«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2012-07-10 | #124, 2012-07-11 | #125, 2012-07-12


«ԹԱՑ ԵՐԱՇՏ» ԵՎ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅՈՒՆ

Բնապահպանների բնութագրմամբՙ «թաց երաշտ»-ի պայմաններում անհակասանալի եւ առեղծվածային է Սեւանից նորմայից շատ ջուր բաց թողնելու որոշումը: Կարինե Դանիելյանն ՙ օրինակ, չի հասկանումՙ ինչպե՞ս ստացվեց, որ ձյունառատ ձմեռվանից, տեղացած հորդառատ անձրեւներից հետո երաշտային վիճակ ստեղծվեց եւ անհրաժեշտություն առաջացավ Սեւանից առավել քանակությամբ ջուր բաց թողնելու:

«Մենք չենք ասումՙ երաշտ, ասում ենքՙ սակավաջուր իրավիճակ», ՄԻՊ գրասենյակում տեղի ունեցած քննարկմանը նշում է ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Մհեր Մկրտումյանը ՙ հավելելով, որ Սեւանը պետք է լինի մարդակենտրոն: Նրա ներկայացմամբՙ այսօր 39.000 հա հողատարածք Սեւանի ջրի կարիք ունի, եւ պետությունը չի կարող մի քանի հազար գյուղացիների թողնել առանց ջրի, մանավանդ որ եղանակային պայմանները բարենպաստ են, եւ գյուղացին առատ բերք է սպասում: Մկրտումյանի ներկայացմամբՙ ջրամբարները կիսով չափ են լցված. Ապարանի ջրամբարում 39 միլիոն խմ ջուր կա, իսկ Ազատանի ջրամբարումՙ 63: Ակնալիճում գտնվող պոմպակայաններն էլ ջրով առատ չեն, 6 պոմպակայանից միայն 2-ն են աշխատում:

Թե ինչո՞ւ չկան ջրային ռեսուրսներ, ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լեւոն Ազիզյանն ասում է, որ գարնանը ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, գարնանը հորդառատ անձրեւներ չեն գրանցվել, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անձրեւ չի տեղացել, ինչի հետեւանքով հողը չորացել է եւ տեղումներից հետո կլանել է ջուրը: Ավելին, եթե նախորդ տարիներին գարնանային վարարումների ժամանակ Սեւանի մակարդակը բարձրանում էր 50 սմ-ով, ապա այս տարի բարձրացել է 23 սմ-ով: Եթե վերջին տարիներին Ախուրյանի ջրամբարը միշտ լցվել է, ապա այս տարի չի էլ բարձրացել:

Մհեր Մկրտումյանի ներկայացմամբ էլ Սեւանից արդեն բաց է թողնվել 145 միլիոն խմ ջուր: Նույնքան էլ նախատեսվում է բաց թողնել: Բնապահպան Ինգա Զառաֆյանի փոխանցմամբՙ ոռոգման սեզոնը մեկնարկում է հունիսի 2-ին, մինչդեռ այս տարի մայիսի 2-ին են Սեւանից ոռոգման համար ջուր բաց թողել: «Իսկ ի՞նչ պետք է անեք, եթե, ասենք, օրենքը չընդունվի եւ արգելվի հավելյալ քանակով ջրի բացթողումը: Հուլիս-օգոստոս ամիսներին ի՞նչ է անելու գյուղացին»:

«Ձեզ պետք է տեղեկացնեմ , որ օրենքն արդեն ընդունվել է, նաեւ երկրորդ ընթերցմամբ», ասաց Մկրտումյանը: Բնապահպանների ներկայացմամբՙ օրենքի ներկայացումն ու ընդունումը առեղծվածային էին: Խորհրդարանում անցկացված լսումներին բնապահպաններին չեն թույլատրել մասնակցել: Օրենքն ընդունվել է հապշտապ, իսկ կառավարության կայքում նախարարությունների դիրքորոշումը տվյալ հարցում չկա: ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փորձագետ Յուրի Խալաթյանը համամիտ էՙ արագ է ընթացել, քանի որ խորհրդարանը նոր էր ձեւավորվել, եւ պետք է գնային հանգստի: «Դա է պատճառը, որ օրենքը շուտափույթ է ներկայացվել, քննարկվել եւ ընդունվել», ասում է Խալաթյանը: «Այսինքն ձեզ համար Սեւանը անլուրջ մի հարց է, որ կարող եք շուտափույթ նման օրենք ընդունել», հարցրեց Սիլվա Ադամյանը: «Ո՚չ, ուղղակի ժամանակ չկար, հետո ի՞նչ անեինք, թողնեինք գյուղացին մնար առանց ջրի՞», շարունակում է Խալաթյանը:

Թեպետ բնապահանության նախարարությունը ՄԻՊ-ին ուղղված նամակում դրական եզրակացություն է տվել, սակայն քննարկման մասնակիցներից Ապրես Զոհրաբյանը հիշեցրեց, որ մեկ շաբաթ անց Եվրոմիության ներկայացուցիչ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպմանը բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը մտահոգություն է հայտնել Սեւանից լրացուցիչ ջուր թողնելու վերաբերյալ եւ ասել, որ նախարարությունը դեմ է, որ անգամ մեկ կաթիլ ջուր բաց թողնվի: Թե ինչով է բացատրվում նույն գերատեսչության երկու բարձր պաշտոնյաների կարծիքների տարբերությունը, նախարարության աշխատակիցները չցանկացան բացատրելՙ հավելելով, որ պաշտոնական դիրքորոշմամբ Արամ Հարությունյանը դեմ չէ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4