«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԱԾ ՌԱԿ-Ն ՈՒ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ

2012թ. հունիսի 13-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ միավորիչ համագումարը: Հայաստանի Հանրապետության սահմաններում գործող ռամկավար-ազատական արժեքներ դավանող քաղաքական ուժերը միավորվեցին այն հաստատ որոշմամբ, որ անկախ ամեն ինչից, անկախ բոլոր տեսակի քաղաքական ու տնտեսական վայրիվերումներից, այսուհետեւ կգործեն իրենց որդեգրած գաղափարախոսության տառին ու կետին համապատասխան, հավատարիմ իրենց երդմանըՙ կանեն ամեն ինչ «Ժողովրդից, ժողովրդով, ժողովրդի համար» սկզբունքն իրապես կյանքի կոչելու, իսկապես մեր երկրի համար ապրելու սկզբունք դարձնելու համար:

Սովորաբար մեզանում տարածված է այն թյուր կարծիքը, թե ռամկավարները հարուստ ունետերերի կուսակցություն են: Նախկինում էլ, կոմունիստական պիտակավորմամբ, ՌԱԿ-ը համարվել է, ոչ ավել, ոչ պակաս, խոշոր բուրժուազիայի շահերի արտահայտիչ: Երանի չէ՞ր ունենայինք խոշոր բուրժուազիա ու նրա շահերն էլ արտահայտեինք: Գոնե այսօր անխուսափելի ծախսեր հոգալու համար դրամի կարիք չէինք ունենա: Դրամ, որն այքան անհրաժեշտ է այսօր քաղաքական ասպարեզում սեփական գործունեություն իրականացնելու համար: Իրականում, թե՛ անցյալում, թե՛ մեր օրերում, ՌԱԿ-ը եղել ու մնում է մեր ժողովրդի (առանց վարանելու կասեմ), ամենասթափ, ամենաիրատես, հասարակության զարգացման աստիճանական վերափոխման ջատագովների միավորում, որի համար առաջնային են եղել նախ եւ առաջ հայ ժողովրդի գերագույն շահերը: Շահեր, որոնք թե՛ անցյալում, թե՛ մեր օրերում, խարսխված են մեր ժողովրդի ազատագրական պայքարի, պատմական հայրենիքի ազատագրության, Հայ դատի պաշտպանության, ազգի հոգեւոր ու մշակութային վերելքի, տնտեսական հզորացման, արդարացի ու բարեկեցիկ հասարակություն ստեղծելու գաղափարներին: Իհարկե, ռամկավարների համար հարազատ են նաեւ համամարդկային այնպիսի ձեւաչափեր, որոնց հիմնական դրույթը հետեւյալն էՙ միակ գերագույն օրենքի ընդունում, որն արտահայտում է ժողովրդի կամքն ու գերիշխանությունը եւ որն ամրագրվում է սահմանադրությամբ:

Տեղյակ ենք, որ այսօր գեղեցիկ ու համամարդկային արժեքներ վկայակոչող դրույթներ առկա են կուսակցությունների մեծ մասի ծրագրային փաստաթղթերում: Տեղյակ ենք նաեւ, որ ըստ էության դրանք գրեթե չեն էլ կարդացվում: Սակայն վստահ ենք նաեւ, որ ՌԱԿ-ը շուրջ դարուկեսյա արժեք է, բրենդ ու նրանով հետաքրքրվողները դեռ շատ են: Ուստի անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ մեր գաղափարախոսության էությունը հավասարության պահանջն է, բայց ոչ սոցիալական գռեհկացված հավասարության ձեւով, այլ մարդկային անհատական եւ հավաքական բնական իրավունքների ճանաչման ու պաշտպանության կիրառումից բխող հավասարության ձեւով: Ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի հավասար է օրենքի առաջ, եւ իրագործելով իր բնական իրավունքըՙ կարող է տնօրինել իր կյանքը, որոշել իր հավաքական եւ անհատական կեցությունը ազատ ընտրությունների, հանրաքվեի, սահմանադրության եւ օրենսդրական այլ ակտերի միջոցով:

Մեզ համար մեծագույն ու անփոխարինելի արժեք է նաեւ ազատականությունը (լիբերալիզմ), որը լայն առումով, տեսակետների որոշակի համակարգի վրա հենված հասարակական-քաղաքական հոսանք է, ըստ որի մարդկության առաջընթացը եւ սոցիալական ներդաշնակությունը հնարավոր են պետական կամ հավաքական ենթարկվածությունից անհատի ազատագրման դեպքում միայն, քանզի ընհանուրի բարգավաճումը ինքնին ձեւավորվում է ազատ գործող անհատների անձնական նպատակների եւ ստեղծագործ մղումների իրագործման արդյունքում: Այսինքնՙ ազատականությունը անհատի եւ հանրության մտավոր, ֆիզիկական ու հոգեւոր կարողությունների ազատ օգտագործման իրավունքի սահմանադրական ամրագրումն է եւ կենսագործումը: Միեւնույն ժամանակ, անչափ կարեւոր է ազատականությունը չշփոթել անիշխանության հետ: Մեզ համար ընդունելի եւ խիստ կարեւոր է, որ յուրաքանչյուր անհատ ազատ է այնքանով, որքանով դա չի սահմանափակում մյուսի ազատությունը:

Մեր օրերում մասնավոր զրույցների ժամանակ հաճախ կարելի է լսել տեսակետներ նախկինՙ խորհրդային եւ այսօրյաՙ շուկայական տնտեսաձեւերի մասին: Հաճախ այդ վեճերը շատ թունդ են լինում, զայրացկոտ: Հատկապես ավագ սերունդը պնդում է, որ սովետների ժամանակ, լավ թե վատ, սոցիալական հավասարության սկզբունքը առկա էր, գոնե չկար այս հարուստ-ընչազուրկ ամեհի անդունդը, որն օրեցօր ավելի է խորանում, վաղվա օրվա նկատմամբ վստահություն կար եւ այլն, իսկ երիտասարդները շեշտադրում են դրանց ձեւական, արհեստածին ու միայն կուսակցական վերնախավին ձեռնտու պայմաններում գործելու թույլատրելի լինելը: Իսկ մե՞նք, ռամկավարներս, ինչպես ենք տեսնում երկրի տնտեսական զարգացումը: Տնտեսական հարաբերությունների ոլորտում մեզ համար ազատականությունը գերակայությունն է անհատի ազատ նախաձեռնության եւ ձեռնարկչության իրավունքիՙ պետական նվազագույն հակակշռի եւ սեփականության բազմաձեւության պայմաններում: Այսինքնՙ ազատ տնտեսություն չի նշանակում ամենաթողություն, այլ անհրաժեշտ է նաեւ պետական հակակշիռ բոլոր այն դեպքերում եւ տնտեսության այն ճյուղերում, երբ եւ որտեղ ազգային, պետական շահը որեւէ զիջման չպետք է գնա անհատի կամքի:

Ամփոփելով նշեմ, որ վերամիավորված ՌԱԿ-ի գլխավոր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ազգային պետականության շինարարության եւ հասարակական-տնտեսական բարեշրջումների բնագավառներում ռամկավարական եւ ազատական սկզբունքների արմատավորումն ու կիրառումն է: Կարճ ասածՙ ազատականությունն ու հավասարությունը գտնվելով փոխմիասնության մեջՙ ռամկավարական սկզբունքների գործադրման անկյունաքարն են: ՌԱԿ-ը վերոնշյալ խնդիրների իրականացման համար անհրաժեշտ պայման է համարում նախ եւ առաջ քաղաքացիական հասարակության հաստատումը, որը պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հայեցողությունից ապահովագրում է մարդու բնական ազատությունների ու իրավունքների կենսագործումը, ժողովրդի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով ապրելու այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են մասնակցությունը իշխանության մարմինների գործունեությանը, մասնավոր սեփականության անձեռմխելիությունը, ազատ ձեռնարկչական եւ ամենայն այլ հանրօգուտ գործունեության ազատությունը, կրթության եւ առողջապահության համակարգի ապահովումը, սոցիալական պաշտպանությունը եւ այլն: Միաժամանակՙ այդ ազատությունների իրականացմանը ՌԱԿ-ը մոտենում է բովանդակ ազգի ինքնորոշման դիրքերից:

Ինչ վերաբերում է հասարակության տարասեռ լինելուն, ապա ՌԱԿ-ը գտնում է, որ մեզանում առկա են սոցիալական տարբեր շերտեր, որոնք կարող են ունենալ նույնիսկ հակամարտ շահեր, սակայն ազգային շահը ընդհանուր է բոլորի համար, եւ այն հնարավոր կլինի իրագործել սոսկ միացյալ ուժերով եւ համերաշխաբար: Գաղտնիք չէ, որ հասարակության բոլոր շերտերում էլ կան ողջամիտ անհատներ, որոնք ունակ են վեր բարձրանալ իրենց նեղ սոցիալական պահանջներից եւ համակեցության սկզբունքների հիման վրա համագործակցել մյուսների հետ համազգային կարեւոր խնդիրները լուծելիս:

Վերջում կուզենայի, որ մեր հասարակությունը վերջապես կարողանա սթափվել կեղծ ու շինծու արժեքներ դավանելու, դրանց տուրք տալու գործընթացից, կարողանա միմյանցից զատել ճիշտն ու սխալը, թացն ու չորը: Հակված չեմ կարծելու, թե մեր գաղափարախոսությունը բացարձակ անսխալական է կամ խոցելի եզրեր չունի: Ո՛չ, քա՛վ լիցի: Պարզապես ուզում եմ, որ մենք էլ սթափվենք դոլարային պաշտամունքից, իսկապես մտածենք վաղվա օրվա, մեր հաջորդ սերունդներին ինչպիսի ավանդ թողնելու, էս չարչրկված, աշխարհի ՄԵՐ անկյունում մարդավայել ապրելու մասին:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, ՌԱԿ ատենադպիր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4