Բնության բազմազանությունը, տեսակավորումը գոյություն ունեն ի սկզբանե: Ինքնին վերացական մարդկություն գոյություն չունի. մարդկությունը կազմում են ազգերը, եւ ամեն մարդ իր ազգությամբ մտնում է ընդհանուր մարդկության մեջ: Յուրաքանչյուր ազգ իր հոգեկերտվածքով ինքնատիպ է եւ անկրկնելի: Մարդկությունը հարուստ է ազգերով եւ որեւէ ազգի կորստով աղքատանում է` կորցնելով զգալու, մտածելու եւ արտահայտվելու մի յուրահատուկ բնական ձեւ, մի առանձին հոգեաշխարհ: Հետեւաբար, այն, ինչ ուղղված է ազգայինի դեմ, ուղղված է մարդկության դեմ:
Անշուշտ, ազգային ինքնատիպությունը չի ենթադրում աշխարհից մեկուսացում կամ ազգային եսականություն: Ազգերը, բացի առանձնահատկություններից, ունեն նաեւ ընդհանրական հատկանիշներ: Դրանք ակնառու են Աստծո հետ հարաբերությունները ճշտելիս (պատահական չի ասված, թե բոլոր ճշմարիտ կրոնները տանում են դեպի միեւնույն Աստված), ինչպես նաեւ` հասարակարգերի, տնտեսաձեւերի եւ գիտության հանդեպ մոտեցումներում: Սակայն այս բոլորն էլ այս կամ այն չափով կրում են տվյալ ազգի կնիքը: Ըստ այդմ, յուրաքանչյուր ազգ ունի ի՛ր քրիստոնեությունը կամ ի՛ր սոցիալիզմը, կարելի է ավելացնել նաեւ` իրե՛ն հատուկ լիբերալիզմը, ի՛ր ընկալումներին համապատասխան դեմոկրատիան են: (Նույնիսկ բնական գիտությունների պարագայում, որոնց արդյունքներն անխոս վերազգային են, այդ արդյունքներին հասնելու մոտեցումները, որպես կանոն, ազգային յուրահատկություն ունեն):
Այսպիսով, թեեւ բոլոր ազգերը` իբրեւ Արարչի ծնունդ, Հավերժի եւ Բացարձակի հարթության մեջ մերձենում են, սակայն յուրաքանչյուրն ունի դեպի Արարիչ տանող ի՛ր ճանապարհը, իսկ ավելի ստույգ` իրե՛ն տրված ճանապարհը: Սա՛ է ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական կարգը: Դա ասել է նաեւ, թե յուրաքանչյուր ազգային միայն կատարելության ճանապարհով է դառնում համամարդկային:
Ազգային ինքնատիպությո՞ւն, թե՞ համաշխարհային միօրինակացում. այս հարցը մշտապես դրված է մարդկության առաջ` հերթական մարտահրավեր նետելով նրան:
Միօրինակություն քարոզող տեսությունների եւ դրանց հետեւում կանգնած ուժերի խնդիրն ակնհայտ է. շահարկելով ինտեգրացման բնական գործընթացները` բոլոր ազգերին պարտադրել միօրինակ բարքեր, միօրինակ մշակույթ, մտածելակերպ, հասարակարգ, տնտեսաձեւ, կարճ ասած` աշխարհաքաղաքացու համընդհանուր կենսակերպ:
Ազգերի մշակութային մերձեցում (բայց ո՛չ ձուլում), գիտատեխնիկական, տնտեսական միավորում (եւ ո՛չ մեկուսացում), այսինքն` հոգեւոր-մշակութային ինքնատիպություն եւ քաղաքակրթական ընդհանրություն. այսպես ենք մենք հասկանում աշխարհի բնական կարգը, այսպիսին է ազգայինի եւ համամարդկայինի մեր ընկալումը:
ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆ, ՀՀԿ նախագահի տեղակալ