«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2012-07-10 | #124, 2012-07-11 | #125, 2012-07-12


ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ. «ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՄ»

ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի քաղաքական գործունեությունը սկսվել է 1991 թ., երբ նա ընտրվեց ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Այնուհետեւ երկու անգամ Բալասանյանը պատգամավորի մանդատ է զբաղեցրել Արցախի օրենսդիր մարմնում: 2005 թ. խորհրդարանական ընտրություններում «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել է պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1999 թ. սեպտեմբերից նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ: 2010 թ. պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով: Այժմ Դաշնակցություն խմբակցության անդամ է: 2007-2010 թթ. եղել է նաեւ ԼՂՀ նախագահի խորհրդական: Արժանացել է Արցախի հերոսի «Ոսկե արծիվ» շքանշանի (ԼՂՀ) եւ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի (ԼՂՀ):

- Պարոն Բալասանյան, ո՞րն է նախագահական ընտրություններում առաջադրվելու ձեր դրդապատճառը:

- Նախագահական ընտրություններում իմ առաջադրվելու հիմնական պատճառը երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է, հետընթացը ժողովրդավարության բնագավառում, արտաքին քաղաքականության բացակայությունը, բարեփոխումների անհրաժեշտությունը պաշտպանության եւ այլ ոլորտներում: Ես պատահական մարդ չեմ այս երկրում, դեռ 90-ականներից ակտիվորեն մասնակցում եմ երկրի քաղաքական կյանքին, պատերազմը սկսելուն պես հրամանատարական պաշտոններ եմ զբաղեցրել պաշտպանության բանակում, եւ երկրի ներկայիս ծանր վիճակը լրջագույնս մտահոգում է ինձ:

- Ինչո՞ւ պետք է արցախցին Ձեզ ընտրի: Ի՞նչ փոփոխություններ եք առաջարկում նրանց կյանքն առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

- Ես առաջարկում եմ առկա վիճակի փոփոխություն, բիզնեսի եւ իշխանության հստակ տարանջատում, գործարարության համար նպաստավոր պայմաններ, պայքար երկրում ծաղկած կոռումպացվածության եւ հովանավորչության դեմ:

Ես առաջարկում եմ փոփոխություններ պաշտպանության բնագավառում, ինչը թույլ կտա բացառել թշնամու կողմից մեր զինվորների սպանությունը:

Առավել արդյունավետ ծախսել բյուջեն, հրաժարվել պետական ապարատի սպասարկման համար նախատեսված շռայլ ծախսերից եւ այդ գումարներն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը: Հստակ քայլեր անել գյուղական ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսական արտադրանքի ավելացման ու մթերման ուղղությամբ: Վարել ակտիվ արտաքին քաղաքականություն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Ցավոք, այսօր մեր երկրում արտաքին քաղաքականություն չի վարվում, մեկ տարի էՙ ԱԳ նախարար չունենք, այնինչ մենք հսկայածավալ գործ ունենք այս ոլորտում անելու:

- Կարո՞ղ եք առանձնացնել խնդիրների այն խումբը, որոնք այսօր հրատապ են Արցախի բնակչության համար եւ շտապ լուծման կարիք են զգում:

- Մեր հանդիպումներում բնակիչները հիմնականում սոցիալական խնդիրներ են բարձրացնում, խնդիրներ, որոնք սոցիալական անարդարության արդյունք են: Այս կտրվածքով ամենակարեւոր խնդիրը սոցիալական անարդարության վերացումն է, երբ թոշակների, պետական աշխատավարձերի միջեւ տարբերությունը կարող է լինել հազար տոկոս: Երբ մի թոշակառու կարող է ստանալ 30 հազար դրամ, մեկ ուրիշը` 300-400 հազար դրամ: Մեր բնակիչների մեծ մասը չեն ստանում սպառողական զամբյուղին գոնե հավասար թոշակ եւ աշխատավարձ, ինչը մեծագույն մարտահրավեր է հասարակությանը: Այսօր սպառողական զամբյուղն Արցախում, մասնագետների հաշվարկներով, մոտ 70 հազար դրամի է հավասար, եւ մենք ամեն ինչ պետք է անենք առաջիկա տարիներին նվազագույն աշխատավարձն ու թոշակը սպառողական զամբյուղին հասցնելու համար:

- Շուշի քաղաքի զարգացման համար ի՞նչ եք նախատեսում անել առաջիկա 5 տարվա ընթացքում:

- Մենք կարեւորում ենք Արցախի համաչափ զարգացումը, այս առումով ուշադրության կենտրոնում ոչ միայն Շուշին է, այլեւ մյուս շրջկենտրոնները, քաղաքներն ու գյուղերը: Այսօր բնակչության մի ստվար զանգված կենտրոնացած է Ստեփանակերտում, բնակչության մեծությամբ հաջորդ բնակավայրը տասն անգամ զիջում է Ստեփանակերտին: Սա լրջագույն խնդիր է մեր անվտանգության, երկրի զարգացման տեսանկյունից: Մեր հիմնական ջանքերն ուղղված են լինելու ենթակառուցվածքների ստեղծմանն ու շրջաններում տների կառուցմանը, բիզնես միջավայրի ստեղծմանը` նպատակ ունենալով երիտասարդներին հնարավորություն տալ աշխատելու եւ ընտանիք կազմելու իրենց ծննդավայրում` առանց հայացքն ուղղելու Ստեփանակերտին կամ ավելի հեռու:

Կոնկրետ Շուշին ես տեսնում եմ որպես Արցախի կրթական եւ մշակութային սիրտը, որն ունի համահայկական արժեք: Կարեւոր եմ համարում նաեւ Շուշիի` որպես հանգստավայր-առողջարանային կենտրոնի, վերականգնումը: Ես մեծ նշանակություն եմ տալիս հայապահպանության գործին Արցախի մասնակցությանը, որտեղ Շուշին իր առանձնահատուկ դերը կունենա:

- Բազմիցս խոսվել է ազատագրված տարածքների բնակեցման մասին: Այս առումով Դուք եւ Ձեր թիմը ինչպիսի՞ ծրագրեր եք մշակել:

- Մենք նպատակ ունենք ազատագրված տարածքների գյուղատնտեսական նշանակության հողերն անհատույց սեփականաշնորհել ղարաբաղյան պատերազմի հետեւանքով փախստական դարձած հայերին, Արցախից դուրս ապրող Արցախյան պատերազմի մասնակիցներին, Արցախի բոլոր բնակիչներին` որպես ադրբեջանական ագրեսիայի, կրած նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում: Թերբնակեցված այս շրջանները նույնպես, Արցախի մյուս շրջանների նման, լինելու են մեր ուշադրության կենտրոնում, այստեղ եւս նախատեսված են այն քայլերը, որոնք նկարագրեցի նախորդ հարցին պատասխանելու ժամանակ:

- Պարոն Բալասանյան, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Որքանո՞վ է տարբերվում ներկա կառավարության դիրքորոշումից:

- Մենք պահանջելու ենք, որ հստակ գնահատական տրվի Արցախյան պատերազմին: Եթե կան միջազգային ինչ-ինչ կառույցներ, որոնց հետաքրքրում է Արցախի հարցը, ապա պետք է այդ կառույցները պատրաստ լինեն հստակ ասելու, թե ո՞վ է սկսել պատերազմը, եւ գնահատական տան նախահարձակ եղածին: Սա էապես կհեշտացնի կարգավորումը: Մենք նաեւ համոզված ենք, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պետք է կնքվի ռազմավարական դաշինք, որտեղ Երեւանը հանդես կգա որպես Արցախի ժողովրդի եւ Արցախի տարածքային ամբողջականության երաշխավոր: Արցախյան կարգավորման հարցում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պետք է լինի լիազորությունների եւ պարտականությունների հստակ տարանջատում, ինչը թույլ կտա Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջը: Ի տարբերություն գործող իշխանությունների` իմ դիրքորոշումը Արցախի սահմանների վերաբերյալ հստակ է եւ անփոփոխ` մենք պետք է ապահովենք անվտանգությունն ու զարգացումը Արցախի Հանրապետության առնվազն ներկա փաստացի սահմաններում, եւ բացառում եմ որեւէ տարածքային զիջում հակառակորդին:

- Որպես պաշտպանության նախկին փոխնախարարՙ բանակում ինչպիսի՞ խնդիրներ կան, եւ ի՞նչ փոփոխություններ եք առաջարկում այդ խնդիրները լուծելու համար:

- Առավել կարեւորում եմ մարտական հերթապահության բարելավումը, հերթապահության օրերի կրճատումը, մեր զինվորի տեղակայումը անվտանգ, արդիական ինժեներական կառույցներում, թշնամուն դիտարկելու գործում էլեկտրոնային միջոցների օգտագործումը: Զինվորի կյանքը ամենաթանկն է մեզ համար, եւ պետք է բացառել թշնամու կողմից մեր զինվորի սպանությունը, ինչպես նաեւ կրճատել միջանձնային հարաբերություններով պայմանավորված մահերի թիվը:

- Պարոն Բալասանյան, ինչո՞վ կբացատրեք ՀՅԴ ԼՂՀ կառույցի դիրքորոշումը նախագահական ընտրություններին ներկա նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ:

- Դա ես կանվանեի ՀՅԴ արցախյան կառույցի վերնախավի մի մասի եւ բյուրոյի որոշ անդամների, մասնավորապես Հրանտ Մարգարյանի դիրքորոշում: Վստահեցնում եմ, որ Դաշնակցության շարքերն իմ կողքին են եւ իրենց ձայնը տալու են ինձ:

- Ըստ վերլուծաբաններիՙ հիմնական պայքարը Ձեր եւ Բակո Սահակյանի միջեւ է ընթանալու. Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

- Հաղթանակի իմ շանսերը բարձր են, քանզի ժողովուրդը մեծ մասամբ ճանաչում է ինձ: Ժողովրդի հիմնական մասը ձգտում է փոփոխությունների եւ առաջընթացի, հիասթափված է գործող նախագահի գործունեությունից: Ես փոփոխությունների եւ առաջընթացի թեկնածուն եմ:

- Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական պայքարը: Խաղի կանոները հավասա՞ր են բոլորի համար:

- Նախընտրական պայքարը նորմալ է ընթանում, այս պահի դրությամբ խաղի կանոնները հիմնականում հավասար են, չհաշված մի քանի բացթողումներ, որոնց մեր շտաբն արձագանքում է:

- Ձեր հայտարարության մեջ շեշտել էիք, որ վարչական ռեսուրսն օգտագործվում է հօգուտ իշխանության, ընտրացուցակներն ուռճացվում են: Մանրամասն կասե՞քՙ ինչ է արվում Արցախում:

- Մենք ահազանգել էինք նախընտրական քարոզարշավը սկսելուց առաջ: Քարոզարշավը դեռ չսկսածՙ Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը, սկսել էին նախընտրական քարոզարշավը եւ անօրինական կազմակերպչական աշխատանքներ էին տանում տեղերում` հօգուտ գործող նախագահի: Այդ գործում ընդգրկված էին նաեւ շրջանային տարբեր ծառայությունների ղեկավարներ:

Ընտրացուցակներում մեզ անհանգստացնում է այն, որ Արցախում չբնակվող հազարավոր քաղաքացիներ հաշվառված են ցուցակներում: Նախկին ընտրությունները ցույց են տալիս, որ ընտրացուցակների նման վիճակը ընտրախախտումների հիմք է դառնում:

Հարցազրույցը` ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4