Լեռնային Ղարաբաղը Քվեբեկ չէ, Ադրբեջանը` Կանադա
Aze.az կայքը, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատուներից Էլնուր Ասլանովիՙ Միլլի մեջլիսի փոխխոսնակ Ռիբայաթ Ասլանովայի որդու, անձնական օգտագործման լրատվամիջոցն է, անդրադարձել է իրողությանը, թե ինչպես «հայ քաղաքական գործիչ» Ժիրայր Լիպարիտյանը Բաքվում գտնվելով, հանդիպել է «ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ»: Նախ ասենք, որ պարոն Լիպարիտյանը ԱՄՆ քաղաքացի է, եւ նրա հանդիպումը «ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» հետ պետք է համարել մասնավոր անձի որոշում:
Այժմ` ըստ էության: Պարզվում է, «ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» հետ հանդիպմանը Ժիրայր Լիպարիտյանը հարց է բարձրացրել, թե «վերջապես ինչո՞ւ նախագահ Ալիեւը չհանդիպի Բակո Սահակյանի հետ»: Եվ օրինակ է բերել կանադական Քվեբեկը, որի ռեգիոնալ կառավարությունը 1976թ. ի վեր բանակցում է ֆեդերալ իշխանությունների հետ` տարածաշրջանի կարգավիճակի հարցով:
Aze.az-ը բերում է մի ամբողջ շարք «հիմնավորումներ, թե ինչու անիմաստ է», որ Իլհամ Ալիեւը հանդիպի Բակո Սահակյանի հետ: Դրանք չափազանց հին են: Մանավանդ այն մասով, որ «ի տարբերություն Քվեբեկի, որը Ֆրանսիայի կողմից չի օկուպացվել, Լեռնային Ղարաբաղում այսօր «տեղաբաշխված են Հայաստանի զորքերը»»: Անանուն հեղինակը հիշեցնում է, որ Քվեբեկի կառավարությունը 1976թ. դիմել է կենտրոնական իշխանություններին` բանակցությունների խնդրանքով, մինչդեռ Լեռնային Ղարաբաղում «սեպարատիստները ամեն ինչ սկսել են ապօրինի»:
Հարկ է հիշեցնել, որ 1988թ. փետրվարի 20-ի մարզխորհրդի նստաշրջանը որոշման մեջ տառացիորեն գրված էր` «խնդրել», որպեսզի Ադր. ԽՍՀ Գերագույն խորհուրդը քննարկի ինքնավար մարզը ՀԽՍՀ-ի կազմի մեջ մտցնելու հարցը: Բայց եթե Կանադայի կենտրոնական իշխանությունները Քվեբեկի ռեգիոնալ կառավարության խնդրանքին ընդառաջել եւ հնարավորություն են ստեղծել, որ վերջինս անցկացնի հանրաքվե, ապա Ադրբեջանում ի սկզբանե շրջանառության են դրվել «հողից բաժին չկա» եւ «հողն արյամբ են նվաճում» կարգախոսները:
Ո՞րն էր ադրբեջանական կողմի առաջին արձագանքը: Դա փետրվարի 22-ին Բարդայից եւ Աղդամից մի քանի տասնյակ հազարանոց խառնամբոխի արշավանքն էր դեպի Ստեփանակերտ` «Ղարաբաղի անշնորհակալ հայերին կարգի հրավիրելու»: Իսկ քիչ հետո Սումգայիթի եղեռնագործությունը եղավ Ադրբեջանի իշխանությունների «պատասխանը»: Եվ այսպես` շարունակ:
Ադրբեջանական կայքը հարցադրումներ է անում եւ պատասխանում: Իհարկե` յուրովի: Մեր հերթին հարցնենք. անկախության հարցով հանրաքվե անցկացնելու մասին Քվեբեկի կառավարության հայտարարությունից հետո Կանադայի իշխանությունները երկրի այլ մասերում ապրող ֆրանսիախոս բնակչության դեմ հալածանքներ սկսե՞լ են: Ոչ: Օտտավան տնտեսական պատժամիջոցներ կիրառե՞լ է «անջատողականների» դեմ: Ոչ: Կանադայի վարչապետը քվեբեկցիներին «անշնորհակալ հյուր» անվանե՞լ է: Ոչ: Կանադայի կառավարությունը Քվեբեկում Ֆրանսիայի «գործակալներ» փնտրելու անվան տակ անձնագրային ռեժիմի ստուգումներ անցկացրե՞լ է: Ոչ: Կանադական մամուլը հեղեղվե՞լ է հակաֆրանսիական նյութերով: Ոչ: Կարելի է անվերջ շարունակել: Բոլոր դեպքերում պատասխանը կլինի «ոչ»:
Միակ բանը, որ արել է Կանադայի վարչապետը, հեռուստատեսային ելույթն է, որի ընթացքում քվեբեկցիներին հորդորել է «դեմ» քվեարկել տարածաշրջանի անկախությանը: Իսկ իրավական առումով կառավարությունը դիմել է երկրի Գերագույն դատարանին, որպեսզի վերջինս տա սեցեսիայի հնարավորության իրավական պատասխանը: Եվ դատարանը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, հստակորեն արձանագրել է, որ ինքնորոշման իրավունքի իրացումը չի հակասում Կանադայի սահմանադրությանը: Այլ բան, որ դատարանի որոշումը ենթադրում է նաեւ սեցեսիայի օրինականացման մի ողջ ընթացակարգ: Գլխավորն այն է, որ Կանադայի Գերագույն դատարանը օրինական է համարել անկախության հարցով հանրաքվե անցկացնելու` Քվեբեկի կառավարության որոշումը, եւ հանրաքվեն կայացել է: Առաջին դեպքում քվեբեկցիները կառավարությանը լիազորել են բանակցել կենտրոնական իշխանությունների հետ, երկրորդ անգամ չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը եւ ռեգիոնը հռչակել անկախ պետություն:
Aze.az-ը փարիսեցիաբար գրում է, որ «Լեռնային Ղարաբաղին ոչ ոք չի զրկել հանրաքվեի իրավունքից»: Սա ակնհայտ կեղծիք է: Ադրբեջանը նույնիսկ չի էլ քննարկել ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու հարցը: Ադրբեջանական կայքը դարձյալ բանավիճում է հայ քաղաքագետների հետ, ում արդարացի կարծիքով` Ադրբեջանի հանդեպ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի չէ, քանի որ այդ պետությունը չի հարգում ինքնորոշման իրավունքը: Սա անառարկելի է: Անկախ Ադրբեջանի ընդունած առաջին «իրավական» ակտերից մեկը Լեռնային Ղարաբաղի ինքնավարության լուծարման մասին սահմանադրական օրենքն էր, որ ընդունվել է ԽՍՀՄ սահմանադրության կոպիտ խախտմամբ: Հենց դա էլ Ադրբեջանի կողմից ինքնորոշման իրավունքը չհարգելու ապացույցն է: Ի տարբերություն Կանադայի, որտեղ Քվեբեկի հատուկ կարգավիճակը չի լուծարվել, ռեգիոնը չի զրկվել իշխանության սահմանադրական մարմիններից:
Գլխավորը սա է: Մնացածը հետեւանք է: Այդ թվում եւ «զորքերի ներկայությունը», որն, ի դեպ, շատ օրինական է: Քանի որ անկախության ձգտող ժողովուրդը, եթե հանդիպում է խոչընդոտների, մեր դեպքում` ռազմական ագրեսիայի, իրավասու է «դիմելու եւ ստանալու արտաքին աջակցություն»: Եթե Կանադայի կենտրոնական իշխանությունները փորձ անեին զենքի ուժով բռնաճնշելու քվեբեկցիների անկախական ձգտումները, եւ ստեղծվեր ճգնաժամային իրավիճակ, ապա բացառված չէ, որ ռեգիոնալ կառավարությունը դիմեր եւ ստանար արտաքին օժանդակություն, այդ թվում եւ ռազմական:
Ի վերջո, aze.az-ը համարում է, որ ««օկուպացիոն զորքերի դուրսբերումից» հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարող է ընդունել «իր քաղաքացիներ» Բակո Սահակյանին եւ Բայրամ Սաֆարովին եւ քննարկել երկհամայնքային Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամեն մի հարց»: Սա է Ժիրայր Լիպարիտյանի հարցի պատասխանը:
Իրականության մեջ, մինչդեռ, չի եղել, չկա եւ չի լինելու «երկհամայնքային Լեռնային Ղարաբաղ»: Կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիներն Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվում են պատանդի կարգավիճակում: Որպեսզի պնդեն «փոքրամասնության մեջ փոքրամասնության ինքնորոշման իրավունքի» հիմարությունը: Իսկ ԼՂՀ նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպում, ըստ ամենայնի, պետք է նախաձեռնի հենց պաշտոնական Բաքուն: Քանի որ խնդիրներ ունի ինքը: Եթե Ադրբեջանում կարծում են, թե պաշտոնական Ստեփանակերտը չափազանց շատ է ցանկանում շփվել Իլհամ Ալիեւի հետ, ապա սխալվում են: Իսկ Ժիրայր Լիպարիտյանը, որպես կիրթ մարդ, ընդամենը հասկացրել է, որ «ԼՂ ադրբեջանական համայնքը» երբեք ԼՂՀ իշխանությունների աուդիենցիային չի արժանանալու:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ