Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2012 թ. հուլիսի 9-ին վախճանվեց ականավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը, եւ ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ստամբոլցյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2012 թ. հուլիսի 10-ինՙ ժամը 18.00-ին` Երեւանի Ս. Հովհաննես եկեղեցում:
Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2012 թ. հուլիսի 11-ինՙ ժամը 12.00-ից 14.00-ն, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյան պող., 24):
Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը ծնվել է 1922 թ. հուլիսի 22-ին Երեւանում: Վաղ հասակից զրկվել է ծնողներից, ապրել է ազգականների մոտ:
1940 թ. ընդունվել է Երեւանի բժշկական ինստիտուտի բուժական-պրոֆիլակտիկ ֆակուլտետը: Հայրենական պատերազմի հենց առաջին տարում` 1942 թ., Ստամբոլցյանն ընդհատում է ուսումը եւ կամավոր մեկնում է գործող բանակ` ծառայելով Տուապսեի եւ Նովոռոսիյսկի համար մղվող մարտերին: Ծանր հիվանդության պատճառով նա զորացրվում է բանակից եւ շարունակում ուսումը: 1946 թ. ավարտում է ինստիտուտը եւ նշանակվում աշխատանքի Ռ. Ն. Գյանջեցյանի ղեկավարած հոսպիտալ թերապիայի ամբիոնում` որպես կլինիկական օրդինատոր:
1948 թվականին գործուղվել է Մոսկվա` Բոտկինի անվան կլինիկա, որտեղ Մ. Ս. Վովսիի ղեկավարությամբ Ս. Բ. Բրաունի մոտ մասնագիտացել է կլինիկական էլեկտրասրտագրության ուղղությամբ: Վերադառնալով Հայաստան` նա ձեռնամուխ է լինում հիմնադրելու առաջին էլեկտրասրտագրական լաբորատորիան եւ շատ կարճ ժամանակահատվածում պատրաստում է ավելի քան 100 մասնագետ` չափազանց կարեւոր այդ բնագավառի համար: Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանական ինստիտուտի հիմնադրման տարիներին Ռ. Ստամբոլցյանը հասարակական հիմունքներով կազմակերպում է սրտաբան-մասնագետների պատրաստման ծառայություն` միաժամանակ զբաղվելով գիտական ակտիվ աշխատանքով:
Պրոֆեսոր Գյանջեցյանի թերապիայի դպրոցի ավանդույթների շարունակողն ու կատարելագործողը եղավ Ռ. Պ. Ստամբոլցյանը: Նրա վաղ շրջանի գիտական աշխատանքները վերաբերում են քնաբուժությանը: Նա մշակել է դեղորայքային քնի արդյունավետությունը բարձրացնող տարբերակիչ մեթոդ, ինչպես նաեւ ստեղծել է էլեկտրաքնի ինքնատիպ սարք` տեխնիկայի բնագավառի աշխատողների համագործակցությամբ: Այս թեմայով 1952 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1953 թ. պրոֆեսոր Գյանջեցյանի հետ համատեղ հրատարակում է «Խոցային հիվանդությունը քնով բուժելու մեթոդիկայի մասին» մենագրությունը: Ռ. Պ. Ստամբոլցյանի հետագա գիտական գործունեությունը վերաբերում է սրտաբանությանը:
1957 թ. առաջին անգամ մայրենի լեզվով լույս է տեսնում նրա «Օգնություն էլեկտրասրտագրություն ուսումնասիրողներին» ձեռնարկը, որը մեծ նշանակություն ունեցավ հայ բժիշկներին այս մեթոդին ծանոթացնելու գործում:
Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման եւ բուժման համակողմանի ուսումնասիրություններին են նվիրված պրոֆ. Ստամբոլցյանի գիտական աշխատանքների մի ստվար մասը:
1962 թ. նա առաջինը իր սերնդակից բժիշկ-մասնագետների մեջ պաշտպանում է դոկտորական ատենախոսություն եւ հրատարակում «Կորոնար անբավարարության պաթոգենետիկ բուժման մասին» մենագրությունը, որտեղ առաջարկում է պսակային անբավարարության սեդատիվ բուժման ուրույն մեթոդը:
1965 թ. Ռ. Պ. Ստամբոլցյանն առաջարկում է էլեկտրասրտագրի քանակական վերլուծության իր ուրույն ինտեգրալ մեթոդը, որը նոր հնարավորություններ ու հեռանկարներ է ստեղծում սրտաբանության հետագա զարգացման համար:
Ակադեմիկոս Ստամբոլցյանի ջանքերով Երեւանի տեխնոլոգիական միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպվել է բժշկական էլեկտրոնիկայի բաժին, որտեղ ստեղծվել են սրտի գործունեությանը հետեւող նոր սարքեր ու համակարգեր:
Պրոֆ. Ռ. Ստամբոլցյանի` «Կլինիկական էլեկտրասրտագրություն» դասագիրքը (1978 թ. հայերեն) 1980 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի: Նրան շնորհվել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց` ակադեմիկոս Ստամբոլյանը նաեւ գիտության կազմակերպիչ է. 1966-1968 թթ. նա նշանակվում է Երեւանի բժշկական ինստիտուտի ռեկտոր, ում եռանդուն ջանքերով իրականացվում է ինստիտուտի երկու մասնաշենքերի շինարարությունը, ինչի շնորհիվ ինստիտուտի շենքային հնարավորությունները մեծանում են 2 անգամ:
1970 թ. Ստամբոլցյանը հիմնադրում է ներքին հիվանդությունների սուբօրդինատորների նոր ամբիոնը, իսկ 1980 թ. այն վերակազմավորվում է որպես ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոն: Նրա հետեւողական եւ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ նորակառույց Հանրապետական հիվանդանոցում ստեղծվում է հանրապետությունում առաջին մասնագիտացված սրտաբանական կլինիկան` սրտամկանի ինֆարկտի ինտենսիվ հսկողության բաժանմունքով:
1971 թ. Ռ. Պ. Ստամբոլցյանն ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1994 թ.` ակադեմիկոս: Ակադեմիկոս Ստամբոլցյանի ղեկավարությամբ պաշտպանվել են քսանհինգ թեկնածուական եւ երկու դոկտորական ատենախոսություններ: Նա երեք մենագրության եւ չորս դասագրքի, 200-ի հասնող գիտական հոդվածների հեղինակ է, որ տպագրվել են հայրենիքում եւ արտերկրներում` տարբեր լեզուներով: Ռ. Ստամբոլցյանը նաեւ ութ գյուտի հեղինակ է:
Բարձր են գնահատվել նրա վաստակը ու ծառայությունները: Նա պարգեւատրվել է շքանշաններով, մեդալներով եւ պատվոգրերով:
Ակադեմիկոս Ռ. Ստամբոլցյանի պայծառ հիշատակը միշտ կմնա նրա ընկերների եւ աշակերտների սրտերում:
ՀՀ ԳԱԱ նախագահություն