«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՎԱԼԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Երեկ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել: Օրակարգի առաջին կետը վերաբերում էր ԼՂՀ նախագահի թեկնածու Վալերի Խաչատրյանին: Նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, եւ ԿԸՀ-ն նրա գրանցումը ճանաչել է անվավեր:

Երեկ, «Ազգ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում Վալերի Խաչատրյանը բացատրեց ինքնաբացարկի պատճառները: «Երբ ես առաջադրեցի իմ թեկնածությունը, վստահ էի, որ կընտրվեմ եւ կլինեմ առաջինը: Սակայն ընտրապայքարի միջնամասում հասկացա, որ իմ ուժերը չեն բավարարում հաղթելու համար, իսկ երկրորդ կամ երրորդ տեղն ինձ չէր բավարարում: Ես հասկացա, որ գործող նախագահ Բակո Սահակյանի շանսերը շատ բարձր են, դրա համար հրաժարվեցի ընտրապայքարից», ասում է Վալերի Խաչատրյանը:

Նախագահի նախկին թեկնածուի ներկայացմամբՙ ինքն ու իր թիմը պաշտպանելու են Բակո Սահակյանի թեկնածությունը եւ վստահ են, որ նա կհաղթի: «Մենք ամբողջ թիմով պաշտպանում ենք գործող նախագահի թեկնածությունը: Ես միշտ եղել եմ ժողովրդի կողքին եւ հիմա տեսնում եմ, որ ժողովուրդը Սահակյանի կողմից է, ես էլ եմ միանում ժողովրդին: Ես միշտ եղել եմ ճշմարտության եւ պետության կողքին եւ այսօր տեսնում եմ, որ ճշմարտությունն ու պետությունը Բակո Սահակյանն են», ասաց Խաչատրյանը:

Նա հերքում է բոլոր խոսակցությունները, թե ինքնաբացարկի դիմումը վաղուց ծրագրված PR ակցիա էր, եւ ինքը միշտ էլ եղել է Բակո Սահակյանի մարդը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունները նշանակված են հուլիսի 19-ին: Պայքարում են 3 թեկնածուՙ գործող նախագահ Բակո Սահակյանը, Վիտալի Բալասանյանն ու Արկադի Սողոմոնյանը:

Նրանք երեքն էլ անկուսակցական են եւ ինքնաառաջադրվել են: Կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը ՀՀ ԼՂՀ ներկայացուցչությունում, ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու համար:

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 20-ին եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 17-ըՙ ժամը 24-ը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4