«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


BP-Ի ԿԱՊԱԼԱՌՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ` ԿԱՇԱՌԱՏՈՒ

BP («Բրիթիշ պետրոլիում») նավթային ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնելու պայմանագիրը կապալառու մի ընկերության հետ, որին մեղադրում են Ադրբեջանում: «Ազերիպրես» գործակալության փոխանցմամբՙ այդ մասին հայտնել են BP-ի Բաքվի գրասենյակից, հնարավոր է, որ բրիտանական Լուրջ խարդախությունների հարցերով գրասենյակը կհարցաքննի BP-ի աշխատակիցներին` Ադրբեջանում նախագծերի իրականացման համար կաշառակերության մեղադրանքների առնչությամբ:

Տեղեկության մեջ չի նշվում, թե որն է կապալառու ընկերությունը, միայն հաղորդվում է, որ հենց այդ ընկերությունից էլ Լուրջ խարդախություների գրասենյակ են հաղորդել կաշառակերության մասին: Ամեն դեպքում, անկախ այն հանգամանքից, թե կապացուցվի՞ արդյոք BP-ի կողմից կաշառք տալու պարագան, կապալառու ընկերության կողմից նման փաստի հայտնաբերման դեպքում նաեւ բրիտանական ընկերությունը կկրի պատասխանատվություն: Ընդ որում, եթե կաշառք տալու դեպքը տեղի է ունեցել 2011-ի հուլիսի 1-ից հետո, պատասխանատվություն կկրի հենց բրիտանական նավթային ընկերությունը, քանի որ կաշառակերության մասին արձանագրության համաձայն նավթային ընկերությունը եւս պատասխանատվություն է կրում իր աշխատակիցների, գործակալների ու կապալառուների քայլերի համար:

Հասկանալի է, որ ընտանեկան ու կլանային բիզնեսով առաջնորդվող Ադրբեջանում բրիտանական նավթային ընկերության այսօրինակ վարքագծի բացահայտումը մեկ դեպք չէ, որ առնչվում է կաշառակերությանը, թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ հարավկովկասյան որեւէ երկրում խոշոր ընկերությունները դժվար թե անմասն են կաշառք տալուց, հատկապես երբ նմանօրինակ բիզնես են փորձում խցկվել տեղական մեծ ու փոքր «իշխանիկները»:

Ամեն դեպքում, մինչեւ պարզվի, թե արդյոք «Բրիթիշ պետրոլիումի» կապալառու ընկերությունը Ադրեբջանում կաշառք է բաժանել, բրիտանական ընկերությունը դադարեցրել է արդեն կապալառուի հետ պայմանագրային հարաբերությունները, իսկ քանի որ բրիտանական նավթային ընկերության կապալառուն Ադրբեջանում դժվար թե իշխանական կլանների հետ առնչություն չունենա, ակնհայտ է, որ հարցը կարող է խփել հենց ալիեւների գրպանին:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4