«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


ՀԱՅԿ ՄԵԼՏՈՆՅԱՆԸ` ԾԱԼԿԱՅՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ ԹԵԿՆԱԾՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

Վրաստանի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի 7 մեծամասնական ընտրատարածքներից վեցում ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան արդեն ունի թեկնածուներ, որոնց էլ ներկայացրել է կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին` հուլիսի 9-ի երեկոյան մասնակցելով Ծալկայում ընդդիմադիր կոալիցիայի գրասենյակի բացման արարողությանը:

«Գրուզիա օնլայն» կայքէջի փոխանցմամբՙ Իվանիշվիլին նշել է, որ Ռուսթավի քաղաքում կառաջադրվի Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին, Գարդաբանի շրջանում` Կովկասի հարցերով փորձագետ ներկայացող Մամուկա Արեշիձեն, Ծալկայում` 2004-2008 թթ. «ադրյունաբերողների» կուսակցությունից խորհրդարանի անդամ Հայկ Մելտոնյանը, Դմանիսում` Պաատա Խազինաշվիլին, Բոլնիսում` բժիշկ Դարեջան Խվիստանի-Չխետանին, Թեթրիծղարոյում` Մամուկա Աբուլաձեն: Բաց է մնում միայն Մառնեուլի շրջանն ընդգրկող ընտրատարածքը:

Մառնեուլի, Գարդաբանի, Թեթրիծղարոյի շրջաններում հայ բնակչությունը փոքրաթիվ է, ապա Ծալկայում, Բոլնիսում զգալի ներկայացվածություն կա, ընդ որում` Ծալկան ազգային հողի վրա զգալի բախումների գրեթե մշտական վայր է, որտեղ վրացական իշխանությունները քանիցս փորձել ու փորձում են վերաբնակեցնել ոչ հայ բնակիչների:

Իվանիշվիլին Ծալկայում գրասենյակի բացմանը կրկին ներկայացրել է իր մոտեցումը, որ Ծալկան, ինչպես նաեւ մեծապես հայաբնակ Ախալքալաքը «կոալիցիայի համար խնդրահարույց տեղեր են բնակչության կողմից աջակցության իմաստով»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4