Հուլիսի 13-ից մեկնարկում է Շուշիի քանդակի միջազգային 2-րդ սիմպոզիումը, որի շուրջ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ զրուցեցին «Հակոբ Գյուրջյանի» անվան քանդակի միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսյանը եւ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ջուզեպպե Դել Դեբիոն :
Սիմպոզիումն անցկացվում է արդեն երկրորդ տարին, որին ինչպես անցյալ տարի մասնակցում են իտալացիները, բանախոսներից քանդակի միջազգային սիմպոզիումի նախագահն իր հերթին նշեց.
«Իրենց ստեղծագործություններով նրանք շատ եւ շատ հարցերի պատասխաններն են տալիս, որոնք Արցախի համար կարեւոր են: Արցախի ճանաչման հարցը պետք է լուծվեր դեռեւս 10-15 տարի առաջ, եւ մենք պետք է ավելացնենք աջակիցների թիվը, քանի դեռ պատերազմական իրավիճակի մեջ ենք գտնվում, եւ պետք է այնպես անենք, որ հայ ժողովորդը նոր տառապանքներ չկրի»: Բանախոսը կարեւորում է Շուշիի վերականգնման գործընթացի պլանները, որոնք իտալացիներն իրենց հետ բերել են: Հատկանշական է, որ այս տարի եւս սիմպոզիումը կնկարահանվի, եւ կստեղծվի ֆիլմ, որը կտարածվի նաեւ Ֆլորենցիայում: Սիմպոզիումի շրջանակում տեղի կունենան վարպետության դասեր, դիզայնի դասընթացներ, կինոդիտումներ:
Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչած սպառնալիքներին, Վ. Ավետիսյանն ասաց, որ դրանք չեն հուզում, ո՛չ հայկական, ո՛չ էլ արտերկրի հյուրերին, իսկ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի Պրոֆեսոր Ջուզեպպե Դել Դեբիոն էլ իր հերթին հավելեց. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ աշխատում ենք խաղաղության համար, պետք չէ պատերազմել, քանի որ դրանից տուժում է նախ եւ առաջ խաղաղ բնակչությունը»:
Պրոֆեսորը կիսելով տպավորությունները ասաց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու կապակցությամբ, քանի որ ինչպես բանախոսը նշեց, հայերը հյուրընկալ ժողովուրդ են, եւ եթե երիտասարդ լիներ, ապա ավելի հաճախ կգար: Պրոֆեսոր Ջուզեպպե Դել Դեբիոնի ցանկությունն է, որ սիմպոզիումը շարունակական բնույթ կրի, եւ այսուհետ Լուկան եւ Շուշին լինեն քույր քաղաքներ:
Ոգեշնչված Արցախի բնությամբ` պրոֆեսորներից մեկը պատրաստել է մի քանդակ` «Մարդը հավաքում է արեւի ոսկիները» թեմայով: Իսկ պրոֆեսոր Դել Դեբիոյին էլ զարմացրել են Շուշիի եկեղեցիները, եկեղեցական երգերը: Ի դեպ Դել Դեբիոյն այս տարի կերտելու է հրեշտակ` ձեռքում նուռ:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ