«Ազգի» ընթերցողին արդեն տեղեկացրել էինք, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մեկնել է Ճապոնիա` 40-օրյա համերգային շրջագայության: Հուլիս 11-ին կայացավ փոքրիկ երգիչների առաջին համերգը` Յամագատա քաղաքում:
Սիրով ներկայացնում ենք երգչախմբի սաների առաջին տպավորությունները առաջին համերգից:
Ճապոնիա... Առաջին իսկ պահից, երբ ոտք դրեցինք Ճապոնիա, զգացինք մի մեծ ջերմություն: Սա մի ուրիշ աշխարհ է, ուր տիրում են բարությունն ու անկեղծությունը, հոգատարությունը եւ պատրաստակամությունն` օգնելու մեկը մյուսին: Անչափ հիացած ենք «Մին-Օն» կազմակերպության եւ ընդհանրապես ճապոնացի ժողովրդի ջերմ հյուրընկալությունից: Մի պահ նույնիսկ թվաց, որ նրանց ոգեւորությունն ավելի մեծ է, քան մերը: Զարմացած ենք նաեւ նրանց հայրենասիրությամբ, ինչը մեր կարծիքով այս երկրի զարգացածության, մաքրության եւ բարեկեցության գլխավոր նախապայմաններից է:
Տոկիոն լի է ժամանակակից ճարտարապետական լուծումներով եւ կառույցներով, որոնք հայտնի են աշխարհում: Նրանք իսկապես քաղաքակրթության ամենաբարձր փուլում են, եւ հավատացած ենք, որ նման այցելությունները երեխաներին հնարավորություն են տալիս ավելի լայն ու եռաչափ մտածել:
Մինչ մեր առաջին համերգը շատ էինք անհանգստանում. դժվար էր պատկերացնել զուսպ, սեփական զգացմունքները վարպետորեն կոծկող երաժշտասեր ճապոնացի հանդիսատեսին ոգեշնչված ծափահարելիս: Յամագատան առաջինն էր մեր շրջագայության ընթացքում. առաջին քաղաքը, ուր բոլոր կասկածներս միանգամից չքվեցին: Խոսքեր չենք գտնում արտահայտելու այս քաղաքի ընդունելությունը: Յուրաքանչյուրիս մուտքը փորձադահլիճ նման էր մի մեծ աստղի ընդունելության. կարմիր գորգ, ծափահարություններ, հայկական եւ ճապոնական դրոշներ, հուշանվերներ: Առանձնապես տպավորիչ էր ընդունելության խոսքը. «Անգամ եթե քեզ մոտ ամեն ինչ այնքան լավ չէ, մտածիր ընկերոջդ մասին եւ փորձիր անել ամենը, որ նա երջանիկ լինի»: «Խաղաղություն ողջ աշխարհում», սա էր նրանց նշանաբանն ու վերաբերմունքն աշխարհին: Համերգի առաջին բաժինը հայ հոգեւոր երաշժտության ծաղկաքաղ էր: Ճապոնացիները համակ ուշադրությամբ ունկնդրում էին եւ մի պահ նույնիսկ թվաց, որ չեն հասցնում վայելել մի ստեղծագործությունը, երբ արդեն անցնում էինք մյուսին: Երկրորդ բաժնում ներառված էին ժամանակակից, հանրաճանաչ ստեղծագործություններ. որպես անակնկալ կատարեցինք նաեւ ճապոնական ստեղծագործություններ: «Ֆուրուսատո»-ի առաջին իսկ հնչյուններից դահլիճն արտասվում էր. իրենց տունը կորցրած մարդիկ, ովքեր նոր կյանք սկսելու ուժ են գտել: Երաժշտության երկնային հնչյունները պարուրել էին ամենքին եւ միաձուլվելով ստեղծել վերերկրային մթնոլորտ:
Չգիտենք, թե ինչ նոր բացահայտումներ կանենք այս երկար շրջագայության ընթացքում, բայց մի բան հաստատ է. ճապոնացիներից շատ բան ունենք սովորելու:
ՄԵԼԻՔՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ
ԱՅՎԱԶՅԱՆ ՏԱԹԵՎ
ՎԱՆՅԱՆ ԱՆԻ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ
ՍԱՀԱԿՅԱՆ ԱՆՈՒՇ
ՆԵՐՍԵՍՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ
ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ