«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2012-07-10 | #124, 2012-07-11 | #125, 2012-07-12


ԷԼԴԱՐ ՇԵՆԳԵԼԱՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐ

«Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա պատվավոր հյուրերից է վրացական կինոյի ամենակարկառուն դեմքերից մեկըՙ Էլդար Շենգելայան, որի լավագույն «Արտասովոր ցուցահանդես», «Խելառները», «Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն» եւ «Սամանիշվիլու խորթ մայրը» ֆիլմերը ընդգրկվել են փառատոնի «Հետահայաց ցուցադրությունների» ցանկում:

Վրաց կինոյի առաջին վարպետներից մեկիՙ Նիկոլայ Շենգելայայի եւ նշանավոր վրաց դերասանուհի Նատո Վաչնաձեի որդին շատ վաղ տարիքում կարողացել է ցուցադրել իր ռեժիսորական տաղանդը: Նրա ֆիլմերը մարդասիրական են ու առօրյական կյանքով լեցուն: Շենգելայան միշտ կարողանում է պահպանել հանդիսատեսի ժպիտըՙ ծիծաղելին գտնելով նույնիսկ ամենաողբերգականի մեջ, միեւնույն ժամանակ ամենածիծաղելիի մեջ գտնելով ողբերգականը:

Ինչպես եւ ծնողները, Էլդար Շենգելայան մտերիմ բարեկամական հարաբերությունների մեջ էր բազմաթիվ հայ արվեստագետների հետ: Մասնավորապես ուշագրավ էր Սերգեյ Փարաջանովին բանտից ազատելու գործում նրա էական մասնակցությունը: «Փարաջանովի թբիլիսյան ձերբակալությունից հետո, պատմում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացնելով Էլդար Շենգելայային, վերջինս մի խումբ ընկերների, այդ թվում Սոֆիկո Ճիաուրելիի հետ հանգիստ չեն թողնում խորհրդային իշխանություններինՙ պահանջելով ազատ արձակել նրան եւ թույլ տալ ֆիլմ նկարել»:

Ի վերջո, դա հաջողվում է եւ Փարաջանովին ազատ են արձակում բանտից, իսկ շատ կարճ ժամանակ անց այդ միջամտության արդյունքում եւ աջակցությամբ ստեղծվում է Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդն» ու «Աշուղ Ղարիբը» ֆիլմերը: Վրաստանի կինոմատոգրաֆիայի երկարամյա նախագահ Էլդար Շենգալայային հաջողվում է Թիֆլիսում կազմակերպոլ Փարաջանովի կոլաժների ցուցադրությունՙ անմիջապես բանտից դուրս գալուց հետո:

«Ազգի» հարցինՙ հեշտությա՞մբ հաջողվեց այդ ցուցահանդեսի կազմակերպումը, Շենգելայան ասաց. «Ցուցահանդեսի բացումից երկու օր առաջ իմ աշխատասենյակ մտան երկու անձ եւ ներկայացան որպես ազգային անվտանգության աշխատակից ու զայրացած ասացին, թե ինչո՞ւ առանց իրենց տեղյակ պահելու ենք անում եւ պահանջեցին նախապես ներկայացնել ցուցանմուշները: Ես նրանց ներկայացրեցի Փարաջանովի այն կոլաժը, որտեղ Լենինը պատկերված էր բազմաթիվ լուսանկարներովՙ գլխիվայր, թեք, ընկած եւ այլն: Երբ նրանք տեսան, հիացան ու միանշանակ ասացին, որ ցուցահանդեսը կարող ենք բացել»:

Իսկ թե ի՞նչ կարծիք ունի հայ կինոյի մասին, Շենգելայան ասաց. «Համո Բեկնազարյանի «Շորը եւ Շորշորը» ֆիլմը հրաշալի էր, դա տիպիկ դասական ֆիլմ է, որից ես շատ բան սովորեցի: Ես շատ մտերիմ էի Ֆրունզե Դովլաթյանի հետ ու նրա ֆիլմերը շատ էի հավանում: Ցավոք, նախկինում եղած կապերը, համագործակցությունը հասկանալի պատճառներով դադարել են, բայց կարծես արդեն ձեր այս շատ կարեւոր «Ոսկե ծիրան» փառատոնի շնորհիվ սկսվել է սայլը տեղից շարժվել: Հայկական կինոն այն կինոն է, որտեղ Փարաջանովը զբաղեցնում է իր տեղը ու, իմ կարծիքով, մեծ ներդրում ունի: Ցավոք, այսօր Վրաստանում տարին 2 ֆիլմ է նկարվում եւ դժվար է ասելՙ լա՞վն են, թե՞ վատը: Մի բան էլ է ինձ շատ հուզում, որ ե՛ւ Երեւանում, ե՛ւ Վրաստանում գրեթե չի պահպանվում հինը: Ես շատ տխրում եմ հին Երեւանը հիշելով: Այն տարիների հիշողությունները, ընկերներիս հետ անցկացրած օրերն ու պահերը, ցավոք, այսօր չեմ կարող վերապրել եւ իմ մեջ արթնացնելՙ նոր միջավայրի, շենքերի ու համատարած փոփոխությունների պատճառով»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4