«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


ԵՂԱՆԱԿԻ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ

Ամեն ամառ եղանակը նոր անակնկալներ է մատուցում Եվրոպայի բնակիչներին: Եթե անցյալ տարի մոլեգնում էին անտառային հրդեհները, ապա այս տարի պատուհաս են դարձել հորդառատ անձրեւներն ու ջրհեղեղները:

Հուլիսի 9-ից տարերքի թիրախ է դարձել Լեհաստանը, մանավանդՙ երկրի արեւմտյան շրջանները: Հորդառատ անձրեւները չեն դադարում: Չնայած շոգին, տեղացել է այնպիսի խոշոր կարկուտ, որին չեն դիմացել նույնիսկ ավտոմեքենաները եւ տների տանիքները: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ նորոգման բրիգադները չեն հասցնում վերականգնել բոլոր տուժած շրջանները:

Շվեդիայում եղանակը նորանոր ռեկորդներ է սահմանում: Դեռ ամռան կեսն է, բայց արդեն 2012-ը ամենից տեղումնառատ ամառն է ճանաչվել 1786-ից ի վեր: Մի քանի օրում այստեղ կատարվեց երկու ամսվա տեղումների նորման: Ցանքսերը ոչնչացել են: Օդերեւութաբանները կանխատեսում են նոր անձրեւներ:

Հունգարիայում ոչ միայն անձրեւներ են տեղում, այլեւ ջերմաստիճանի կտրուկ տատանումներ են արձանագրվում: Առավոտյան անտանելի շոգ է, իսկ երեկոյան ջերմաչափի ցուցմունքը իջնում է 20 աստիճանով: Մթնոլորտային ճնշման եւ ջերմաստիճանի կտրուկ տատանումները վատացրել են հարյուրավոր մարդկանց ինքնազգացողությունը:

Իտալիայում եւ Իսպանիայում, ընդահակառակը, արձանագրվել է մինչեւ 40 աստիճան տաքություն:

ԱՄՆ-ում եւս արտակարգ շոգ ամառ է: Ասում ենՙ սա ամենաշոգ ամառն է վերջին 120 տարում: Ահավոր երաշտ է սկսվել Կանզասում: Գետերը ցամաքել են: Ձկնորսներն անգործ են մնացել: Կոլորադոյի նահանգում մեծ դժվարությամբ հաջողվել է մարել անտառային հրդեհները: Կրակը մոլեգնում է նաեւ Կալիֆոռնիայում: Այրվել են հողի հարյուրհազարավոր հեկտարներ, տուժել են տներ: Վերջին երկու շաբաթներին ԱՄՆ-ում շոգից առնվազն 74 մարդ է մահացել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4