Ընթացիկ մրցաշրջանում էլ հայկական ֆուտբոլի երբեմնի առաջատար Երեւանի «Արարատը» հուսախաբ է անում իր երկրպագուներինՙ անփառունակ ելույթներ ունենալով երկրի առաջնությունում: Անցկացրած 15 հանդիպումներից հետո «Արարատը» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Ընդ որում արարատցիները 10 անընդմեջ պարտություն էին կրել եւ միայն վերջին տուրում Կապանում կարողացան մեկ միավոր վաստակելՙ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Գանձասարի» հետ: «Արարատին» սպառնում է բարձրագույն խմբին հրաժեշտ տալու վտանգը:
Թիմի հովանավորներին կարծես թե վերջապես անհանգստացրել է ստեղծված իրավիճակը: Օրերս «Արարատի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որը փոխարինել է Ալբերտ Սաֆարյանին: Խաշմանյանն ընդունել է ակումբի նախագահ Հրաչ Կապրիելյանի առաջարկը եւ թիմի համար դժվարին պահին ստանձնել է գլխավոր մարզչի բարդ ու պատասխանատու գործը: Կհաջողվի՞ արդյոք Խաշմանյանին փրկելու «Արարատին» բարձրագույն խմբին հրաժեշտ տալու վտանգից, դժվար է ասել: Սակայն առաջնության ավարտին դեռեւս 27 տուր կա եւ դա բավականին մեծ ժամանակահատված է, որպեսզի մարզչական աշխատանքի զգալի փորձ ունեցող Խաշմանյանը կարողանա մարտունակ կոլեկտիվ կազմավորել:
Հարկ է նշել, որ երիտասարդ մարզիչը նման դժվար աշխատանքի փորձ արդեն ունեցել է «Կիլիկիայում» եւ «Գանձասարում»: Երկու թիմերում էլ նա մարզչական բեղմնավոր գործունեություն է ծավալել: «Գանձասարը» նրա գլխավորությամբ անցյալ տարի 2-րդ անգամ իր պատմության մեջ բրոնզե մեդալակիր դարձավ: Իսկ ահա ընթացիկ առաջնության 6-րդ տուրից հետո Խաշմանյանն անսպասելիորեն հեռացավ «Գանձասարից», որը նրա գլխավորությամբ հաջող էր մեկնարկել առաջնությունում:
Աբրահամ Խաշմանյանն «Արարատում» աշխատելու փորձ արդեն ունի: Նա 2006-ին թիմ էր հրավիրվել Սուրեն Բարսեղյանի հետ որպես վերջինիս օգնական: Երբ առաջին շրջանից հետո Բարսեղյանը պաշտոնանկ արվեց, 2-րդ շրջանում թիմի ղեկը ստանձնեց Խաշմանյանը:
Ներկայումս Հայաստանի առաջնությունում դադար է հայտարարված: Այդ ժամանակահատվածն արարատցիները կօգտագործեն առաջնությանը նախապատրաստվելու համար: Այսօրվանից «Արարատը» կվերսկսի մարզումները Ձորաղբյուրում: Խաշմանյանն առայժմ մտադիր է պահպանել թիմի կազմըՙ համալրելով տեղացի ֆուտբոլիստներով: Նա գիտակցում է գործի լրջությունն ու պատասխանատվությունը, սակայն վստահ է իր ուժերին եւ լավատես է: Բնականաբար, առաջնահերթ խնդիրը բարձրագույն խմբում տեղը պահպանելն է: Իսկ հեռանկարում Խաշմանյանը մտադիր է առաջիկա 2 տարիների ընթացքում վերականգնել «Արարատի» բարի համբավը, սասանված հեղինակությունը եւ կրկին թիմին եվրոպական մրցասպարեզ դուրս բերել: Իսկ դրա համար անհրաժեշտ է քրտնաջան ամենօրյա աշխատանքի շնորհիվ մարտունակ թիմ ստեղծել: Նման փորձ երիտասարդ մարզիչն ունի եւ կարծում ենք, որ «Արարատում» էլ դա նրան կհաջողվի: