Այսօր հայկական ֆուտբոլային 3 ակումբներըՙ «Փյունիկը», «Շիրակն» ու «Գանձասարը» Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները կանցկացնեն: Նշված եռյակից առաջին խաղում իրեն հիանալի դրսեւորեց միայն «Շիրակը», որը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի «Ռուդարին»: Իսկ ահա մեր մյուս 2 ակումբները պարզապես հիասթափեցրին: Խոսքը հատկապես Կապանի «Գանձասարի» մասին է, որը հյուրընկալվելիս 1-3 հաշվով խայտառակ պարտություն կրեց թույլ մրցակցիցՙ Ֆարերների «Ստրեյմուրից»: «Փյունիկն» էլ սեփական հարկի տակ 0-3 հաշվով զիջեց Չեռնոգորիայի «Զետային»:
Ինչ խոսք, հաջորդ փուլ դուրս գալու ամենալավ հնարավորությունն ունի Գյումրիի «Շիրակը»: Գյումրեցիները եվրոգավաթներում 10-րդ անգամ են մեկնարկի դուրս գալիս եւ առայժմ նրանց չի հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը: Մրցակցի հարկի տակ տոնած հաղթանակը մեծ հույսեր է ներշնչում, որ «Շիրակը» սեփական դաշտում էլ հաջողության կհասնի ու հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի: «Ռուդարի» հետ հանդիպումը կսկսվի ժամը 18-ին եւ ուղիղ եթերում կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ: Հանդիպման նկատմամբ հետաքրքրասիրությունը Գյումրիում անչափ մեծ է, իսկ վերակառուցված քաղաքային մարզադաշտը մոտ 3000 հանդիսական կարող է տեղավորել: Ուստի մուտքը մարզադաշտ կլինի տոմսերով: Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 1000 դրամ, արեւելյանըՙ 500 դրամ:
«Ռուդարը» Բելգրադ-Մոսկվա-Երեւան ուղերթով երեկ առավոտյան է ժամանել «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից ավտոբուսով մեկնել է Գյումրիՙ հանգրվանելով «Արաքս» հյուրանոցում: Երեկ երեկոյան «Ռուդարը» մարզվել է Գյումրու քաղաքային մարզադաշտում:
Այսօրվա խաղում «Շիրակի» հաջողությանը հավատում են նաեւ բուքմեյքերները: «Շիրակի» հաղթանակը գնահատվել է 2 գործակցով, ոչ-ոքինՙ 3,1, իսկ հյուրերի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 3,6 գործակցով:
Թեեւ առաջին խաղում կրած պարտությանը, «Ռուդարի» ֆուտբոլիստներն ակումբի պաշտոնական կայքում հայտարարել են, որ դեռեւս ոչինչ կորցված չէ, Գյումրիում բոլոր ջանքերը կներդնեն հաղթելու եւ ուղեգիր նվաճելու համար: «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն էլ նշել է, որ այսօր եւս համառ մրցակցություն է սպասվում: «Շիրակը» կրկին խաղալու է հարձակողական ոճով, միեւնույն ժամանակ շատ զգոն է գործելու պաշտպանությունում: Հուսանք, որ «Շիրակի» համար ամեն ինչ բարեհաջող կավարտվի եւ թիմը հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի:
Կարծում ենք, որ «Գանձասարն» էլ պետք է հաջորդ փուլ դուրս գա: Դրա համար կապանցիներին անհրաժեշտ է այսօր «Հանրապետականում» կայանալիք խաղում «Ստրեյմուրին» հաղթել 2 գնդակի տարբերությամբ: Հաշվի առնելով թիմերի խաղամակարդակների տարբերությունը, այդ խնդիրը լիովին լուծելի է «Գանձասարի» համար: Մնում է, որ թիմն առաջին րոպեներից մեծ ուժերով ճնշում գործադրի մրցակցի դարպասինՙ չմոռանալով իհարկե սեփական դարպասի պաշտպանության մասին:
«Գանձասար»-«Ստրեյմուր» հանդիպումը կսկսվի ժամը 19-ին եւ ուղիղ եթերում կցուցադրվի «Շողակաթ» հեռուստաալիքով: Այս խաղում էլ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հայկական թիմին, որի հաղթանակի գործակիցը 1,6 է: Իսկ ահա հյուրերի հաղթանակը գնահատվում է 5 գործակցով: Ոչ-ոքիի գործակիցը 3,6 է:
«Գանձասարի» գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանը եւս լավատես է: Նա գտնում է, որ մրցակցի պաշտպանությունը խոցելի տեղեր ունի եւ մեծ ուժերով հարձակվելու դեպքում կարելի է գրավել «Ստրեյմուրի» դարպասն ու հաջողությամբ լուծել թիմի առջեւ դրված խնդիրը:
Ինչ վերաբերում է «Փյունիկին», ապա պատասխան խաղում ՀՀ բազմակի չեմպիոնի խնդիրը շատ բարդ է: Համարյա պատանի ֆուտբոլիստներով կազմավորված «Փյունիկը» գործնականում կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Եվ ինչպես նշել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը , պատասխան խաղում փյունիկցիները կձգտեն գոնե արժանապատիվ ելույթ ունենալ: Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա այսօրվա հանդիպումը:
Բնականաբար, «Փյունիկի» հաջողությանը չեն հավատում նաեւ բուքմեյքերներըՙ հաղթանակը գնահատելով 4,4 գործակցով: Մինչդեռ «Զետայի» հաղթանակի գործակիցը 1,7 է, իսկ ոչ-ոքին գնահատվել է 3,5-ով: