«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2012-07-10 | #124, 2012-07-11 | #125, 2012-07-12


«ԳԻԼՅՈՏԻՆԻ» ԿԱՐԻՔԸ ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ԿԼԻՆԻ

26 հազար իրավական ակտերից առնվազն 30 տոկոսը կվերանա կամ կկրճատվի

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեության մեկնարկի առիթով երեկ կառավարությունում կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը հանդիպեց լրագրողների հետ: Խոսելով կենտրոնի ստեղծման մասինՙ նա նշեց, որ նպատակն է բոլոր օրենսդրական ակտերը, որոնց թիվը մոտ 26 հազար է, տեսնել թե դրանք որքանով են խելամիտ, վերացնել կամ կրճատել դրանց քանակը: Ելնելով փորձից, «գիլյոտին» անվանումը ստացած նման ծրագրերի իրագործման ժամանակ իրավական ակտերի 30-50 տոկոսի հետ այդպես է լինում: Նման խնդիր դրված է նաեւ կենտրոնի առջեւ:

Ըստ Արմեն Եղիազարյանի, օրենսդրական կարգավորման խորհրդի որոշմամբ, որի նախագահը վարչապետն է, եւ որը ղեկավարում է կենտրոնի գործունեությունը, արդեն նախանշվել են երեք ոլորտներ, որոնց օրենսդրական կարգավորումը առաջնահերթ կդիտարկվի: Դրանք հանրային ծառայություններն են, տրանպորտը եւ առողջապահությունը: Մասնավորապեսՙ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության օրենսդրությունները, մարդատար եւ բեռնատար փոխադրումները, դեղատներն ու ատամնաբուժական կլինիկաները: Կհեշտացվեն գործընթացները, որոշ լիցենզիաներ կհանվեն: Ըստ Արմեն Եղիազարյանի, այս դեպքում մի կողմից հեշտանում է բիզնեսի գործընթացը եւ աշխատատեղեր են ստեղծվում, մյուս կողմից` բնակչության սպասարկան որակի վրա կարող է ազդեցություն ունենալ: Դրա համար պետք է այնպես անել, որ հավասարակշռված լինեն փոփոխությունները:

Հաջորդ ոլորտներն այս տարվա ընթացքում կլինեն կրթությունն ու շինարարությունը, իսկ եկող տարի` հարկային եւ մաքսային օրենսդրություները: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց, որ կենտրոնն իր էջն ունի ֆեյսբուքում, ունենալու է իր կայքն ու հեռախոսային թեժ գիծը, որպեսզի բնակչության եւ բիզնեսի հետ կապի միջոցով հստակեցնի, թե ինչ են նրանք պահանջում եւ ինչ դժգոհություններ ունեն:

«Ինչպիսի՞ն կլինեն Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունության արդյունքները» հարցին պատասխանելովՙ Արմեն Եղիազարյանն ասաց, որ նման ծրագիր իրականացնող երկրներից, օրինակ` Վիետնամում մաքրվել է օրենսդրության կեսը, իսկ Խորվաթիայում` մոտ 30 տոկոսը: Միաժամանակ, նա նշեց, որ կան հաշվարկներ, որոնք փաստում են, որ նման ծրագրերի շնորհիվ 4-5 տոկոս համախառն ներիքն արդյունք (ՀՆԱ) է խնայվում:

«Ազգի» հարցին թե ի՞նչ կլինի, երբ «գիլյոտին» ծրագիրը ավարտվի եւ նորից իրավական ակտերը մի քանի տարվա ընթացքում սկսեն շատանալ, Արմեն Եղիազարյանը պատասխանեց, որ նախ ծրագրի գործունեության արդյունքներն ամփոփող գործակալություն կստեղծվի, ապա ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ կլինի կրկին անդրադառնալ այս խնդրին:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեության ծախսերի մասին Արմեն Եղիազարյանն ասաց, որ այն գործելու է երկու տարի: Ծրագրի ամբողջ արժեքը 2 մլն դոլար է: Մոտ 500 հազար եվրո կազմում են կենտրոնի 24 աշխատակիցների աշխատավարձերը, որոնք տրվում են Ավստրիայի զարգացման գործակալության տրամադրած դրամաշնորհից: Ծրագիրը ֆինանսավորում են նաեւ Համաշխարհային բանկը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԵԱՀԿ-ն եւ Հայաստանի կառավարությունը: Ըստ Արմեն Եղիազարյանիՙ միայն կենտրոնի սարքավորումներն են ձեռք բերվել վարկով, իսկ մնացածը դրամաշնորհներ են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4