մասին:
Տեղեկանք: Այս տարի Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի «Հուլիսյան այգիներ» փառատոնին մասնակցել են նաեւ Նորվեգիան, Ավստրիան եւ Իրանը: