Հայրենիքո՞ւմ է դժվար լավ հայ մնալը, թե՞ սփյուռքում: Թվում է անիմաստ հարց, սակայն մեզանում այս օրերին այնպիսի անհասկանալի ու տարօրինակ բաներ են կատարվում, որ հարցն այնքան էլ հիմնազուրկ չէ: Առհավատչյանՙ այն արշավը, որ տարածվել է մեզանում: Սկսենք նրանից, որ մենք այնքան ենք «սիրում ու պաշտում» եվրոպական արժեքները, որ առանց որեւէ գիտական, աշխարհագրական կամ այլ հիմնավորման մենք մեզ հայտարարեցինք եվրոպացիներ (թեեւ երբ առիթ է ներկայանում, նրանց բոլորին գամում ենք անարգանքի սյունին): Հեռուստատեսությամբ ու ինֆորմացիայի այլ միջոցներով ամեն օր քարոզում ենք զուտ կինոֆիլմերից մեզ ծանոթ «ամերիկյան» բռնություն, սպանություններ, կողոպուտ, թալան, հեքիաթանման որդե ու ծնողահայտնագործություններ, «ազատ» սեր ու սեքս եւ էլի չգիտեմ ինչ: Կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք մեզ կհայտարարենք... ամերիկացիներ: Իսկ այդ դեպքում, ինչպես եղել ու լինում է մեզանում, մենք մրցակիցներ դժվար թե ունենանք:
Այս մտահոգիչ նախաբանը թերեւս ստվերվում է, երբ վերապրում եմ օրերս տեղի ունեցած առաջին հայացքից աննշան, բայց իրականում մեծարժեք ու հատկապես ուսանելի շատ կողմեր ունեցող մի իրադարձություն, որն ունի իր նախապատմությունը: 2011 թ. մի օր, օգոստոսին, արձակուրդի ժամանակ, Անահիտ եւ Բաբկեն Մկրյաններն իրենց երեք զավակների եւ նրանց ընտանիքների հետ ճաշում էին: Հանկարծ մեծ տղան անսպասելիորեն հարցրեց, թե հայրիկ եւ մայրիկ, եկող տարի ձեր ամուսնության 50-ամյա հոբելյանն է, այսինքնՙ Ոսկե հարսանիքը, որտե՞ղ ենք նշելու:
- Մենք ասացինք, որ կփափագենք բոլորով գոնե մեկ շաբաթով միասին տեղ մը երթանք: Իսկ թե ո՞ւր, ձեր որոշումը պիտի ըլլայ: Իսկ հաջորդ երեկոյան,- հիշում են Բաբկեն եւ Անահիտ Մկրյանները,- մեծ տղաս ըսավ, որ մենք բոլորով որոշում առինք, որ երկուքդ ալ պիտի սիրեք, որ բոլորս միասին երթանք Հայաստան եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին մեջ նշենք Ձեր ոսկյա հոբելյանը»:
- Ուրախության արցունքները սահեցան, եւ բոլորը միասին ըսինՙ մաման սիրեց մեր որոշումը,- ոգեւորված պատմում է մեծ որդին:
Իսկ այդ պահին փոթորիկ էր Բաբկենի ու Անահիտի հոգիներում: Նրանք մի պահ վերապրեցին անցած դժվարին օրերը եւ վարձատրված լինելու յուրահատուկ ու մեծ զգացում ապրեցին: Ուրեմն իզուր չեն ապրել, հայեր են մեծացրել, հայ են մնացել: Ամենագրավիչը թերեւս այն էր, որ դա լիարժեք վերաբերում էր նաեւ իտալուհի հարսներին, որոնք պակաս չէին հուզվել եւ... երջանիկ էին:
Հոբելյարների ուրախությունը եռապատկվեց, երբ Նյու Յորք այցելած ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառը, իմանալով մոտալուտ հոբելյանի մասին, ցանկություն հայտնեց անձամբ իջնել եւ իր օրհնությունը տալ վաստակաշատ զույգին:
- Մեր երկուքին ուրախության եւ զգացվածության արցունքները հոսեցան,- հիշում է տիկին Անահիտը,- եւ դիմելով ըսիՙ բայց, Վեհափառ Տեր, այդ մեզ համար մեծ պատիվ է: Արդյօ՞ք մենք արժանի ենք...
- Իհարկե արժանի եք, սիրելի Մկրյաններ: Այն էլ որքան եք արժանի: Եթե ոչ դուք, ապա ո՞վ: Տարիներ շարունակ Ձեր նվիրաբերումներն ու զոհողությունները մեր եկեղեցուն ու հայանպաստ կառույցներին, կուսակցական ու հասարակական միջոցառումներին, «Հայաստան» հիմնադրամին ու Արցախին... Էլի՞ թվարկեմ: Չէ, կարծեմ բավական է: Միայն չեմ կարող չավելացնել, որ դեռ շատ վաղուց, խորհրդային ժամանակներից սկսած, Ձեր բնակարանը դարձել է այն հյուրընկալ անկյունը հեռավոր Ամերիկայում, որտեղ անպայման իջեւանել են մեր մշակույթի ու գրականության, եկեղեցական ու պետական շատ մեծանուն գործիչներՙ Սիլվա Կապուտիկյանը, Վանուշ Խանամիրյանը, Գեւորգ Էմինը եւ շատ ուրիշներ, որոնց թվարկումն իսկ էջեր կլրացնի:
Մայր հայրենիքում հիշարժան տոնակատարությունը նշելու լուրն անմիջապես տարածվել էր, եւ Մկրյանների հարազատ-բարեկամներից շատերը ցանկություն էին հայտնել մասնակցելու այդ միջոցառմանը: Հաղթահարելով տարատեսակ խոչընդոտներՙ Բաբկենի եղբայր Հրայրը կնոջ հետ, քույր Սիլվանՙ Պերճ ամուսնու հետ, իտալուհի հարս Գարլայի եղբայրը, ինչպես նաեւ բարձրաստիճան հոգեւորականներ Խաժակ սրբազանը, Հայկազուն Նաճարյանը, Վիգեն Այքազյանը եւ շատ ուրիշներ միացել էին, դարձել գեղեցիկ մի շքախումբ եւ 54 հոգով մեկ շաբաթով եկել էին հայրենիքՙ միասին ըմբոշխնելու տարիներով վաստակած այդ մեծարումն ու յուրակերպ հաշվետվությունը:
Մայր աթոռ Ս. Էջմիածնում Վեհափառի մասնակցությամբ տեղի ունեցավ օրհնություն եւ փառահեղ ընդունելություն: Բոլորն հուզված էին, իսկ զույգը մի տեսակ շփոթված էր, մանկացած: Տարիների վաստակը նրանց չէր փոխել: Նրանք շիկնում էին, խոնարհում աչքերը, ամոթխած հիշում իրենց պսակի առաջին արարողությունը, որից հետո այնքան ջրեր էին հոսել, սակայն իրենք նույնն էին, թեեւ առայժմ երկքաղաքացու կարգավիճակում, սակայն հետո ՀՀ լիիրավ քաղաքացի դառնալու վստահ որոշմամբ: Իսկ հաջորդ օրը մեր քաղաքի շքեղաշուք «Ֆլորենս» նորակառույց ռեստորանում մեծ խնջույք էր, որին մասնակցում էին ու ելութներ ունեցան շատ նշանավոր անձինք: Նրանք, շնորհավորելով հոբելյարներին, մեկ առ մեկ թվարկում էին զույգի կատարած հայանպաստ մեծ աշխատանքը, շեշտում հայապահպանության գործում նրանց զգալի ներդրումը:
Ես ակնդետ հետեւում էի այդ ամենին եւ նայելով նրանց աչքերինՙ հասկանում էի, որ տեր եւ տիկին Մկրյանների համար ամենամեծ նվերն ու մեծարանքը թերեւս այն էր, որ իրենց շրջապատողներըՙ հայաստանցի թե սփյուռքահայ, ամերիկացի թե իտալացի, նախ եւ առաջ իրենց էությամբ լավ մարդիկ են ու անպայման ինչ որ չափով հայեր, որոնց կարելի է վստահել, որոնց վրա հենվելով կարելի է ապագայում շատ մեծ ու հայանպաստ գործեր կատարել: Իսկապես, պարտադիր չէ կրծքով հրակնատ փակել հերոսանալու համար: Պակա՞ս հերոսություն է ամենակուլ ամերիկյան արժեհամակարգում ազգային կերպարում մնալը, հայանպաստ հոգեկերտվածքով հայ մեծացնելը, հայրենիքի ինքնագիտակցության պաշտամունքով ու անպայման հատուցման պահանջով աշխարհի անիրավներին մարտահրավեր նետելը:
Ուրեմն շարունակեք Ձեր վաստակած երջանկությունը վայելել, հարգարժան Մկրյաններ, Ձեր ուսանելի օրինակը թող վարակիչ դառնա, նպաստի մեր լուսավոր ապագան ավելի հստակ դարձնելու վեհ գործին:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ