«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2012-07-10 | #124, 2012-07-11 | #125, 2012-07-12


ԴԱՐՁՅԱԼ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ՄԱՍԻՆ

Հեռուստատեսությունը ծրագիր, սերիալ կամ որեւէ հեռուստաարտադրանք նկարահանելուց առաջ նախ եւ առաջ իր առջեւ պետք է խնդիր դնի, թե ինչո՞ւ է դա թողարկում: Իսկ քանի չկա հարցի պատասխանը, ապա «հեռուստաեթերը պետք է մաքրել» արտահայտությունը, որը տարիներ շարունակ հնչում է անհետեւանք, այդպես անհետեւանք էլ կմնա:

Երեկ «Տեսակետ» ակումբի բանախոսները` ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանն ու Անդրանիկ սարկավագ Մանուկյանը ասում էին վերոնշյալը` հեռուստատեսությունը, իսկապես, պետք է խնդիր դնի` ինչի՞ համար է նկարում ու հեռարձակում իր արտադրանքը:

Երվանդ Մանարյանը կարծում է, որ հեռուստաեթերի առջեւ ընդհանրապես դրված է սերունդ դաստիարակելու խնդիրը, իսկ ազատ ձեռներեցություն ասվածը չի նշանակում, թե ով ինչ ուզում էՙ կարող է անել: Սակայն մեր հեռուստաեթերը, ըստ Ե. Մանարյանի, գրեթե 2-րդ իրավիճակում է: «Ինչու եմ ասում գրեթե, որովհետեւ խելացի մոտեցումներ նույնպես կան», ավելացնում է պարոն Մանարյանը

Իսկ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նշում է` եթե խոսում ենք սերունդ դաստիարակելուց, ապա մեր արմատներին պետք է նայենք: Եվ հեռուստաարդադրանքը համապատասխան մասնագետները, օրինակ` լեզվաբանները, պետք է ստուգեն, հետո նոր հեռարձակեն:

Հեռուստատեթերի մակարդակը բարձրացնելու նպատակով հանձնաժողով ստեղծելուն պարոն Մանարյանը չի նայում որպես հարցի լուծման, այլ կարծում է, որ հեռուստահաղորդում կամ սերիալ նկարահանողն առաջին հերթին պետք է լինի ազնիվ ու պատասխանատվությամբ վերաբերվի նպատակին, որն էլ իր առջեւ պետք է դնի հեռուստատեսությունը: Իսկ սերիալներում խաղացող երիտասարդ դերասանները, ըստ նրա, գրեթե բոլորն էլ շնորհալի են, սակայն խնդիրն այն է, թե ինչ են նրանք մատուցում մեզ:

Անդրանիկ սարկավագը նույնպես նշում է, որ հեռուստատեսությամբ դաստիարակչական ծրագրեր ցուցադրվում են, այնպես չէ, որ նման ծրագրերն ամբողջովին բացակայում են, սակայն դրանց թիվը սակավ է:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4