«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


ՀԱՅ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

Ուկրաինայի Բախչիսարայ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են տուն վերադարձել Հայաստանի կոնտակտ կարատեի եւ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկները: Այս մասին երեկ «Արցախ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Քելեշյանը : Մրցասպարեզ դուրս եկած մեր 16 մարզիկներից 10-ը դարձան մրցանակակիրներ, որոնցից 8-ը կանգնեցին պատվո պատվանդանի առաջին աստիճանինՙ պարգեւատրվելով ոսկե մեդալներով:

Ինչպես նշեց Հայաստանի հավաքականի մարզիչ Ռազմիկ Մարտիրոսյանը , մեր կարատեիստները գերազանց ելույթներ ունեցանՙ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ: Իսկ մրցասպարեզ էին դուրս եկել նաեւ Մոլդովայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Կալմիկիայի եւ Ուկրաինան ներկայացնող 2 հավաքականները:

Մրցումներն անցկացվեցին տարիքային տարբեր խմբերով: Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալի արժանացած ամենակրտսեր մասնակիցը 7-ամյա Վահան Մկրտչյանն էր (22 կգ): Հաղթողներ ճանաչվեցին նաեւ Նորիկ Սարգսյանը (32 կգ), Մհեր Ալեքսանյանը (35 կգ), Վարդան Քելեշյանը (46 կգ), Արգիշտի Թամոյանը (48 կգ), Արմեն Գալստյանը (50 կգ), Սոկրատ Մարտիրոսյանը (65 կգ) եւ Գեւորգ Գրիգորյանը (75 կգ): Բրոնզե մրցանակակիրներ դարձան Վասպուր Վանեսյանը (35 կգ) եւ Վարդգես Կարապետյանը (40 կգ):

Ուկրաինայում կայացած մրցաշարը մեր մարզիկների համար ուժերի հիանալի ստուգատես էր նոյեմբերին Իտալիայում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Թեեւ ֆինանսական որոշ դժվարություններին, ֆեդերացիան մտադիր է Իտալիա գործուղել 3-4 մարզիկի: Ի դեպ, Ուկրաինայի մրցաշարի մասնակցությունն էլ հնարավոր եղավ հովանավորներիՙ Ավշարի գինու գործարանի ղեկավարության եւ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի գյուղապետ Վալերի Գյուլամերյանի ֆինանսական աջակցության շնորհիվ:

Հայաստանի կոնտակտ կարատեի եւ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիան հիմնվել է 2000-ին: Մեր մարզիկները մասնակցել են միջազգային մի շարք մրցաշարերի, աշխարհի առաջնությունների եւ մշտապես արժանացել են մեդալների: Ներկայումս այս մարզաձեւով մշտապես պարապում են մոտ 900 մարզիկներ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր մարզերը:

Ֆեդերացիան համագործակցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ, իսկ մարզիկներից շատերը նաեւ մասնակցում են բռնցքամարտի մրցումներին: Օրինակ, ֆեդերացիայի նախագահի որդինՙ Վարդան Քելեշյանը բռնցքամարտի մրցումներում 4 անգամ հաղթող է ճանաչվել: Նա կարատեով զբաղվում է 4 տարեկանից, աշխարհի եռակի չեմպիոն է: Հավաքականի մարզիչն ու ֆեդերացիայի նախագահը լավատես ենՙ հույս ունենալով, որ Իտալիայում կայանալիք աշխարհի առաջնությունում էլ իրենց սաները հաջող ելույթներ կունենան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4