ՎիվաՍել-ՄՏՍ-ն կարեւոր է համարում երիտասարդների գիտակցության բարձրացումը պատասխանատու քաղաքացիներ լինելու հարցում
ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցությունը դրսեւորվում է ոչ միայն նյութական տեսքով, այլեւ երիտասարդության գիտակցությունը բարձրացնելու եւ այդ ներուժը խրախուսելու միջոցով:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հյուրընկալել է Արմավիրի մարզի Դալարիկ եւ Լեռնագոգ գյուղերի պատանիներին: Հիշատակված համայքները «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառուներից են եւ ակտիվ մասնակցություն են դրսեւորում գյուղական համայքների զարգացմանն ուղղված ծրագրերում: 2000թ.-ից Նյու Յորքում ստեղծված եւ արդեն ինը տարի Հայաստանում գործունեություն ծավալող այս հիմնադրամի ավելի քան քսանհինգ հազար ներկայացուցիչներից շուրջ վեց հազարը երեխաներ են:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւորում է երկրի զարգացման հարցում իրենց դերը գիտակցելու, սեփական ուժերով համայնքի առաջնահերթ խնդիրները բացահայտելու պատանիների ջանքերը: Ամառային ճամբարի 30 դպրոցականների հետ Ռալֆ Յիրիկյանի անմիջական զրույցը նրանց քայլերը խրախուսելու եւ ոգեւորելու նպատակ էր հետապնդում:
«Համայնքի զարգացումը սկսվում է ինքնազարգացման ձեր ձգտումից, փոխադարձ հարգանքի վրա ձեւավորված արժեքային համակարգից եւ գոյություն ունեցող խնդիրները լուծելու պատրաստակամությունից: Շարունակեք ձեր միջավայրի խնդիրներն ընկալել այնպես սրտացավ, ինչպես դա անում եք ընտանիքում եւ կունենաք զարգացած համայնք, մարզ ու երկիր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցությունն սկսվել է մեկ տարի առաջ կազմակերպված բարեգործական ընթրիքի շրջանակներում: Հիմնադրամին նվիրաբերված ավելի քան 3,5 մլն. դրամը ներդրվել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի դպրոցի վերանորգմանը: