«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


ՀՅԴ. ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է

Լոռիում վերջերս անցկացվել է ՀՅԴ գերագույն մարմնի ժողովը: Քննարկվել են բազմաթիվ հարցեր, ընտրվել նոր կազմ, որը կիսով չափ նոր է: Նախկին 9 անդամների փոխարեն այսօր ԳՄ-ում ընդգրկված են 11 դաշնակցական: Գերագույն մարմնի ներկայացուցիչ է վերընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Այսուհետեւ նա կունենա նաեւ երկու փոխներկայացուցիչներ, ովքեր Ռուստամյանին կփոխարինեն, երբ նա հանրապետությունից բացակայի:

Ի թիվս բազմաթիվ հարցերիՙ ժողովի ընթացքում դաշնակցականները քննարկել են խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու նախագահական ընտրություններին Դաշնակցության դիրքորոշումը:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները գոհացուցիչ չեն. պատճառներն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ են: Ըստ Ռուստամյանիՙ ԳՄ-ն ինչ կազմ էլ ունենար, գրեթե նույն արդյունքն էր արձանագրվելու: Սուբյեկտիվ պատճառներն, ըստ Ռուստամյանի, ավելի շատ էին: «Անազնիվ, անարդար պայքար է եղել: Եթե մենք պայքարել ենք մեր ռեսուրսով, մեր դիմացինը պայքարել է ողջ պետական ռեսուրսով, մենք պարտվել են պետության վարչաֆինանսական ռեսուրսին: Սուբյեկտիվ պատճառ է, որ չհաջողվեց քաղաքացուն համոզել 10 կամ 20.000 դրամ չվերցնել»:

Դաշնակցական գործիչների քննարկումներով հաստատվել է, որ նախկին ԳՄ-ի ուղեգիծը ճիշտ է, պարզապես քայլերն են եղել անբավարար եւ չեն գոհացրել Գերագույն ժողովի մասնակիցներին: Գերագույն մարմնի ժողովի ժամանակ դաշնակցականները քննարկել են ամենատարբեր հարցերՙ ներքաղաքական իրավիճակ, աղքատություն, աննախադեպ արատագաղթ, բոլոր ոլորտներում մենաշնորհ եւ օր-օրի աճող արտաքին պարտք:

Ռուստամյանի ներկայացմամբՙ աղքատության իրական պատկերը 35 տոկոսը չէ: «Իրականում աղքատությունը Հայաստանում 70-80 տոկոս է: Ո՞նց կարող է պետության 80 տոկոսը ձայն տալ իշխանությանը: Նշանակում էՙ այդ աղքատին դո՞ւր է գալիս իր աղքատ կարգավիճակը, թե՞ իշխանությունը, որի պատճառով աղքատ է: Ոչ, դա այդպես չէ, եւ ընդդիմությունը պետք է կարողանա համախմբել այդ զանգվածին»:

ՀՅԴ-ի ապագա ծրագրերն էլ հստակեցված են: Նախ ակտիվ մասնակցություն ՏԻՄ, այնուհետեւ նախագահական ընտրություններին:

ՀՅԴ օրակարգում մեծ տառերով գրված էՙ իշխանափոխությանը պետք է հասնել համակարգային փոփոխությամբ եւ սահմանադրությամբ: Եթե համակարգը նույնն է, անձերի փոփոխությունն արդյունավետ չի լինի: Հետեւաբար Դաշնակցությունն առաջարկում է, որ նախագահական համակարգը փոխարինվի խորհրդարանական համակարգով, որպեսզի խոհրդարան-պետություն-իշխանություն միասնությունը չլինի:

Ընդդիմությունը պետք է վերահսկող լինի իշխանության գործողություններին: Եթե այս երկու սկզբունքներում համաձայնություն ձեռք բերվի, Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ եւ միասնական թեկնածուով պայքարել կոալիցիոն թեկնածու Սերժ Սարգսյանի դեմ: Ռուստամյանը միասնական շտաբի գործունեությունը համարում է ավարտված: Այժմ պետք է մտածել նոր համագործակցության մասին: Նրա ներկայացմամբՙ կա 50 տոկոս ընդդիմադիր զանգված, եւ իրական մրցակցային ընտրություններ ապահովելու համար ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն:

Ռուստամյանը հավելում է, որ Դաշնակցությունը թեկնածուի պակաս չունի, սակայն իշխանափոխության հասնելու ամենարդյունավետ միջոցըՙ միասնական թեկնածուն է:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4