«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի ու Ժակ Ֆորի մեկնարկած այցելության ավարտից հետո նախատեսվում է հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին, ըստ «ԱՊԱ» գործակալության, երեկ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը :

Պոպովը մանրամասնել է, որ մոտ հեռանկարում, հնարավոր է` ամառային արձակուրդների ավարտից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախ առանձին-առանձին, ապա նաեւ համատեղ տարբերակով կհանդիպեն երկու երկրների ԱԳ նախարարների հետ: Ուստի մինչ այդ դեռեւս որեւէ խոսակցություն չի տարվում երկու նախագահների հանդիպման առնչությամբ: Իսկ թե երբ կլինի հանդիպումը արտգործնախարարների հետ` Պոպովը չի մանրամասնել, հղում անելով երկու նախարարների աշխատանքային գրաֆիկին, բավարարվելով միայն ամռան վերջը նշելով:

Ռուսաստանցի համանախագահը նաեւ տեղեկացրել է, որ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ արդեն իսկ քննարկել են վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծի միջադեպերը, նույնն էլ արվելու է Երեւանում եւ Լեռնային Ղարաբաղում կայանալիք հանդիպումներում:

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն իր հերթին ավելացրել է, թե այսօր հատելու են շփման գիծը, ընդ որում, դրա կարեւորությունը կապվում է հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորման հետ: «Շփման գիծը պետք է մշտապես լինի այս տարածաշրջանի մարդկանց բաժանող գիծ», ադրբեջանական գործակալության փոխանցմամբ նման տարօրինակ հայտարարություն է արել ամերիկացի համանախագահը, այդկերպ հիշեցնելով իր նախորդին` Մեթյու Բրայզային, որի խոսքերը հաճախ էին տարբեր մեկնաբանությունների ու նաեւ թյուրըմբռնման տեղիք տալիս:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4