«Ազգ» օրաթերթը նախորդ հրապարակումներում տեղեկացրել էր, որ հուլիսի 12-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվելու էր «Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու դատավճիռը: Երեկ դատարանի որոշմամբ դատավճիռը մնաց անփոփոխ: Արծրունին կշարունակի մնալ կալանքի տակ, իսկ նրա նկատմամբ կայացրած 1996 թ. դեկտեմբերի 10-ի թիվ 10 դատավճիռը կհամապատասխանեցվի Հայաստանի ներկայիս ՔՕ 222-ի առաջին մասի եւ 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին:
Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունու գնահատմամբՙ դատարանի որոշումը հակասահմանադրական եւ անօրինական է: Նրանք պատրաստվում են դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ, այնուհետեւ Վճռաբեկ դատարաններում: Փաստաբանի մեկնաբանությամբՙ գործ ունենք նույն արարքի, նույն հանցագործության համար երկրորդ անգամ դատապարտելու դեպքի հետ: Փաստաբանը համոզված է, որ դատարանը երկու առանձին հանցագործություններ չի կարող միացնել մեկ հոդվածում եւ պատիժ սահմանել:
Ն. Ռշտունու հաղորդմամբՙ եթե Հայաստանում չկարողանան հասնել որեւէ արդյունքի, ապա կդիմեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես «Ազգն» արդեն տեղեկացրել էր, Արծրունու պաշտպանական կողմի կարծիքովՙ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների հետեւանքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերացնելուց հետո Արծրունու գործողությունները պետք է որակվեն 38-104 հոդվածի առաջին մասով 2 առանձին դրվագներով եւ ցմահ ազատազրկումը փոխվի 12 տարի ազատազրկման, իսկ քանի որ Արծրունին այդքան ժամանակահատված արդեն նստել է, ապա ազատ արձակվի:
Փաստաբանների պալատի 30 փաստաբաններ ստորագրել են հայտարարություն եւ դատապարտում են, որ դատախազությունը պաշտպանական կողմի ճշգրիտ եւ արդարացի դիրքորոշումն անտեսում է, ինչի պատճառով արդեն մեկ տարի Արսեն Արծրունին անազատության մեջ է:
Հ. Հ.