«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ՀԱՍՈՒՆԱՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԿԱՆԽԱՎ

Առօրյան հարմարեցնել հանրությանը. ահա գործելու բուն նպատակն ու պարզ սխեման

Որոշակի ժամանակահատված հյուրընկալվելով Եվրոպայի կենտրոնում գտնվող Ավստրիայում, շփվելով տարբեր զբաղմունքի ու տարիքի մարդկանց հետ, դիտելով հեռուստահաղորդումներ, շրջագայելով մեծ ու փոքր բնակավայրերով, կարճ ասածՙ ապրելով գերմանախոս միջավայրում, զգում ու համոզվում ես, որ այս տարածաշրջանի բնակիչները նախընտրում են իրենց վաղվա օրվա հանդեպ առավել հոգատար լինել, կանխատեսել առաջիկան եւ հնարավոր խնդիրները լուծել դրանք ծագելուց առաջ: Հայաստանցուս համար դժվար է ընդունել, որ շվեյցարացի, ավստրիացի եւ բուն գերմանախոս այս մարդիկ կանխատեսելու ինչ-որ զգայարան ունեն, որն էլ նրանց պարտադրում է այդկերպ գործել: Խնդիրները ժամանակն ու առօրյան դնում են, որոնց մարդ-արարածը պարտավոր է արձագանքել, քանզի նա չի սիրում դժվարություններ ունենալ, հակառակ, իհարկե, հայերիս, որոնք հերոսական ջանքերով հաղթահարում են չգիտես որտեղից բուսող անհարմարությունները:

Պարզ ու մատչելի ապացույց են էներգետիկ ոլորտի հանդեպ տարածաշրջանի պետություններում ծավալվող գործընթացները: Թաղամասը, ուր հյուրընկալվել եմ, բաղկացած է 25 առանձնատներից, որոնց տերերը համեստ եկամուտներ ունեցող մարդիկ են, սկսած տաքսու վարորդից, մինչեւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Բնակելիներից 4-ի տանիքներին տեղադրված են նկարում պատկերված տարբեր չափերի արեւային ջրատաքացուցիչներ, որոնք օրվա ընթացքում լոգարաններն ու խոհանոցները, իսկ ցուրտ օրերին նաեւ սենյակները ապահովում են բավարար տաքության ջրով ու ջեռուցմամբ եւ երաշխավորում տարվա ընթացքում մի քանի հազար կվտ. ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն: Նկարում երեւացող կցակառույցից կարելի է ենթադրել, որ բնակարանի տերը, այսպես ասենք, լավ ապահովված մեկը չէ: Բայց հաշվարկել եւ ընդամենը 6 քմ մակերեսով սարքի տեղադրման ծախսը կատարել է, որը 3-4 տարվա ընթացքում կփոխհատուցվի: Եվ սա Հայաստանի համեմատ ոչ այնքան արեւաշատ եւ աշխատանքը ժամում 10 եվրո գնահատող երկրի պարագայում: Ուրեմն ինչն է խանգարում այսօրինակ սարքի մեզանում օգտագործմանը, որի խողովակները հիմնականում պղնձից են: ՀՀ տեղական իշխանությունները համանման պահանջ կարող են ներկայացնել լողավազանների սեփականատերերին, առանձնատներում լողավազաններ ունեցողներին, էլերկտրաէներգիայի մեծ քանակներ օգտագործողներին: Մեծ էլկայաններ երկար տասնամյակներ չշահագործելով, հույսը դնելով փոքր ՀԷԿ-երի վրա, մի օր էլեկտրաէներգետիկ խնդիր ունենալու ենք: Թերեւս այս խնդիրն է այսօր մասամբ լուծվելու նաեւ Սեւանա լճից ջրի բացթողման քանակն ավելացնելու արդյունքում. պարզ է, չէ՞, որ 320 մլն խմ ջուրը պարտադիր անցնելու է ՀԷԿ-երի համակարգով, համալիրի հզորության 50 տոկոս աշխատանքի շնորհիվ մոտ 700 մլն կվտ. ժամ էլ հոսանք պետք է ակնկալել:

Բայց վերադառնանք եվրոպական փորձին: Արվածը քիչ համարելովՙ հիշատակված երկրները խրախուսում են նաեւ այլ էներգետիկ միջոցների ստեղծումը, մասնավորապես քամու օգնությամբ աշխատող էլեկտրաէներգետիկ հողմակների շահագործումը: Վիեննայի մոտակայքում դրանք այնքան շատ են, որ մետաղակոնստրուկցիաների անտառ են հիշեցնում: Այս հարցում առավել հետեւողական են Գերմանիայում, ուր ճապոնական ատոմակայանի աղետից հետո որոշեցին առաջիկա տարիներին փակել ԳԴՀ-ում գործող բոլոր ատոմակայանները: Երկրում խնդիրներ չունենալու նպատակով գործունեություն ծավալող կառույցներըՙ ֆիրմաներն ու մասնագետները շատ հաճախ վաղ առավոտից են սկսում, ասենք, հեռուստաէկրաններից, ներկայացնել իրենց ծրագրերն ու աշխատանքները: Հայաստանցուս հաճելի էր տեղեկանալ, որ հողմակների ամենամեծ քանակ տեղադրվելու է Բալթիկ ծովի ափամերձ տարածքներում, որպիսի ծրագրեր մենք լսել ենք Սեւանա լճի պարագայում:

Հայաստանի էլեկտրաէներգետիկ վիճակը հարկ է որ մտահոգիչ որակվի: 1 բնակչի հաշվով 2000 կվտ. ժամ էլեկտրաէներգիայի արտադրության պարագայում, երբ եվրոպական երկրներում ունեն այս ցուցանիշի 5-6-ապատիկը, զարգացող երկրներում 4-5 հազար կվտ. ժամ, մենք ներմուծված էներգակիրների միջոցով ստացվող կիլովատտերը ծախսում ենք ջուր տաքացնելու եւ տները ջեռուցելու նպատակով: Կառուցվում են տասնյակ ու հարյուրմիլիոնավոր դրամների հասնող առանձնատներ, որոնց տերերը մի 2-3 մլն դրամ չեն հատկացնում հիշատակված ջրատաքացուցիչներ տեղադրելու համար: Ավստրիական ընկերություններից մեկում աշխատող մեր հայրենակցից տեղեկացա, որ շատ պարզ այս սարքերի արտադրություն ՀՀ-ում իրականացնելու առաջարկ գործարար որոշ շրջանակների արվել է, որոնք ակնարկել են իշխանությունների վերաբերմունքի հարցը: Անցել է 3 տարի, իսկ որեւէ շարժ կարծես չկա: Ի վերջո վերականգնվող էլեկտրահզորությունների արտադրանքը պակասեցնում է կախվածությունը գազից ու նավթից, հանգեցնում դրանց գների նվազման: Համաշխարհային տնտեսության այսօրինակ զարգացումներում մենք էլ մեր համեստ ներդրումը պետք է ունենանք:

Փոխարենն ինչպիսի ոգեւորությամբ է ներկայացվում ՀՀ մոտ 900 գրեթե կործանվող գյուղերից որեւէ մեկում մի 80-ամյա տատիկի առօրյան, որը հող է մշակում, բերք աճեցնում, ապահովում Ռուսաստան մեկնած տղայի երեխաների հանապազօրյա ապրուստը, մինչ տղան մի բան կուղարկի: Խեղճ կնոջ գործը պետք է որ թոռներին հեքիաթ պատմելը լինի, ծաղիկներ աճեցնելը, ինչու ոչՙ զբոսաշրջային այցերը, բայց նա ՀՀ իշխանություններից այսօրինակ սպասելիքներ չունի, այլ ակնկալում է, որ գազի ու էլեկտրաէներգիայի հերթական թանկացում չլինի: Արդեն 10-րդ տարին խոսվող նոր ատոմակայանը երբ կլինի կամ կլինի՞ արդյոք, երբ կկառուցվի Մեղրիհեկ-1-ը, որն, ըստ նախնական պայմանավորվածության շահագործումից հետո 15 տարի բավարարելու է հարեւանի կարիքները, ապա նոր տրվելու է ՀՀ-ին, կկառուցվե՞ն արդյոք այլընտրանքային էներգետիկ հզորություններ, ինչքանո՞վ ոլորտի գործունեությանը կնպաստեն խնայողական սարքերի ու տեխնոլոգիաների ներդրումները: Մեր մարդիկ այսօրինակ եւ ոլորտին վերաբերող շատ ու շատ հարցերի հանդեպ մտահոգություններ ունեն, որոնք մեզանում մեղմելու ու կանխվելու փորձ չի արվում: Իսկ այս ընթացքում հարեւան Վրաստանը, Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցն օգտագործելով, Իրան էլհոսանք է արտահանում... Ոմանք թերեւս զարմանան, թե Քուռը ո՜ւր, Վրաստանի էլեկտրաէնեգիան ո՜ւր:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4