«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2012-07-10 | #124, 2012-07-11 | #125, 2012-07-12


ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՆԱՄԱԿԸ

Ես այս նամակը չէի գրի, բայց շուտով ծննդյանս օրն է, ու ես տեսնում եմ, որ ամեն անգամ դուք տխրում եք, երբ հիշում եք ինձ: Պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն, որ կյանքը երկրի վրա տրված է իրականացնելու այն առաքելությունը, որի համար դուք լույս աշխարհ եկաք:

Ես երախտապարտ եմ նախախնամությանը, որ փոքրուց ցույց տվեց ինձ համար նախատեսված ճանապարհը, որով ես պիտի անցնեի: Հայկյան զորավոր բազկի, Վարդանի աննկուն, անձնազոհ հոգու, Անդրանիկի ազգիս նվիրվածությամբ տոգորված սիրտն էր տրոփում կրծքիս տակ... Կանգնել թույլի, տկարի, անպաշտպանի կողքին:

Հայրենիքս վիրավոր էր, պաշտպանի էր կարոտ: Անօրենը մահ էր սփռում ազգիս գլխին: Ամենուր որդեկորույս մայրերի հառաչանքներ էին լսվում: Խոշտանգված դիերի, ավերված ու այրված գյուղերի բողոքը բարձրանում էր առ Աստված:

Ների՛ր ինձ, մայրիկ, որ առանց քեզ տեղեկացնելու, ինքս էլ չէի հասկանում, թե ինչպես էի հայտնվում պատերազմի դաշտում... ու նորից վերադառնում տուն, որտեղ այլեւս ինձ հանգիստ չէի կարող զգալ:

Իսկ դուք, տղերք, հավատացեք, անհամբերությամբ էի սպասում ուսմանս ավարտին, որպեսզի մեկնեմ Արցախՙ հրաշք մեր սրբավայրերը ազատագրելու արյունարբու թշնամուց: Երբ ստացա ծառայության ծանուցագիրը, ջերմություն ունեի: Անտեսելով մայրիկիս թախանձանքները, որ ապաքինվեմՙ նոր մեկնեմ, համբուրեցի մայրիկիս ու հայտնվեցի զինկոմիսարիատում, որտեղից էլՙ պատերազմի առաջին գիծ...

Լուսավորչի անմար կանթեղն էր լուսավորում հոգիս ու համարձակ առաջնորդում ինձ դեպի թշնամու դիրքերըՙ առաջնորդելով մարտական ընկերներիս:

Տղե՛րք, պատկերացրեք, 6 ամիս պատերազմի առաջին գիծ ու ո՛չ մի վախ, ո՛չ մի սարսափ, հավատացե՛ք: Ազատագրված տարածքներ, նաեւ զոհված շատ ընկերներ, որոնցից ամեն մեկը աննկուն, քաջարի ոգով նետվեց մարտիՙ զոհաբերվելով հանուն մեր մայրերի, քույրերի, եղբայրների, որպեսզի թշնամու պիղծ ձեռքը չհասնի նրանց:

Ես էլ զոհվեցի, մարտը շահելուց հետո իհարկեՙ վիրավոր մարտընկերոջս դաշտից հանելիս...

Կատարեցի իմ առաքելությունը ու ավարտեցի իմ երկրային կյանքը: Ու հիմա հանգիստ եմ, որ ճիշտ ապրեցի: Միայն մի բանի համար եմ ափսոսում. հայրիկիս պատգամը չհասցրեցի կատարելՙ իմ նախնիների բնօրրանըՙ Նախիջեւանի ազատագրումը: Դա էլ ձեզ եմ պատգամում, տղե՛րք:

Ու մի բան էլ, երբեք մի՛ տխրեք, որ ես ձեզ հետ չեմ, հատկապես դու, մամ ջան, քանի որ ես միշտ ձեր կողքին եմ: Մա՛մ ջան, խնդրում եմ, միշտ ժպտա, հպարտությամբ ու բաց ճակատով անունս տուր:

Քո` ԴԱՎԻԹ (ԹԱՐՈՅԱՆ)

Զոհվել է 1994 թ. ապրիլի 19-ին, Հորադիզի շրջանում, 19 տարեկան հասակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4