«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2012-07-10 | #124, 2012-07-11 | #125, 2012-07-12


ԴՈԼԱՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Դրամի արժեւորման միտումը ամռանը հավանաբար կպահպանվի

«Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413,3 դրամ, իսկ փակման գինըՙ 413 դրամ: Վաճառվել էր 4,5 մլն դոլար: Գրեթե նույնքան դոլար էր վաճառվել նախորդ օրը, իսկ փոխարժեքը կազմել էր մոտ 415 դրամ: Այս ցուցանիշները փաստում են, որ մոտ 1,5 ամիս առաջ սկսված դոլարի թանկացման ժամանակահատվածն ավարտվեց: Հիշեցնենք, որ մայիսից 1 դոլարի փոխարժեքը նախ անցավ 400 դրամի հոգեբանական սահմանը, ապա շարունակեց բարձրանալՙ հասնելով մինչեւ 419 դրամի: Դրա սկզբնապատճառը միջազգային շուկայում դոլարի նկատմամբ եվրոյի ուժեղացումն էր: Դրան, մեզ մոտ, ինչպես միշտ, գումարվում է մեր բնակչության գերվստահությունը դոլարի նկատմամբ եւ դրանով պայմանավորված սպասումները: Երբ մարդիկ նետվում են իրենց մոտ եղած դրամը դոլար դարձնելու ,վերջինիս գինն ավելի է բարձրանում, եւ ունենում ենք գերարժեւորված դոլար:

Մեր մոտ մեկ ամիս առաջվա հրապարակմամբ («Պետք չէ ցնցվել դոլարի ամեն ցնցման հետ», «Ազգ», 06.06.2012 թ.), նշելով, որ փոխարժեքը կախված է բազմաթիվ` ներքին եւ արտաքին գործոններից, եւ հստակ հնարավոր չէ ասել, թե փոխարժեքն ինչ տատանումներ կունենա առաջիկայում, միաժամանակ կանխատեսել էինք, որ առաջիկա շաբաթներին դոլարը կսկսի թուլանալ, իսկ դրամը` արժեւորվել: Դա բացատրել էինք սեզոնային գործոնով` գյուղմթերքների առատությամբ, երբ դրամը ամառային ամիսներին ավանդաբար ուժեղանում է: Ինչը եւ տեղի ունեցավ, թեեւ ակնկալում էինք, որ այս գործընթացն ավելի շուտ կսկսվի, քանի որ դոլարն այս ամբողջ ընթացքում թանկ էր մնում բացառապես բնակչության սպասումների շնորհիվ: Դրա վկայությունն էին բորսայում գործարքների ցուցանիշները, երբ օրական վաճառվում էր 1-3 մլն դոլար կամ լինում էր օր, երբ ընդհանրապես չէր վաճառվում, այսինքնՙ մեծ պահանջարկ չկար, բայց բարձր գինը պահպանվում էր: Այս միտումն, ի վերջո, տեղի տվեց վերջին 2-3 օրերին, երբ դոլարի արժեքը վերջապես սկսեց նվազել, չնայած օրական բորսայում ավելի շատ` 4-4,5 մլն դոլար էր վաճառվում: Ինչը վկայում էր դոլարի ինչ-որ տեղ արհեստական գերարժեւորման եւ բնական փոխարժեքին մոտենալու միտումի մասին:

Այս պարագայում բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի՞ հետագա վարքագիծ կունենա փոխարժեքը: Մեկ անգամ եւս ցանկանում ենք ընդգծել, որ փոխարժեքի վրա ազդում են բազմաթիվ գործոններ` ներքին եւ արտաքին, ու հստակ կանխատեսում անել հնարավոր չէ: Սակայն, հաշվի առնելով առկա գործընթացները եւ նախորդ տարիների այս ժամանակահատվածի փոխարժեքի դրսեւորումները, կարելի է ենթադրել, որ գոնե մինչեւ աշուն, առաջիկա 1,5 ամիսներին դրամի արժեւորման միտումը կշարունակվի: Բնական է, որ հնարավոր չէ ասել, թե դրամը մինչեւ ուր կարժեւորվի, կվերադառնա՞ 1 դոլարը` 390-400 դրամի միջակայք, թե՞ ոչ:

Ի դեպ, կարծում ենք արժե անդրադառնալ այն տեսակետին, որ ազգային արժույթի թուլացումը խրախուսում է արտահանումը: Դասական առումով դա այդպես է, բայց Հայաստանի տնտեսության պարագայում դա իսկապե՞ս որոշիչ գործոն է արտահանման ծավալների ավելացման համար, թե՞ ոչ: Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4