Հունիսի 5-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության անդրադարձը Երվանդ Երկանյանի «Խաչված երազներ» N 5 սիմֆոնիայում» խորագրով հանդիպում կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի հետ: Սիմֆոնիան կոմպոզիտորը գրել է 2011 թ., չնայած մտահղացումը ավելի վաղ է ունեցել: Ինչպես կոմպոզիտորն է ասել. «Ստեղծագործությունը տարիների կուտակումների հետեւանք է, իսկ գրելու առիթը եղավ 2011 թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր` Է. Թոփչյանի առաջարկը»: Նրա բնորոշմամբ 5-րդ սիմֆոնիան եռապատումի (3-րդ սիմֆոնիան կոչվում է «Ձայն նահատակաց», 4-րդը` «Նեմեսիս») վերջին ամփոփիչ սիմֆոնիան է, որը գրվել է պոլսահայ բանաստեղծ` Հրանտ Նազարյանցի «Խաչված երազներ» գրքի տպավորության տակ: Պատահական չէ, որ Երկանյանը հանդիպման սկզբում խոսեց պոլսահայ մտավորականների մասին` կենտրոնանալով Հ. Նազարյանցի կյանքի եւ գործունեության վրա: Նաեւ մեջբերումներ արեց վերջինիս` հայոց պատմությանը եւ հայ երաժշտությանը նվիրված հոդվածներից:
Հայոց ցեղասպանությունն առանձնակի հետք է թողել Երկանյանի կյանքում. «Ես պատկանում եմ այն սերնդին, որի հայրական եւ մայրական կողմը լինելով Արեւմտյան Հայաստանից, կրել են իրենց վրա Եղեռնի դաժան հետեւանքները: Այդ սերնդից միայն շփվել եմ մայրական տատիս հետ, ում` Եղեռնի մասին պատմած պատմությունները գրառել եմ իմ երկու տետրերում»:
Այս ամենից հետո ներկաները ունկնդրեցին սիմֆոնիան` բաղկացած չորս մասից` I մաս -«Ստվերների արքայություն», II` կենտրոնական մասը` «Խաչված երազներ», III-ը` «Եփրատի օրոր», IV-ը` «Աստղահյուս պսակներ», որն առաջին անգամ կատարվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից, Է.Թոփչյանի ղեկավարությամբ: Այն մեծ եւ դրական արձագանք գտավ բոլորի կողմից:
ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆ, Երաժշտագետ, կոմպոզիտոր