«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2012-07-11 | #125, 2012-07-12 | #126, 2012-07-13


ԿՈՉՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ԲԱՅՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում էլ խոսել է այն ամենից, ինչին ամենայն անտարբերությամբ են վերաբերվում Բաքվում

Հայաստանը պատրաստ է աջակցել ամեն մի նախաձեռնության, որի նպատակը բարեփոխումների գործընթացում գտնվող ԵԱՀԿ-ի արդյունավետության ու հեղինակության բարձրացումն է: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` տարածաշրջանային այցի վերջին հանգրվան Երեւան հասած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպմանը հետեւած համատեղ ասուլիսում, կարեւորելով նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առավել քան տասնամյա արդյունավետ գործունեությունը Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտների բարեփոխումների ու խնդիրների լուծման գործում ներդրման առումով:

«Ի վերջո, ԵԱՀԿ-ն մեզ համար կարեւորվում է նաեւ նրանով, որ Մինսկի խմբի շրջանակներում են անցկացվում արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները», ընդգծել է Նալբանդյանը, տեղեկացնելով, որ ԵԱՀԿ-ի ԳՔ-ի հետ հանդիպմանն «իհարկե» անդրադարձել են «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին»: Նալբանդյանի ներկայացմամբ, «Մենք (տվյալ դեպքում` Հայաստանը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը - Ա. Հ.) համակարծիք ենք, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում: Եվ որքան շուտ բոլորը հասկանան դա, եւ, ինչպես նշում են համանախագահ երկրների ղեկավարները, սկսեն պատրաստել հասարակությունը խաղաղության եւ ոչ թե պատերազմի, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի գալ համաձայնությունների»:

Այս առումով կարեւորվել են նաեւ վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ գործնական քայլերի համաձայնեցումն ու շուտափույթ կիրառումը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն, իր հերթին, նշել է, որ հակամարտության կարգավորման միակ ուղին բանակցություններն են, ԵԱՀԿ-ն կոչ է անում կողմերինՙ «շարունակել բանակցությունները», ընդ որում, ըստ Զանիերի, իդեալական կլիներ, եթե այդ աշխատանքներն առավել ինտենսիվ դառնային: Միեւնույն ժամանակ, արդեն իսկ Բաքվում հանդիպումներ ու քննարկումներ ունեցած ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը երեկ ներկայացրել է, որ տեսանելի է կողմերի դիրքորոշումների տարբերությունը, բայց կողմերը պետք է հետեւողական լինեն ու սեփական բնակչությանը նախապատրաստեն համաձայնությանը:

Զանիերը նաեւ մտահոգություն է հայտնել սահմանային միջադեպերի առնչությամբ ու շեշտել, որ նոր միջադեպերից խուսափելու միջոցներ պետք է ձեռնարկել, մասնավորապես, կողմերը պետք է հրաժարվեն վրեժխնդիր լինելուց, դուրս բերեն դիպուկահարներին, պետք է ստեղծվեն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ: Այս ամենն էլ, ըստ Զանիերի, պետք է զուգակցվի մարդկային շփումների ապահովմամբ:

Հայաստանում խաղաղության են տրամադրված

Ասուլիսում, ի պատասխան Ալիեւի` անզիջում լինելու մասին հայտարարությունների մասին հարցադրման, Հայաստանի արտգործնախարարը արձագանքել է նախ հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերը կողմերինՙ «զերծ մնալ մաքսիմալիստ դիրքորոշումներից»: «Ի պատասխան ադրբեջանական ղեկավարության կողմից լսում ենք, որ ոչ մի զիջում չեն անելու: Վերջերս Լոս Կաբոսի հայտարարության մեջ հստակ ասվում է, որ այլընտրանք չկա բանակցությունների, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը եւ ուժի գործածումը չի բերի հանգուցալուծման: Դրան ի պատասխան մեկ շաբաթ անց Ադրբեջանի ամենաբարձրագույն ղեկավարության կողմից ասվում էՙ գնել ենք, գնում ենք եւ ավելի շատ զենք ենք գնելու հարցի լուծման համար», ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքերով, «Եռանախագահներն առաջարկում են մեխանիզմ ստեղծել միջադեպների հետաքննության համար, դիպուկահարներին դուրս բերել, հրադադարի ռեժիմը ամրապնդելՙ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու հիմնախնդրի կարգավորման համար: Իսկ ադրբեջանցիները ասում ենՙ մենք կարիք չունենք ո՛չ մեխանիզմի ստեղծման, ոչ դիպուկահարների դուրսբերման, ոչ հրադադարի ռեժիմի ամրապնդման, որովհետեւ երբ կարգավորումը լինի, այդ ամենը կարիքը չի լինի: Մեկնաբանություններն ավելորդ են»:

Թե «ինչպես է Հայաստանը պատրաստելու իր հասարակությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը» հարցին Հայաստանի ԱԳ նախարարը նախ ընդգծել է, որ ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը ռազմատենչ հայտարարություններ չի անում եւ չի ասում, թե քանի անգամ է մեծացրել ռազմական բյուջեն կամ որքանով է այն մեծ այլ երկրի բյուջեից, Հայաստանը նաեւ չի մերժում միջազգային հանրության առաջարկները:

«Չորս հայտարարություններ են եղել: Լոս Կաբոսից առաջ երեք հայտարարություն էր արվել «Մեծ ութնյակի» շրջանակներում: Ամեն հայտարարությունից հետո Հայաստանի կողմից հնչել է համապատասխան համարժեք արձագանք... Մինչ այսօր ո՛չ լԱքվիլայի, ո՛չ Մուսկոկայի, ո՛չ Դովիլի, ո՛չ էլ Լոս Կաբոսի հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի կողմից մենք չենք լսում նման պատրաստակամություն», հայտարարել է Նալբանդյանըՙ ավելացնելով, որ Ադրբեջանը նշված հայտարարություններից մի ինչ-որ մաս առանձնացնում ու սեփական խմբագրմամբ է ներկայացնում` ձեւ անելով, թե միջազգային հանրությունն էլ դրան համաձայն է:

Ու չնայած նույն այդ միջազգային հանրությունը քանիցս կրկնել է, որ ուժի կիրառումն անընդունելի է ու կդատապարտվի, Ադրբեջանում առկա վիճակը բերել է նրան, որ հանրային կարծիքի մեծ մասն, ըստ Նալբանդյանի, տրամադրված է պատերազմի: «Հայաստանում բացարձակ, ջախջախիչ մեծամասնությունը խաղաղության է տրամադրված», եզրափակել է Նալբանդյանը:

Աշխարհի ու Թուրքիայի «3 քայլի կոմբինացիաների» տարբերությունը

Հայաստանի արտգործնախարարը երեկ անդրադարձել է նաեւ Թուրքիայի իր գործընկեր Ահմեդ Դավութօղլուի` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «երեք քայլից բաղկացած կոմբինացիայի» մասին հայտարարությանը. այդ երեք քայլերն, ըստ Դավութօղլուի, հետեւյալն են` երկխոսություն «տեղի ունեցած դեպքերի շուրջը», աշխատանք հայ սփյուռքի հետ եւ «զգայուն դիվանագիտություն Հայաստանի հետ», ինչի համար հայերից պահանջվում է դուրս գալ «ադրբեջանական տարածքների մի մասից»:

«Ի տարբերություն Թուրքայից առաջարկվող նմանատիպ կոմբինացիաների, միջազգային հանրությունը առաջարկում է երեք քայլից բաղկացած այլ կոմբինացիա. առանց նախապայմանների արձանագրությունների վավերացում, առանց նախապայմանների պայմանավորվածությունների իրագործում եւ զերծ մնալՙ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը կապելու փորձերից ու չմիջամտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին», պատասխանել է Նալբանդյանը:

Ըստ նրաՙ 97 տարի Թուրքիան ձախողել է այդ ուղղությամբ լուրջ քայլեր անելուց, այսինքն` առերեսվելու իր պատմության հետ: «Եթե հաջորդ երեք տարվա համար նույն ոճով է գործելու եւ առաջարկում է կոմբինացիա ինչ-որ քայլերից, որը ոչ մի տեղ չի տանում, ապա արդյունքը հայտնի է», ասել է Հայաստանի արտգործնախարարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4