«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


ՆՈՎՐՈՒԶԻ «ՆՈՈՒ-ՀԱՈՒ»-Ն

Ծանոթանալով հարեւան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, երբեմն ոչինչ չի մնում, քան զարմանալ նրանց «ստեղծագործական մտքի հերթական փայլատակումից»: Ամբողջ աշխարհում ընդունված է ասել «Ղարաբաղյան հակամարտություն», իսկ Բաքվում` «հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան»: 1994-ի մայիսի 12-ից հաստատված է զինադադար, իսկ ադրբեջանական կողմը համառորեն օգտագործում է «ռազմաճակատային գիծ», «մերձճակատային գոտի» եւ այս կարգի ուրիշ ձեւակերպումներ: Չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանում Արցախի հանրապետության բոլոր տեղանունները նշվում են խեղաթյուրված:

Նման մոտեցումը հավանաբար ադրբեջանական կողմին որոշակի «հոգեկան բավարարվածություն» է պատճառում: Թեեւ արեւելյան իմաստնությունը հուշում է, որ «հալվա-հալվա ասելով բերան չի քաղցրանա»: Ինչ որ է, եթե «Խանքենդի» կամ «ռազմաճակատային գիծ» գրելով ինքնաբավարարվում են, ապա` բարի վայելում:

Բայց այն, ինչ իրեն թույլ է տվել Իլհամ Ալիեւի աշխատակազմում արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Նովրուզ Մամեդովը, ուղղակի «նոու-հաու» է: Մամեդովը անդրադարձել է երեկ Բաքվից սկսված` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական տարածաշրջանային այցին: Նրա կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները «պետք է ուժեղացնեն ճնշումը Երեւանի վրա, այլապես հակամարտության գոտի նրանց այցելությունները այդպես էլ կմնան անարդյունք»:

Տարածաշրջան այցելող անխտիր բոլոր պաշտոնատար անձինք խոսում են շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու եւ այդ կերպ վստահության մթնոլորտ ձեւավորելու անհրաժեշտության մասին` որպես բանակցությունների արդյունավետության նախապայմանի, իսկ Իլհամ Ալիեւի խոսնակը, որեւէ պատճառաբանություն չունենալով, թե ինչու է Ադրբեջանը մերժում խաղաղասիրական ցանկացած առաջարկություն, շարունակում է հայտնի կենդանու համառությամբ միջնորդներին հորդորել` «ուժեղացնել ճնշումը Երեւանի վրա»:

Բայց դա դեռեւս «նախերգանքն» է: Նովրուզ Մամեդովի շեղված հայացքով` «փաստացի արդյունքներ (բանակցություններում- Վ. Ա.) չկան, եւ դրա պատճառը Հայաստանի սեպարատիստական ղեկավարությունն է, եւ Արեւմուտքը, ավելի լավ գիտակցելով իրավիճակը, պետք է համանախագահների միսիային համապատասխան քայլեր ձեռնարկի»:

Հայտնի արտահայտությունը մի փոքր ձեւափոխելով, կարող ենք ասել, որ Նովրուզ Մամեդովը բութ է եւ շատախոս: Այստեղ չափազանցության նշույլ իսկ չկա: Եթե Իլհամ Ալիեւի աշխատակազմում պատասխանատու պաշտոն զբաղեցնողը բութ չլիներ, Հայաստանի ղեկավարությանը չէր անվանի «սեպարատիստական»: Քանի որ ումի՞ց է «անջատվում» միջազգայնորեն ճանաչված` ինքնիշխան երկրի ղեկավարությունը: Եթե բութ չլիներ, Նովրուզ Մամեդովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին ընդհանրական «Արեւմուտք» չէր անվանի: Այն պարզ պատճառով, որ համանախագահ երկրներից Ռուսաստանը «Արեւմուտք» չէ:

Ո՞րն է արտառոցը: Որ նման «մակարդակով» է Ադրբեջանը հարաբերվում միջազգային միջնորդների հետ: Իսկ վերջիններս համառորեն մնում են դիվանագիտական նրբանկատության սահմաններում: Գուցե բութ երեխայի դեպքում ուսուցչի համբերատարությունը իմաստ ունի: Բայց երբ պետական մտածողությունն է բթամիտ, ընդ որում` վտանգավոր բթամիտ, ապա այստեղ դաստիարակչականությունը, թվում է, պետք է տեղը զիջի պահանջկոտությանը: Քանի որ բթամիտը ոչ միայն իրեն, այլեւ ուրիշներին էլ կարող է վտանգել: Նովրուզ Մամեդովի «նոու-հաու»-ն հենց այդ կարգի վտանգավոր բթամտություն է:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4