«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի գործառույթները մյուս թանգարանների գործառույթներից բնականաբար տարբեր են, քանի որ թանգարանը միաժամանակ արգելոց է, ունի ե՛ւ հուշարձանային մաս, ե՛ւ թանգարանային: Մշակութային 2 մասերին առնչվող միջոցառումներին արգելոց-թանգարանը մասնակից է: Անցյալ տարվա գործունեությունից տնօրեն Գագիկ Գյուրջյանն առանձնացրեց Թանգարանային գիշերվա շրջանակում կազմակերպած միջոցառումները:
Թանգարանային գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարան այցելել են 1465 հոգի: Ընդհանրապես, թանգարանի այցելուները շատ չեն, չնայած Գագիկ Գյուրջյանն ասում է` նրանց թիվը կամաց-կամաց ավելանում է, վերջերս հատկապես ավելացել են անվճար այցելությունները: Առանձին օրերի թանգարանի մուտքը նույնիսկ լինում է ազատ: Անցյալ տարի այցելուները եղել են շուրջ 15 հազար հոգի: Իհարկե, նրանց թիվը, համեմատությամբ խորհրդային տարիների այցելուների թվի, ավելի քիչ է: Նախկինում «Էրեբունի» այցելում էին անգամ այն բոլոր պետությունների ղեկավարները, որոնք լինում էին Հայաստանում:
Անցյալ տարի թանգարանի կարեւոր քայլերից մեկն էլ եղել է հաշմանդամների համար թեքահարթակի կառուցումը, ինչի շնորհիվ այսուհետեւ այնտեղ առանց խոչընդոտի մտնել կարող են նաեւ հաշմանդամները:
2011-ի ընթացքում թանգարանում հիմնվեց Պատանի հնագետի դպրոցը, որը երիտասարդների ու պատանիների շրջանում լայն արձագանք գտավ: Եվ դպրոցում սովորողները մասնակցեցին Էրեբունիում հայ-ֆրանսիական արշավախմբի աշխատանքներին:
Հնագիտական դպրոցից զատ թանգարանում բացվեց Որմնանկարների վերականգնման դպրոցը, որտեղ դասավանդում են իտալացի մասնագետները: Այստեղ դասընթացներն ինչպես տեսական, այնպես էլ գործնական բնույթի են: Ներկայումս դպրոցում սովորում են 17 հոգի, չնայաց դիմորդները գրեթե կրկնակի են եղել: Գագիկ Գյուրջյանը ցանկություն է հայտնում, որ դպրոցի սաները լինեն ավելի շատ, որովհետեւ դիմորդներն իրապես շնորհալի էին: Իսկ Որմնանկարաների վերականգնման դպրոցը բացվել է հենց «Էրեբունիում», պայմանավորված հանգամանքով, որ հանրապետության տարածքում հնագույն որմնանկարը հայտնաբերվել է հենց այստեղ:
«Տեսակետ» ակումբում` ասուլիսի ժամանակ Գագիկ Գյուրջյանը կատարված ծրագրերից հիշեցրեց եւ հայ-ֆրանսաիական արշավախմբի աշխատանքի մասին: Արշավախումբը 2007-2011 թվականներին արգելոց-թանգարանում պեղումներ էր կատարում: Թեեւ անցյալ տարի ավարտվել է այդ ծրագրի ժամկետը, սակայն համաձայնության են եկել նոր ծրագրի շուրջը, սա եւս տեւելու է 4 տարի ու դարձյալ իրականացնելու է հայ-ֆրանսիական արշավախումբը:
Իսկ առաջիկա ծրագրերից առաջնային են արգելոց-թանգարանում կատարված բացահայտումները ցուցադրելը եւ հնավայրի տարածքը ցանկապատելը (հնավայրը զբաղեցնում է շուրջ 27,9 հեկտար): Ըստ պարոն Գյուրջյանի` ցանկապատի բացակայությամբ հնարավոր չէ կանխել անարգել այցերը, որոնք կարող են վնաս հասցնել հնավայրին:
Արգելոց-թանգարանին նաեւ անհրաժեշտ է ջեռուցման համակարգ, առ այսօր ջեռուցվում է էլեկտրական սարքերով, որոնք չորացնում են օդը եւ հնարավոր է փչացնեն ցուցանմուշները:
Գագիկ Գյուրջյանը եզրափակելով խնդիրների թեման` նշում է, որ խնդիրների հանդեպ վերաբերմունք կա, սակայն դրանք այնպիսի խնդիրներ են, որոնց լուծումը ժամանակ է պահանջում:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ