«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԵՎ ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ ՈՒՐԻՇ ԵՐԿՐՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ

«Новое время»-ի 2012 թվի հուլիսի 3-ի համարում կարդացի Սփյուռքի նախարարուհի Հրանուշ Հակոբյանի հասցեին ուղղված մի անստորագիր դիտողություն (մեղմ ասած) եւ զարմացա այն պատճառով, որ այդպիսի մի հեղինակավոր թերթ, քաղաքականությունից, պետականությունից, միջազգային իրավունքից, ավելինՙ երկրի ներքին, արտաքին հարցեր-խնդիրները, բնավ չպատկերացնող ինչ-որ մեկի կարծիքը տպել է:

Նյութում ասվում է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է, հայերին նեղում են, իսկ Սփյուռքի նախարարուհին մեկնում է Հորդանան, ուր հայ համայնքը հոծ չէ:

Ի՞նչ անի նախարարը, երբ նա պետություն է, նա Հայաստանի պետության մի մասնիկն է: Գնա խառնվի՞ Սիրիայի ներքին գործերին: Եթե Սիրիայում ապրող տարբեր ազգությունների «պաշտպանները» զբաղվեն Սիրիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդրով, նրանց իշխանությունները չե՞ն ասի, մեր ներքին հարցերին մի խառնվեք, սրանք ծագումով հայ են, բայց մեր քաղաքացիներն են: Չեն ուզում, թող հեռանան: (Իսկ այս տարբերակը ոչ միայն ուզող, այլեւ հրահրող կա):

Եթե «Կարմիր Խաչ», «Դինամո», Թեքեյան միություն, Բարեգործական կամ «Փյունիկ» եւ այլ որեւէ, ոչ պետական միջամտություն լինի, դա ավելի ընդունելի կլինի, իսկ պետության ներկայացուցչին դա անել չի կարելիՙ մի պահանջեք անհնարինը, սխալը, վնասակարը:

Նյութի հեղինակի մտքով չի՞ անցնում, որ միգուցե հենց Սիրիայում հայ համայնքի խնդիրներով էր այցելել Ամման նախարարուհին (նորից ասենք, եթե ստատուսը պետական չլիներ, ենթակայի ոտքն ու ձեռքն ավելի բաց կլիներ), բայց ինչ արած, հատկապես Սփյուռքն ուզեց անպայման նախարարություն ունենալ: Արաբական մի ասացվածքով. նաՙ Սփյուռքն ուզեց. «ոչ թե խաղող ուտել, այլ պարտիզպանին ծեծել»:

Արդ, նյութի հեղինակին ասենք, որ Սփյուռքի նախարարությունն արտգործնախարարության նման մի օղակ է, այն տարբերությամբ, որ արտգործնախարարությունը գործ ունի տարբեր պետությունների հետ, իրենց բոլոր ատրիբուտներով, իսկ Սփյուռքն ամեն երկրում իր առանձնահատկություններն ունի...

Չեմ կարող այս առիթով չհիշել մի պատմական փաստ:

Երբ 1978-1979 թ.թ.-ին Բեյրութում աջ ուժերը որոշեցին հայ համայնքին «դաս տալ» եւ արդեն հստակ էր քաղաքի արեւելյան մասում հաշվեհարդար տեսնելու օրը, Մոսկվան հանդես եկավ ՏԱՍՍ-ի հաղորդագրությամբ, ուր բառացիորեն ասվում էր, թե հայ համայնքի հանդեպ ոտնձգությունը ուղղված է Մոսկվայի շահերին, եւ վերջինս անտարբեր չի մնա...

Սրածայր ածելիով նման հարցը «կտրվեց»:

Անշուշտ, ընթերցողը հակասություն կգտնի խոսքի սկզբի ու ավարտի մեջ, ասելովՙ այդ ինչպե՞ս Մոսկվան խառնվեց օտար պետության ներքին խնդիրներին: Դրա պատասխանը մեկն է: Աշխարհում, ցավոք, ուժն է որոշիչը, ճիշտ է, սխալ է, բարո է - անբարո է. ես ուժ ունեմ եւ այդպես եմ ուզում: Իրաքում ատոմային զենք կա, թե չկա, ես պետք է մտնեմ Իրաք:

Ի՞նչ անի հայաստանյան որեւէ պաշտոնյա, երբ նրա երկրի ուժը (աշխարհի մեծերի կողքին) արվեստն է, գիտությունը, պատմությունը, հավատքը, ազնվությունն ու բարոյականությունը...

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4