Մետրոպոլիտենի ծառայությունից օգտվող ուղեւորներին հայտնի է, որ հիմնական գծի կայարանների թիվը ինն է:
Պայմանականորեն ընդունելով, որ ուղեւորը «Բարեկամություն» կայարանից գնում է դեպի «Գ. Նժդեհ» կայարան, նշված ինը կայարաններից վեցի («Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» ու «Սասունցի Դավիթ») մուտքուելքը մի կողմից է (գնացքի վերջին վագոնի կողմից), իսկ երեքինը («Գործարանային», «Շենգավիթ» ու «Գարեգին Նժդեհ»)ՙ հակառակ կողմից (գնացքի առաջին վագոնի կողմից):
Դեպի «Գ. Նժդեհ» կայարան գնացող գնացքները վերոնշյալ վեց կայարանների կառամատույցների մուտքերից (շարժասանդուղքների կողմից) շատ հեռու են կանգնում (երեք-չորս կամար հեռավորության վրաՙ նկատի ունենք գնացքի վերջին վագոնի վերջին դուռը), իսկ «Գ. Նժդեհ» կայարանի կողմից եկող գնացքները վերոնշյալ վեց կայարանների կառամատույցների մուտքերին բավականին (բայց ոչ բավարար) մոտ են կանգնում: Գնացքների հեռու կանգնելու պատճառով բոլոր ուղեւորները շեշտված տարածությունն անտեղի քայլում են կամ էլ վազումՙ նստելու դեպքում:
Նույն պատկերն է նաեւ վերոնշյալ երեք կայարանների կառամատույցներումՙ «Գ. Նժդեհ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան երթեւեկող ուղեւորների համար:
Չէ՞ որ ուղեւորների մեջ շոշափելի թիվ են կազմում հաշմանդամները, հիվանդները, տարեցները, երեխաները:
Գնացքների ճիշտ ու հարմար կանգնելու դեպքում կնպաստենք ուղեւորների առողջությանը, ինչի առնչությամբ հայտնում ենք մեր առաջին խնդրանք-առաջարկությունը:
Բոլոր կայարանների երկու կողմի երկաթգծերի վրա գտնվող սահմանային շերտաձողիկները տեղափոխել ու տեղադրել այնպես (մոտեցնել դեպի կառամատույցների մուտքերի կողմը), որ մի դեպքում գնացքների վերջին վագոնների վերջին դուռը, իսկ մյուս դեպքումՙ առաջին վագոնի առաջին դուռը հայտնվեն կառամատույցների մուտքերի համապատասխանաբար աջ եւ ձախ առաջին կամարների դիմաց:
Առաջին հայացքից աննշան թվացող հոգեբանական (վազեն, որ հասնեն, անհանգստություն, ջղային վիճակ) այս «փոքրիկ» փոփոխությամբ մարդկանց սրտանոթային հիվանդությունների առաջացման առիթներից մի մասը կվերանա:
Երկրորդ հարցը վերաբերում է կայարանների կառամատույցներում կայարանների անվանումների եւ գնացքների ուղղությունների վահանակների անմիջապես տակը ցերեկային լույսի լամպերը տեղադրելուն, ինչը խանգարում է դրանց ընթերցմանը, քանի որ լույսն ընկնում է անմիջապես աչքերի մեջ, իսկ գրագրությունը մնում լույսի հետեւում եւ ընթերցելու համար մեծ լարվածություն է առաջացնում:
Այս առիթով հիշեցնենք, որ մարդկանց տեսողությունն ստուգելու հարմարանքներում լույսը գցում են տառերի վրա ու նշանների վրա (այլ ոչ աչքերի մեջ)ՙ չխանգարելով ստուգվողներին:
Երկրորդ օրինակըՙ լուսարձակի «հավաքված» ճառագայթները գցում են առարկայի վրա, այլ ոչ հակառակը: Վահանակների պարագայումՙ լույսի ճառագայթներն ուղղված են նաեւ ուղեւորների անմիջապես աչքերին, ինչն էլ նրանց ստիպում է անտեղի «լարվել». դա աչքերի համար վտանգավոր էՙ հակաառողջական:
Խնդրանք-առաջարկություն թիվ 2ՙ վերոնշյալ վահանակների տակի լամպերը հանել:
Այդ դեպքում գրառումներն առանց լարվածության ու հեշտ կընթերցվեն:
Երրորդ խնդրանք-առաջարկությունը հետեւյալն էՙ կառամատույցներում (բացի «Շենգավիթ» կայարանից) տվյալ կայարանների հայերեն ու ռուսերեն անվանումների տեղերը փոխել: Ճիշտ կլինի, որ նայողի (նաեւ օտարի) ձախ կողմում լինի հայերենը, իսկ աջ կողմումՙ օտար լեզվովըՙ ինչպես ընդունված է:
Նույնիսկ կարելի է օտար լեզվով չգրել, ինչպես վագոնների դռների ապակիների վրա միայն հայերեն գրած «Չհենվել» զգուշացումը, ինչը շատ ճիշտ է:
Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է եւ ՀՀ սահմանադրության կետ 12-ում գրված էՙ «ՀՀ պետական լեզուն հայերենն է»: Այս հարցը ճիշտ է լուծված «Շենգավիթ» կայարանում:
Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխություններն առանձնապես ծախսեր չեն պահանջում, եւ ուղեւորների համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու, ընդառաջելու քայլ կլինեն:
Է. ՍՏԵՓԱՆՅԱՆ, Թոշակառու