Այս ուժերից բացիՙ մնացած կուսակցությունները շփումներ ունեն աղանդավորական կառույցների հետ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՄՆ պետդեպարտամենտի 2011-ին հրապարակված Հայաստանի վերաբերյալ կրոնական զեկույցը տեղեկացնում է, որ Հայաստանում բնակվող ավելի քան 3 միլիոն բնակչի 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, մնացածըՙ կրոնական տարբեր կազմակերպությունների են հարում:
Մինչդեռ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի տվյալներովՙ բնակչության 350-360.000-ը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ չեն, նրանց քառասուն տոկոսը հարում է քայքայիչ ամենատարբեր աղանդներին:
«Քայքայիչ աղանդներն այն կառույցներն են, ովքեր արգելված մեթոդներ են կիրառում իրենց կազմակերպության մեջ մարդկանց ընդգրկելու համար, եթե կրոնական կառույցն իր էությամբ փակ է, այսինքնՙ իր հասարակ անդամը չի կարող է տեղյակ լինել, թե ինչ է կատարվում կազմակերպության ներքին խոհանոցում»: Համաձայն ԱՄՆ պետդեպի զեկույցի, աղանդավորական կազմակերպությունները ֆինանսավորվում են արտասահմանից, հիմնական ուղությունները ԱՄՆ-ն, Չինաստանն ու Գերմանիան են:
Հայաստանում առավել ակտիվ են «Եհովայի վկաները», «Մորմոնները», «Կյանքի խոսքը»: Հատկապես ակտիվ եւ առավել վտանգավոր են «Եհովայի վկաներ»-ն ու «Կյանքի խոսք» աղանդի հետեւորդներն ու քարոզիչները:
Այս կրոնական կառույցները հովանավորությունը կատարում են ցանցային մարկետինգի միջոցով: Այս սզբունքով են աշխատում նաեւ կոսմետիկայի հայտնի ֆիրմաները: Mary Key, Faberlic, Oriflame ընկերությունները, որոնք հայտնի են նաեւ հայ սպառողին, առնչություններ ունեն կրոնական կազմակերպությունների հետ եւ նրանցից ֆինանսավորվում են:
Ամարյանը հավաստիացնում է, որ ունի Mary Key կոսմետիկայի վաճառքով զբաղվող ընկերության ձայնասկավառակը, որտեղ հստակ գրված էՙ ինչպես նպատակ դնել, համոզել մարդկանց, ներքաշել նրանց կրոնական կազմակերպության մեջ: Նույն կերպ են աշխատում նաեւ վերոնշյալ մյուս ընկերությունները:
Ամարյանը նշում է, որ մինչեւ 2010թ. Mary Key-ը Հայաստանում ապօրինի գործունեություն է ծավալել, ապրանքները Հայաստան են ներմուծվել մաքսանենգության միջոցով: Ամարյանը հիշում է, որ 2004-ին օդանավակայանում մաքսանենգության միջոցով Mary Key ընկերության ապրանքն են բռնել, որի մեջ մեծ քանակությամբ «Կյանքի խոսք» աղանդի մասին գրականություն կար:
«Պարզվեց, որ Mary Key-ի ղեկավարներից մեկը խարիզմատիկ եկեղեցու «զոքանչն» է: Mary Key-ում կան լիդերներ, որոնցից մի քանիսը կրոնական կառույցի ներկայացուցիչներ են, այնտեղ կան նաեւ մաքուր բիզնեսով զբավողներ»:
«Կյանքի խոսք» աղանդը հովանավորում է նաեւ բազմաթիվ երգիչ-երգչուհիների, դերասանների, նրանց տրամադրում գումար, տեխնիկա, ապահովում մասնակցություն տարբեր համերգների, արարողությունների, ինչի հետեւանքով բազմաթիվ հայտնի դեմքեր նաեւ հրապարակավ խոստովանում են, որ «Կյանքի խոսք» աղանդի հետեւորդ են:
Ինչպես երգիչներն ու դերասանները, այնպես էլ քաղաքական կուսակցությունները համագործակցում են աղանդների հետ: Սա նորություն չէ, եւ երեւույթը միայն Հայաստանում տարածված չէ: Ուսումնասիրություններովՙ ԱՊՀ տարածքումՙ Վրաստանում, Ուկրաինայում եւ այլ երկրներում հեղափոխությունների ամենաակտիվ եւ գազազած զանգվածը հենց աղանդավորներն էինՙ հատկապես խարիզմատիկ աղանդների հետեւորդները, ինչպիսին է «Կյանքի խոսք»-ը:
Աղանդավորների օգնությանը շատ հաճախ դիմում են նաեւ քաղաքական կուսակցությունները: Այդ համագործակցությունը հատկապես ակտիվ է ընտրությունների շրջանում: Ամարյանը շեշտում է, որ որոշակի գումարի դիմաց այս կամ այն կրոնական կառույցի ղեկավարները վաճառում են արդեն «բույսի վերածված» հետեւորդների ձայները, կարող են նրանց տանել միտինգի, ստիպել հարվածել, վիրավորել:
ՀՀԿ, ՕԵԿ եւ Կոմկուս: Սրանք այն կուսակցություններն են, որոնք ըստ Ա. Ամարյանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրոնական կազմակերպություններից աջակցություն չեն ստացել:
«Մյուս կուսակցությունները բանակցություններ են վարել կրոնական կազմակերպությունների հետ, բայց թե ինչքանով են աշխատել այդ բանակցությունները, չեմ կարող ասել», ասաց Ամարյանըՙ հավելելով, որ քաղաքական կուսակցությունների եւ կրոնական կառույցների միջեւ շփումների մասին տեղյակ է պահել համապատասխան կառույցներին: