«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԴԵՊՔԻՑ ՄԻԱՅՆ 20 ՕՐ ԱՆՑ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով բաժնի պետ Արսեն Այվազյանի ներկայացմամբՙ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի մասնակիցները, որոնց դաժան ծեծի հետեւանքով մահացել է ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, երբեմն ապահովել են ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգությունը: Թեպետ նրանք գրանցված են որպես ռեստորանի անվտանգության աշխատակիցներ, սակայն եղել են դեպքեր, երբ ուղեկցումների ժամանակ ապահովել են Հայրապետյանի անվտանգությունը:

Նախաքննությունը պարզել է, որ հունիսի 17-ին ՊՆ զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի վիրաբուժության բաժնի բժիշկ Արտակ Բայադյանը, կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը եւ Արկադի Աղաջանյանը մեկնել են Արզնու ձորՙ Աղաջանյանի ծնունդը նշելու: Որոշ ժամանակ այնտեղ անցկացնելուց հետո Վահե Ավետյանի առաջարկով խնջույքը շարունակել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահում: Ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանը դիտողություն է արել Վահե Ավետյանին, թե սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Ավետյանը մեկնել է տուն, փոխել հագուստն ու վերադարձել: Երբ երկրորդ անգամ մատուցողը մոտեցել է Ավետյանին, վերջինս հարցրել է. «Կարո՞ղ է գլխարկով էլ է արգելվում մուտքը»:

Ավետյանի հարցը դուր չի եկել մատուցողին, սկսվել է վիճաբանություն, որը շարունակվել է ռեստորանի բակում: Մատուցողը բռունցքով հարվածել է Ավետյանի դեմքին: Ավելի ուշ նրանց են միացել «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցներն ու ծեծել Վահե Ավետյանին եւ ընկերներին: Վահե Ավետյանը, Գարիկ Սողոմոնյանն ու Արտակ Բայադյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, իսկ հունիսի 29-ին, գիտակցության չգալով, Վահե Ավետյանը մահացել է:

Հունիսի 18-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի «Անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը» հատկանիշներով, որի համար նախատեսվում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով:

Գարիկ Մարգարյան, Արման Խաչատրյան, Արման Բաղդասարյան, Նորայր Հայրապետյան (անվտանգության աշխատակիցներ), Արթուր Բաբլոյանՙ վարորդ-առաքիչ, Դավիթ Ադամյանՙ մատուցող, Դավիթ Հայրյանՙ մենեջեր: Նրանք «Հարսնաքարի» միջադեպով մեղավորներն են, որոնք դեպքից հետ կալանավորվել են: Ավելի ուշ Դավիթ Հայրյանը ազատ է արձակվել տուժողների ցուցմունքների հիման վրա. պարզվել էՙ Հայրյանը ծեծողների մեջ չի եղել:

Արսեն Այվազյանի ներկայացմամբՙ Վահե Ավետյանի մահվանից հետո դարձյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունՙ պարզելու պատճառված մարմնական վնասվածքների եւ մահվան անմիջական կապը: Թեպետ ակնհայտ է, որ Ավետյանը մահացել է ծեծի պատճառով, սակայն ոստիկանությունում սպասում են եզրակացության արդյունքներին: Միայն դրանից հետո պարզ կդառնաՙ քրեական գործով առաջադրված մեղադրանքը կվերաորակվի՞, թե՞ ոչ:

Թե ինչո՞ւ է սկզբում գործն ուղարկվել ՊՆ քննչական, Արսեն Այվազյանը բացատրում է հետեւյալ կերպ. «Սկզբում տուժածներն ի վիճակի չէին որեւէ ցուցմունք տալու, իսկ անվտանգության աշխատակիցներն իրենց ցուցմունքներում նշել են, որ կռիվը սկսել են զինվորական-բժիշկները: Դրա պատճառով գործը ուղարկվել է ՊՆ քննչական: Ավելի ուշ, դեպքերի բացահայտմամբՙ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ գործը ՊՆ քննչականից տեղափոխվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով բաժին:

Կալանավորված անձինք նախկինում դատվածություն չեն ունեցել»:

Արսեն Այվազյանը հավաստիացնում է, որ նախաքննական մարմինը կատարել եւ կատարելու է բոլոր գործողություններըՙ ապահովելու օբյեկտիվ քննություն: Նա հավելում է, որ Ռուբեն Հայրապետյանի եւ Ներսես Նազարյանի միջեւ առկա քավոր-սանիկական հարաբերությունները որեւէ կերպ չեն կարող խոչընդոտել գործի բացահայտմանը, քանի որ իրենց վարչությունն անկախ մարմին է եւ «տվյալ անձի կողմից չի կարող ենթարկվել ճնշումների»:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ դեպքի պահին Ռուբեն Հայրապետյանը ներկա չի եղել «Հարսնաքար»-ում: «Առավոտյան Հայրապետյանը եղել է Սեւանում, այնուհետեւ ժամը 7-ին եկել է քաղաք, կես ժամ մնացել է «Հարսնաքար»-ում եւ հետո հեռացել է», ասում է Այվազյանը:

Գործի առնչությամբ Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք չի առաջադրվել, քանի որ չկան ապացույցներ, սակայն նա գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա: «Հուլիսի 6-ին Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է քննչական վարչությունում: Չունենք գեթ մեկ ապացույց, որը կվկայի Ռուբեն Հայրապետյանի մեղսակցությունը: Ո՛չ տուժողները, ո՛չ մեղադրյալները, ո՛չ էլ վկաները Ռուբեն Հայրապետյանի մասին տվյալ չեն հայտնել»:

Նախաքննության ընթացքում մեղադրյալների հեռախոսներն առգրավվել են, պետք է վերծանվեն խոսակցությունները: Ըստ շրջանառվող լուրերիՙ դեպքի ժամանակ Գարիկ Մարգարյանը զանգել է Ռուբեն Հայրապետյանին եւ նրանից ցուցում ստացել ծեծել «անհնազանդ այցելուին»: Արսեն Սյվազյանը նշում է, որ դատարանն արդեն որոշում է կայացրել, այժմ դիմել են հեռախոսային օպերատորներին, որպեսզի կարողանան հեռախոսազրույցները վերծանել:

Զարմանալի զուգադիպությամբ, այն վայրում, որտեղ տեղի է ունեցել ծեծը, տեսախցիկ չի եղել: Ռեստորանում եղել են տեսախցիկներ, սակայն դրանք մի քանի օր առաջ վնասվել են եւ միայն տեսագրել են, այլ ոչ ձայնագրել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4