«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում 2007-ից հիմք է դրվել «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը: Մինչեւ այժմ այդ ծրագրով համատեղ ստեղծվել են եւ նկարվել յոթից ավելի ֆիլմերՙ «Ժաննա եւ ձայներ», «Վերջին լարախաղացը», «Իմ խեղճ մայրիկը», «Աշուն», «Ալավերդին» եւ այլն: Ծրագրին ներկայացրած 7 պրոյեկտներից հինգը հայկական են: Ընթացքի մեջ են նաեւ երկու ֆիլմեր: Դրանցից մեկի ռեժիսորիՙ Ալյոնա Ֆետիսովի հետ «Ազգը» զրուցեց եւ տեղեկացավ, որ արդեն ավարտվել է «Փարաջանով» 100 րոպե տեւողությամբ գեղարվեստական ֆիլմի նկարահանումներն եւ ընթանում է մոնտաժային աշխատանքները: Ի դեպ Փարաջանովի դերում նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավետիքյանը: «Ազգի» այն հարցին, դժվար չէր արդյոք նկարահանումների ընթացքում լեզվական բարդ խնդիրը հաղթահարելը, ուկրաինացի ռեժիսորն ասաց. «Իհարկե շատ ծանր փորձություն էր, որից կարողացանք պատվով դուրս գալ եւ Սերժը ռուսերեն լեզվով կարողացավ հրաշալի կերպարանավորել Փարաջանովին: Հուսանք, որ հաջորդ տարի այդ ֆիլմը կներկայացնենք «Ոսկե ծիրան» փառատոնին»:
Երեկ մեկնարկեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որը բացեց ծրագրի տնօրեն Սուսաննա Հարությունյանը եւ ներկայացրեց այս տարվա ծրագիրն ու առաջարկները: «Ֆորումը նվիրված է արեւելյան համագործակցությանը եւ ընդգրկված են 6 երկրներՙ Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Հայաստան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան», ասաց Ս. Հարությունյանը «Ազգի» հետ զրույցում: Պրոյեկտներին Ադրբեջանը չի մասնակցում, եւ ստացված 9 հայտերը երեկ ներկայացվեցին Գերմանիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ուկրաինայից հրավիրված լավագույն պրոդյուսերների, որոնք մեծ փորձ ունեն համատեղ արտադրության ոչ միայն կովկասյան տարածաշրջանի, այլեւ եվրոպական երկրներում: «Իսկ ֆորումի նպատակն է համագործակցությունը,- ասաց Ս. Հարությունյանը,- մեր տարածաշրջանում երբեք չենք փորձել համատեղ ֆիլմ նկարել, մինչդեռ արդեն համատեղ ֆիլմ իրականացրել ենք Ֆրանսիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հետ, բայց հայ-վրացական, հայ-բելառուսական որեւէ ֆիլմ չկա»: Այս տարի ծրագիրը իրականացվում է Եվրոմիության աջակցությամբ եւ մեկնարկին ներկա էր Եվրոմիության պատվիրակությունը պրն Ժան Քրիստոֆեր Գեղոյի գլխավորությամբ: Վերջինս ողջունելով երկու տասնյակ մասնակից ռեժիսորներին, պրոդյուսերներին, բարձր գնահատեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը եւ նաեւ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, նշելով. «Այդ ամենը նպաստում է տարբեր երկրներում զարգացնել կինոարտադրությունն, ընդգրկելով երկրների մշակույթը, եւ մեր միությունը իր աջակցությամբ սիրով նպաստում է ծրագրի իրականացմանը»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ